Երբեք մի տուր հարցեր, որոնք «նվաստացնում են» Աստծուն

Մենք բավականին հաճախ ենք նման հարցեր տալիս՝ կասկածելով, թե արդյոք Աստված կարո՞ղ է խառնվել իրադարձությունների ընթացքին, ազատել մեզ մեծ չարիքից, հրաշք կատարել:

Աստծո կարողության վրա կասկածելը վտանգավոր է: Իսկ դրանից ավելի վտանգավոր է նման հարցեր տալը:

Դ Թագավորաց գրքում (18.33-35) նման հարց է տալիս Ասորեստանի թագավորի դեսպանը. «Ո՞րն է այդ երկրների բոլոր աստվածներիցը, որ ազատած լինի իրենց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ ազատեր Երուսաղեմը իմ ձեռքից»:

Եվ հարցը ուղղում է այնպես, որ այն լսելի լինի ոչ միայն Եզեկիա թագավորի վստահելի անձանց, այլև ողջ ժողովրդին, որ հավաքվել էր շրջափակված Երուսաղեմի պարիսպների շուրջ:

Այս հարցը նվաստացում էր թագավորի և ողջ ժողովրդի համար:

Այս հարցը անարգանք էր՝ ուղղված Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն:

Եվ այս հարցը կարևոր դեր ունեցավ Եզեկիա թագավորի համար: Չէ՞ որ նախքան դա թագավորը վերացրել էր բոլոր կուռքերին և հիմա կարող էր ապավինել միմիայն Իսյարելի Աստծո օգնությանը:

Կենդանի՞ է արդյոք Աստված, Ով Իր ժողովրդին ազատեց Եգիպտոսից և շնորհեց Ավետյաց երկիրը: Կենդանի՞ է դեռևս Աստված, Ով օգնում է Դավթին:

Կպատասխանի՞ Նա արդյոք այս բոլոր նահանջներից ու մեղքերից հետո:

Եզեկիան վերցնում է Ասորեստանի թագավորի նամակը և գնում Աստծո տուն:

Աստծո երեսի առջև Նա բացում է այդ անարգանքի ուղերձը և սկսում աղոթել.

«Բայց արդ, ով Տեր մեր Աստված, մեզ ազատիր նրա ձեռքիցը, որ երկրի ամեն թագավորություններն իմանան, որ դու Եհովադ ես միայն Աստված» (19.19):

Նա խնդրում է ոչ թե իր անձի համար, այլ հանուն հաղթանակի՝ Աստծո փառքի համար:

Եզեկիան ամեն բան Աստծուն է տալիս. և՛ Ասորեստանի թագավորի ուղերձը, և՛ իր կյանքը, և՛ ժողովրդի ապագան, և՛ Աստծո փառքը: Հիմա ամեն բան միմիայն Աստծուց էր կախված:

Եվ Աստված պատասխանում է. «Ես կպաշտպանեմ այդ քաղաքը, որ ազատեմ՝ Ինձ համար և իմ ծառա Դավթի համար»:

Ասորեստանցիների հայհոյանքը՝ ուղղված Աստծուն, շուռ է գալիս՝ ի փրկություն Իսրայելին: Թշնամիների ամբարշտությունը իրենց իսկ կործանման պատճառն է դառնում:

Աստված չէր կարող չխառնվել Իր անվան պատճառով: Բայց հետաքրքիրն այն է, որ Իր անվան կողքին Նա դնում է Դավթի անունը: Դրանով իսկ Նա հիշեցնում է Դավթի հետ ունեցած ուխտի՝ հավիտենական ուխտի մասին: Աստված փրկում և ողորմում է. ոչ թե մեր արժանիքների համար, այլ հանուն Իր և Իր հավատարիմների:

Ոչ մի մարդ, ով խոժոռվելով ասում է «մի՞թե Աստված կփրկի»՝ անպատիժ չի մնա: Երբեք մի ասա այդպես:

Ասորեստանի թագավորի բանակը զարկվում է հրեշտակի կողմից: 185 հազար զինվոր ընկնում է: Իսկ թագավորը սպանվում է իր իսկ որդիների ձեռքով Նեսրաք կուռքի տաճարում:

Միխայիլ Չերենկոֆ