Լռությունը վերջը չէ, այլ միայն սկիզբը

Լռությունը վերջը չէ, այլ միայն սկիզբը: Երբ քո կյանքում կանգառ է լինում, հիշի՛ր, որ լռության դռների հետևում անպայման պատրաստություն է գնում քո կյանքի հաջորդ տեսարանի համար:

Ճգնաժամը գալիս է այն ժամանակ, երբ արդեն ժամանակն է թերթել էջը և թույլ տալ սեփական անձիդ սկսել նոր էջից՝ պահպանելով հինը պատմության համար: Դա չի նշանակում պարզապես թողնել այն, ինչ անում ես, այլ քննել, արժևորել ամեն բան, որպեսզի ընտրես լավագույնը և հրաժեշտ տաս նրան, ինչն ուժերդ քամում է:

Նորը երբեք գեղեցիկ փաթեթավորմամբ չի գալիս: Միայն երազանքներն են գեղեցիկ ու ներշնչող: Բայց հենց դու սկսում ես մոտենալ նրանց, հասկանում ես, որ «հրաշքը ծնվում է գոմում, ոչ թե դղյակում», կաթով ու մեղրով խոստմունքի երկիրը լավն է որոշակի տարածությունից, իսկ կյանքում լինում են կովեր, որոնք բառաչում են, և մեղուներ, որոնք կծում են: Այնուամենայնիվ, կաթն ու մեղրն են քո ժառանգությունը, եթե պատրաստ ես լինել հավատարիմ հավատքի և սիրո մեջ:

Հիասթափությունը գալիս է արևածագից առաջ՝ խլելով հույսը և հավատալու ուժը: Բայց եթե ընտրես երկայնամտությունը և ջանքը, կհնձես պարտության հանդեպ ունեցած հաղթանակի մեծ ուրախությունը:

Հաճախ մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչպես թույլ տվեցինք այս կամ այն իրավիճակը, բայց ժամանակի հետ նորից գիտակցում ենք, որ գլխավոր Ռեժիսորն ամեն բան նկատի է ունեցել ու նախասահմանել է, և Նրա սցենարը գրված է Երկնային «Հոլիվուդի» լավագույն ավանդույթներով, որպեսզի նորից ու նորից քո միջոցով հայտնի Իր հաղթական էությունը:

Իրավիճակներն ու իրադարձությունները հաճախ տրվում են ոչ քեզ համար, այլ նրանց, ովքեր քո շուրջն են, որպեսզի դու կարողանաս գիտակցել, թե որոնք են քո ընկերների ուժեղ կողմերը և որոնք են նրանց թուլությունները: Չարժե սպասել, թե նա, ում առջև դու քո հոգին ես բացել, պարտավոր է սիրել քեզ ու հավատարիմ լինել քեզ ամեն ինչում: Դիրքը, փողերը, ժամանակը, փորձը, տարաձայնություններն ու համաձայնությունները փորձում են մեզ, և ամենամեծ ձեռքբերումն այն է, որ այդ ամենով անցնելով՝ դուք կարող եք ասել մեկ մեկու. սիրում եմ ու շնորհակալ եմ:

Երբ սիրտդ նորից վառվում է մտքերով, մի՛ փնտրիր օգնություն կողքից. այն կարող է գալ սառեցնող ջրի հորդման տեսքով և հանգցնել քո եռանդը: Բայց եթե քո կրակը Հոգու շնչով վառ մնա՝ թեկուզ շատ թույլ, ապա ամենածանր մարումի դեպքում էլ դու նորից կառկայծես ուժով:

Սվետլանա Սպիվակովա