Յան Հուս. պայքար և հավատարմություն

Յան Հուս. պայքար և հավատարմությունԱնցել է արդեն 500 տարի այն օրից, ինչ Մարտին Լյութերը Վիտտենբերգյան Մայր տաճարի դռանը փակցրեց իր «95 թեզիսները», որոնցում հանդես էր գալիս կաթոլիկ եկեղեցու կողմից չարաշահումների դեմ՝ ձգտելով վերականգնել առաջին դարի քրիստոնեությունը:

Լատիներենից «բողոքականություն» թարգմանվում է «հանդիսավոր հայտարարություն, հռչակում». բողոքականության առաջացումը կապ ունի Ռեֆորմացիայի հետ, որն առաջացավ Եվրոպայում 16-րդ դարում: Բողոքականության իդեալը առաքելական քրիստոնեությունն է:

Այս կրոնական հեղափոխության առաջնորդը եղավ Մարտին Լյութերը, ով վերապրելով Աստծո մեծ սերը, ներումն ու ողորմությունը՝ ցանկացավ հասարակ ժողովրդին Բարի Լուրը հասցնել իրենց իսկ մայրենի լեզվով՝ հռչակելով. «Արդարը հավատքից կապրի» (Եբրայեցիս 10.38):

Կան մարդիկ, ովքեր իրենց գաղափարներով, կյանքով ու պայքարով կանգնած են բողոքականության ակունքներում. այդ մարդկանցից մեկը Յան Հուսն է, ով մինչև մահ գնաց՝ պայքարելով Աստծո ճշմարիտ Խոսքի համար և ճշմարտությունը վեր դասելով սեփական անվտանգությունից ու կյանքից:

Պապերի դեմ հակառակությունը սկիզբ է առել դեռևս 15-րդ դարում: Այդ ժամանակ ժողովրդի դժգոհությունը արտահայտողը և նրա շահերը սատարողը եղավ Ջոն Վիկլիֆը՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը:

Վիկլիֆի գաղափարները հասան Չեխիա և հիմք դարձան հաջորդների համար:

Յան Հուսը՝ Բեթղեհեմյան մատուռի հովիվը, ով ուսում էր ստանում Պրահայի համալսարանում և մոտավորապես 1409 թ-ին դառնում է համալսարանի ռեկտորը, ծանոթանում է Վիկլիֆի աշխատանքներին և ընդունում նրա գաղափարները: Հուսի քարոզները համընկնում են չեխական ազգային գիտակցման բարձրացման հետ, ով հանդես էր գալիս ընդդեմ Չեխիայում Հռոմեական կայսրության իշխանությանը:

Յան Հուսի պատմությունը սկսվում է 1372թ-ից՝ Գուսինեց ավանի աղքատիկ մի ընտանիքից: Ապագա ռեֆորմատորի անձի կայացման մեջ մեծ դերակատարություն է ունենում նրա մայրը, երբ վերջինիս 13 տարեկանում ուսման է տանում: Հետագայում 1386թ-ին Յան Հուսը մեկնում է Պրահա և 1390-ին դառնում համալսարանի ուսանողներից մեկը:

Լեգենդներ են հյուսվել, որոնցում Յան Հուսը պատկերանում է՝ որպես մտացածին, միֆական կերպար: Իրականում նա մի սովորական տղա էր, ով փոքր տարիքում չարաճճիություն էր անում, ինչպես և մյուս երեխաները, իսկ ուսանող լինելու տարիներին երգում էր եկեղեցական երգչախմբում:

Ուսումնառության տարիներին Յան Հուսը տարվում է Ջոն Վիկլիֆի գաղափարներով, ով իր ժամանակին առաջինն էր, որ մերկացրեց պապական իշխանության սուտը: Իր երեկոները նա անցկացնում էր՝ այդ նոր գաղափարները ուսանողների հետ ուրախությամբ քննարկելով, մոմի լույսի ներքո նստելով մինչ լուսաբաց:

Շուտով Հուսն ինքն էր արդեն ամեն օր դասախոսություններ կարդում ուսանողների համար և մոտենում էր այդ գործին ընկերական սիրով և խրատող սրտով:

1402թ-ին սկսվում է Յան Հուսի կյանքի կարևորագույն շրջանը՝ նա դառնում է Բեթղեհեմյան եկեղեցու հովիվը: Նրա պատասխանատու վերաբերմունքն ու ցանկությունը՝ ժողովրդին ճշմարտությունը հասցնելու, արտացոլված էին ամեն ինչում. նա աշխատանքը համատեղում էր դասավանդման հետ և առաջանում իր աշխատություններում:

Հուսը հասկանում էր, որ ժողովուրդը կարիք ունի ճշմարտությունը լսելու և լսելու այդ ճշմարտությունը իր մայրենի՝ չեխական լեզվով: Յան Հուսը խելամիտ էր և գիտեր՝ ինչպես հասնել մինչև մարդկային հոգու խորքը: Նա իր քարոզներում կիրառում էր եկեղեցիների վրա պատկերված նկարները՝ տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար: Իր տաճարում պատերի վրա պատկերված էր պապական հագուստի շքեղությունը և դրան հակակշիռ հանդիսացող Քրիստոսի համեստ կեցվածքը:

Նրա պատգամը հետևյալն էր. մարդու մեծագույն ձեռքբերումը և պահանջը Աստծո հանդեպ բացարձակ սերն է: Որպես մարդկանց հանդեպ սիրո ապացույց՝ Հուսը կառուցում էր տներ աղքատ ընտանիքների և ուսանողների համար: Իր անկեղծության, Աստծուն ու մարդկանց նվիրվածության շնորհիվ Հուսը իր քարոզներում մեծ հաջողություն ուներ. դրանք հասանելի էին ժողովրդին:

Յան Հուսի պայքարը

Հուսի հիմնական տեսիլքը ճշմարտության պահպանումն էր և Աստծո Խոսքի հեղինակությունը ամենից բարձր դասելը, ինչպես նաև հոգևորականության չափից դուրս ճոխությանը դեմ դուրս գալը, քանզի վերջինս գումար էր վաստակում ինդուլգենցիաներով և այլ անազնիվ ճանապարհներով:

Նա անդրդվելիորեն, երբեմն էլ կտրուկ կերպով խոսում էր կաթոլիկ եկեղեցու ավանդույթների դեմ: Հուսը շեշտադրում էր անում ներաշխարհի վրա և եկեղեցու ճշմարիտ նախատիպ համարում առաջին դարի եկեղեցին:

Նա Սուրբ Գրքի հեղինակությունը պապի հեղինակությունից վեր էր դասում: Յան Հուսի իդեալը վաղ քրիստոնեական եկեղեցին էր: Հավատքի աղբյուր Հուսը ընդունում էր միայն Սուրբ Գիրքը:

Այս տեսանկյունը մերկացնում էր այն ժամանակների եկեղեցու մոլորությունները և հասարակ ժողովրդին բացահայտում հույսի և ճշմարտության տեսիլքը: Նա հոգատար կերպով և սիրով եկեղեցու անդամներին բերում էր անկեղծ խորը ապաշխարության՝ անկախ նրանից՝ մոտակայքում կա՞ր քահանա, թե՞ ոչ, և սովորեցնում էր հնազանդվել հոգևորականությանը՝ չնայելով պաշտոնին, այլ միայն նայելով բարոյականությանը: Յան Հուսը ձգտում էր մարդկանց հնարավորություն տալ՝ Աստվածաշունչը մայրենի լեզվով ընթերցելու:

Կաթոլիկ եկեղեցին չէր կարող հաշտվել կատարվող զարգացումների հետ, այդ պատճառով լրտեսներ էր ուղարկում՝ Հուսի մասին տեղեկատվություններ հավաքելու, իսկ Հուսը միշտ ճանաչում էր նրանց և ծաղրում բոլորի առջև: Հուսը շուտով հեռացվում է եկեղեցուց:

Հետագայում Վացլավ թագավորը՝ հասկանալով, որ Հուսի պատճառով կորցնում է իր եկամուտի աղբյուրը, դուրս է գալիս նրա դեմ: Հուսը ստիպված է լինում թաքնվել: 1412թ-ին նա ապրում էր Պրահայի մոտակայքում, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ: Այդ ընթացքում նա շարունակում էր գրել. գրում էր նամակներ իր հետևորդներին: Նրա աշխատանքներից մեկը կոչվում է «Եկեղեցու մասին»:

Երկու թագավոր եղբայրներ Սիգիզմունդն ու Վացլավը դավադրության ծրագիր են կազմակերպում ռեֆորմատորի դեմ. 1414թ-ին Յան Հուսը հրավիրվում է հերթական համագումարին: Հուսի ընկերները համոզում էին նրան չգնալ, բայց ստանալով երաշխիք կառավարիչների կողմից՝ նա մեկնում է իր հավատքի ճշմարտացիությունը պաշտպանելու:

Մարդկանց ամբոխը ուրախությամբ է ընդունում Հուսին, ամեն բան սկզբում լավ է ընթանում: Բայց ավելի ուշ Հուսը ձերբակալվում է և բանտ նետվում: Այստեղ նա ծանր հիվանդություն է տանում՝ հասնելով անգամ մահվան շեմին:

Հուսի դիրքորոշումը այսպիսին էր. եթե մեկը Աստծո Խոսքի մեջ գտնի ճշմարտություն և այդ իսկ խոսքով հաստատի իր հայացքների ստությունը, ապա ինքը՝ Հուսը, կընդունի, որ իր աշխատանքները սխալ են, իսկ այդպիսի ապացույցներ, բնականաբար, չեն հայտնվում:

Նրա գործի առիթով դատը ամիսներ է տևում: Հոգևորականությունը ստիպում է նրան հրաժարվել իր ուսմունքներից, բայց ամեն նման առաջարկի Հուսը պատասխանում է՝ իր ուսմունքներում առկա Աստվածաշնչի ճշմարտության մասին խոսելով:

ՆերումVaclav_Brozik

Կյանքի վերջին օրերին Հուսը ներում է. ներում է  իր նախկին մտերիմ ընկերոջը, ով մատնել էր իրեն թագավորի առջև: Արքա Սիգիզմունդին նա նույնպես ներում է. նախկինում վերջինս ընդունում էր Հուսին, և Հուսը իր ներմամբ հասնում է նաև նրա սրտին:

Վերջին դատին՝ 1415թ-ի հուլիսի 6-ին, իր դեմ ներկայացված մեղադրանքները լսելով՝ Հուսն ասում է. «Տե՛ր իմ, Հիսո՛ւս Քրիստոս, խնդրում եմ քեզ, որ Դու ներես իմ բոլոր թշնամիներին՝ հանուն Քո մեծ ողորմության»:

Իր վերջին օրը, գնալով դեպի իր մահապատժի վայրը, Հուսը ծնկի է իջնում և ասում. «Տերն է վկա, որ իմ քարոզի գլխավոր նպատակը, ինչպես նաև գործողությունների ու աշխատանքների նպատակը եղել է մարդկանց մեղքից դարձի բերելը: Եվ այն ավետարանական ճշմարտության լուսի ներքո, որ ես սովորեցնում էի և որը քարոզում էի՝ համապատասխան սուրբ ուսուցիչների վարդապետությանն ու մեկնությանը, ես ուրախությամբ այսօր իմ մահը կընդունեմ»:

Յան Հուսին այրում են. նրա շուրթերից լսվում էին աղոթքի վերջին խոսքերը, իսկ Աստված ընդունում էր նրա հոգին. մեկի, ով չամաչեց Նրանից՝ գնալով մինչ մահ:

Ցիտատներ Յան Հուսից

 «Ճշմարտությունը հաղթում է ամեն բան»:

«Հավատարի՛մ քրիստոնյա, որոնի՛ր ճշմարտությունը, լսի՛ր ճշմարտությունը, ուսումնասիրի՛ր ճշմարտությունը, խոսի՛ր ճշմարտությունը, պահի՛ր ու պաշտպանի՛ր ճշմարտությունը անգամ մահվան վտանգի առջև, քանզի ճշմարտությունը կազատի քեզ մեղքից, սատանայից, հոգևոր մահից և, վերջիվերջո, հավիտենական մահից»:

«Ամեն քրիստոնյա պետք է փնտրի ճշմարտությունը՝ անգամ իր բարեկեցությունը, հանգստությունն ու կյանքը վտանգի տակ դնելով»:

«Ոչ թե «իմ հանապազօրյա հացը», այլ՝ «մեր հանապազօրյա հացը»՝ ասվում է Սուրբ Գրքում. սա նշանակում է, որ արդար չէ, երբ մեկը ապրի առատության մեջ, իսկ մյուսները սովից տառապեն»:

Աղբյուր՝ obodrenie.info