Դուք չեք սասանվի. Դեյվիդ Ուիլքերսոն

Վերջին օրերին ամենուր մենք կտեսնենք Աստծո փառքը: Հիսուս Քրիստոսի եկեղեցին դուրս կգա նախկին բոլոր սահմանափակումներից՝ տարածելով Բարի Լուրը:

Եկեղեցին ուժ կհավաքի և շատ մարդկանց կբերի Քրիստոսին. «Լայնացրու քո վրանի տեղը, և թող քո բնակարանի վարագույրները տարածվեն. մի խնայիր, երկարացրու չվաններդ, և ցիցերդ պնդացրու։ Որովհետև դու պիտի աջ ու ձախ տարածվես, և քո սերունդը պիտի ժառանգի ազգերին, և ավերակացած քաղաքները շենացնելու են» (Եսայի 54.2-3):

Եթե Եսայիի մարգարեությանը ուշադիր նայենք, կտեսնենք, որ այստեղ նկատի է առնված ոչ միայն եկեղեցական մարմինը, այլև առանձին դեմքեր: Ես գիտեմ բարեպաշտ ծառայողների, ովքեր կպել են այս մարգարեությանը՝ որպես Սուրբ Հոգուց Խոսք հատուկ իրենց համար: Նրանք ամրացրել են իրենց հավատքը այս խոսքի միջոցով. «Մի վախեցիր, որովհետև պիտի չամաչես, և մի պատկառիր, որովհետև պիտի չնախատվես, որովհետև քո մանկության ամոթը պիտի մոռանաս, և քո որբևայրության նախատինքը այլևս պիտի չհիշես» (Եսայի 54.4): Եսային այս խոսքում հստակ ասում է. Աստծո եկեղեցին ամոթով չի մնա:

Սակայն մի քանի խոսք ներքև մենք կարդում ենք զգուշացում վերջին օրերի եկեղեցու համար. «Ով ողորմելի ալեկոծյալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ և քեզ պիտի հիմնեմ շափյուղաներով» (Եսայի 54.11): Մեզ ասում են, որ մենք կտառապենք, կալեկոծվենք: Այդուհանդերձ, մեզ նույնպես խոստացված է հիմք՝ շափյուղայով կազմված. ի՞նչ է սա նշանակում:

Երբ Աստված ասում է. «Քեզ պիտի հիմնեմ շափյուղաներով», Նա խոսում է Իր ուղերձի մասին. «Երբ ամեն բան աշխարհում կսասանվի, դուք ամուր կանգնած կլինեք: Հիմքը, որ Ես կդնեմ ձեր ոտքերի տակ, կլինի այնպես ամուր, ինչպես այդ քարերը: Այն, ինչ Ես անում եմ ձեր մեջ, չի կարող ենթարկվել սասանման»:

Այդ շափյուղաները հոգևոր գիտություն և իմաստություն են նշանակում, որոնք ունակ են ներթափանցել Իր՝ Աստծո սրտի մեջ: Մենք գիտենք, որ նրանք, ովքեր վերապրել ու դիմացել են տառապանքներին, այժմ զինված են Աստծո ողորմության ավելի խորը հասկացողությամբ: Հնարավոր է՝ դուք փոթորկից քշված եք, տառապում եք, կամ միայնակ եք ձեզ զգում. բայց այդ ամենի միջոցով Աստված ձեր ներսում և ձեր ոտքերի տակ ձևավորում է անսասան հիմք, որպեսզի դուք կարողանք մխիթարել ուրիշներին իրենց փորձությունների մեջ: