Ինչպես օգնել վերականգնվել եկեղեցուց հեռացածներին

Եկեղեցական համայնքը օրհնություն է մարդու կյանքում: Սակայն երբեմն-երբեմն այն կարող է ոչ միայն օրհնություն լինել, այլև դառնալ մի շարք խնդիրների պատճառ:

Այո՛, եկեղեցին Քրիստոսի հիասքանչ ու անարատ հարսն է, ում դժոխքի դռները հաղթել չեն կարող: Բայց հարսն այդ բաղկացած է բազում անկատար մարդկանցից, ովքեր կատարելագործման ճանապարհին են և ովքեր կարող են թե՛ վիրավորել, թե՛ վիրավորվել:

Աստված բոլորին կանչել է՝ եկեղեցական համայնքի մասնիկը լինելու: Մենք կանչված չենք լինելու՝ պարզապես ինչպես մի կազմակերպության անդամներ, այլ լինելու հավատացյալների հետ շփման մեջ: Մենք ստեղծված ենք՝ կառուցելու փոխհարաբերություններ սուրբերի հետ և շինություն տալու իրար:

Բայց երբեմն եկեղեցում խնդիրներ են լինում: Օրինակ, եկեղեցու անդամները համատեղ բիզնես են ձեռնարկում, և նրանց մոտ չի ստացվում այն, ինչ իրենք ուզում էին: Կամ էլ եկեղեցում բամբասանքներ են պտտվում, կամ վեճեր որևէ ծառայության մեջ: Եկեղեցում հնարավոր է լինեն մի շարք տարատեսակ խնդիրներ: Եվ դրանք բոլորը կարող են շատ ցավ պատճառել մարդկանց: Եկեղեցին, որը պետք է դառնա վստահության և անվտանգության վայր, կարող է նաև դառնալ տառապանքի վայր:

Անգամ վաղ եկեղեցին բախվում էր խնդիրների: Պողոս առաքյալն իր ուղերձներում բազում հրահանգներ է տալիս այն մասին, թե ինչպես պարզաբանումներ անել հավատացյալների հետ, ովքեր իրարից հաշիվ են պահանջում, բամբասում են կամ դատապարտում: Չնայած եկեղեցին կարող է անկատար լինել, Աստված, միևնույնն է, կանչում է մեզ վերականգնելու փոխհարաբերությունները, լինելու Քրիստոսի Մարմնի անդամների միջև հաշտություն բերողներ, այդ պատճառով էլ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի գա ներում և բժշկություն:

Գաղատացիս 6.2-ում Պողոս առաքյալը կոչ է անում հավատացյալներին. «Իրար բեռը վեր առեք և այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք»: Սա իրականում եկեղեցուց հեռացած մարդկանց համար վերականգնման բանաձև է: Միակ ճշմարիտ միջոցը սերն է:

Մարդը կարող է թողնել եկեղեցին՝ փորձելով այլ վայր գտնել, որտեղ իր վերքը, որը ստացել է եկեղեցում, բուժվի սիրով: Բայց երբ առանց ներում գտնելու կամ հաշտության, իր ներսի խնդիրները չլուծած մարդը հեռանում է եկեղեցուց՝ որոշելով, թե այլ վայրում խաղաղություն կգտնի, հաճախ այդ վերքերը լցվում են դառնությամբ, անբարո փոխհարաբերություններով, արատներով:

Տառապող մարդու ցավը կարող է բժշկված լինել միայն սիրով և Քրիստոսի կողմից ընդունելությամբ: Մարդիկ կարող են զգալ իրենց այնպես, ասես Աստված է իրենց անարգել, այն պատճառով, որ եկեղեցական համայնքն է իրականում այդպես վարվել: Բայց եկեղեցին Աստված չէ: Մարդը Քրիստոսի սերը վերապրում է Աստծո հետ շփման, աղոթքի, երկրպագության մեջ: Մենք պետք է դառնանք Աստծո սերը փոխանցող «ալիք» կոտրվածների և տառապյալների համար, և դա կփոխի նրանց կյանքերը:

Մեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու նրբազգացությունն ու սերը, որ դրսևորվում է մեր միջով: Մենք չենք վերականգնում մարդկանց՝  նրանց դեպի հետ՝ եկեղեցի վերադարձնելով: Մենք վերականգնում ենք մարդկանց՝ թույլ տալով նրանց տեսնել, որ սիրող Աստված Իր ձեռքը մեկնում է տառապյալներին և կոտրվածներին: Ավետարանի ուղերձը միշտ խոսում է գթած Աստծո մասին: Իսկ քրիստոնյաները՝ Քրիստոսի Մարմինը, կանչված են դրսևորելու ոչ ավելի, ոչ պակաս՝ այդ ուղերձը նրանց համար, ովքեր եկեղեցում չեն:

Պատրիկ Մաբիլոգ