Աստված ուներ մեկ որդի և Նրան միսիոներ դարձրեց. Դեյվիդ Լիվինգսթոն

Աստված ուներ մեկ որդի և Նրան միսիոներ դարձրեց. Դեյվիդ ԼիվինգսթոնՄի անգամ Թեմզայի գետեզրից դուրս եկավ մի աննշան նավ՝ նման շատ այլ նավերի, որոնք ամեն տարի գալիս էին Լոնդոն ու հեռանում: Այդ նավի վրա ուղևորվում էր մի երիտասարդ:

Նավը հասավ մինչև Աֆրիկայի ափերը, երիտասարդն ափ դուրս եկավ ու անցավ անտառների խորքը, մտավ վերջ չունեցող անապատների մեջ, անհետացավ վայրի ցեղերի շրջանում, որոնց անուններն անգամ մարդկությանը հայտնի չէին այն ժամանակ: Այդ օրվանից այլևս ոչ ոք չլսեց այդ երիտասարդի մասին:

Ժամանակն անցնում էր: Եվրոպան զբաղված էր քաղաքական, կրոնական, քաղաքացիական ու ռազմական հարցեր լուծելով: Թեմզայով շարունակում էին անցնել տարբեր նավեր, աշխատավոր ժողովուրդն այս ու այն կողմ էր վազում, և կարո՞ղ էր արդյոք մեկի մտքով անցնել՝ հիշել մի երիտասարդի, ով 18 տարի առաջ հեռացել էր այդտեղից դեպի Աֆրիկայի հեռավոր ափեր:

Եվ հանկարծ հանրության մեջ սկսում է հնչել մի երիտասարդ բժշկի անուն՝ Դեյվիդ Լիվինգսթոն, մի անվախ ճանապարհորդի, ով խիզախորեն ստանձնել էր միսիոների գործը: Մի քանի օրվա ընթացքում ողջ Եվրոպայի գիտնականներն ու ժողովուրդն իմացան Աֆրիկայում նրա կատարած բացահայտումների մասին:

Մինչ Լիվինգսթոնի բացահայտումները՝ ողջ հարավային Աֆրիկան թվում էր մի անկենդան անապատ:

Լիվինգսթոնի խնդիրն էր՝ անցնել Աֆրիկայի խորքերն ու տանել այնտեղ Ավետարանը՝ ճանապարհ բացելու լուսավորության ու կրթության համար, վերջ դնելու ստրկավաճառությանը: Եվ նա հաղթական կերպով կատարեց իր առջև դրված խնդիրը: Ճանապարհը բացված էր, և Աֆրիկան այժմ բաց էր առևտրի ու քաղաքակրթության համար:

Դեյվիդ Լիվինգսթոնը ծնվել է այսօր՝ մարտի 19-ին, 1813թ-ին:

Լիվինգսթոնը նվիրեց իր կյանքը մարդկությանը և իր ծառայության համար ամենաճիշտ ճանապարհն ընտրեց. նա որոշեց դառնալ բժիշկ ու միսիոներ և ջանքեր չխնայեց իր նպատակին հասնելու համար՝ «Ես որոշում եմ կայացրել երբեք կանգ չառնել ու գնալ մինչև վերջ»:

Նրա կատարած բացահայտումներից է նաև Զամբեզի գետի ջրվեժը, որը նա 1855թ-ին կոչել է Վիկտորիա թագուհու անունով:

Իր տարիների փորձը նա փոխանցել է այս խոսքերով.

«Տե՛ր, որտեղ ուզում ես, ուղարկիր ինձ, միայն թե ինձ հետ եկ: Դիր իմ ուսերին ամեն տեսակ բեռ, միայն թե նեցուկ եղիր ինձ: Եվ կոտրիր ամեն կապանքներ իմ սրտում, բացի մեկից, որն ինձ կապում է Քո սրտին»:

«Ես չեմ ուզում գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր կգան ինձ հետ միայն այն դեպքում, երբ ճանապարհը հեշտ է: Ինձ անհրաժեշտ են նրանք, ովքեր կգան, երբ չի լինի ոչ մի ճանապարհ»:

«Կա մի ապահով ու երջանիկ վայր, և այդ վայրը Աստծո կամքն է»:

«Աստված ուներ մեկ որդի, և Նա դարձրեց Նրան միսիոներ»:

Աղբյուրը՝ vokrugsveta.ru