Ամենահզոր զենքը բարիք գործելն է

Ամենահզոր զենքը բարիք գործելն էԱշխարհի ամենահզոր զենքը բարիք գործելն է, այն ավելի հզոր է, քան ատոմային ռումբը, և անխնա ավիրում է չարի կառուցած բոլոր պատնեշներն ու ամրոցները ՝ թշնամանքն ու ատելությունը , սովն ու աղքատությունը, ինքնասպանության հասցնող հուսահատությունն ու վախը:

Բարիք, որի դրդապատճառը ոչ թե սեփական անձը փառավորելն է, հասարակական վարկանիշը բարձրացնելը, կամ դիմացինի բարեհաճությունը վաստակելը, այլ ուղղակի սերն ու կարեկցանքը՝ առանց նախապայմանների, առանց դիմացինից փոխադարձն ակնկալելու, նրա առաքինությունները կշռելու կամ արատների համար կշտամբելու:

Սեր, որի միակ սկզբունքն է. «Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես որ կցանկանայիր քեզ հետ վարվեն» կարգախոսը: Սեր, որը հույս է ներշնչում և կյանքին իմաստ տալիս: Սեր, որի շնորհիվ դեռ կանգուն է այս խելահեղ աշխարհը:

Որքա՜ն ենք լսել, որ ինչ որ պատահական անցորդի մեկ սրտացավ արձագանքը հետ է պահել մեկին ինքնասպան լինելուց, իսկ մյուսին ՝ ճակատագրական սխալ գործելուց…

Այո՛, բոլորս էլ ունենք այդ հզոր զենքը և կարող ենք պատերազմել անտարբերության հողի վրա աճող չարիքի դեմ. հենց մեր շրջապատում: Հարցն այն է, թէ ինչո՞ւ այդպես չենք վարվում, ինչո՞ւ ենք աշխարհում տիրող չարիքի մասին լրահոսը հերթական անգամ լսելուց հետո բավարարվում միայն անհուսորեն գլուխներս թափ տալով: Ինչու՞ ենք կարծում, որ բարեգործ կարող են լինել միայն հաջողակ գործարարները, իսկ ինչ որ բան փոխել՝ միայն այս աշխարհի հզորները:

Գուցե ես շարքային քաղաքացի եմ, ֆինանսական վիճակս էլ, մեղմ ասած, բարվոք չէ, բայց չէ՞ որ իմ ժպիտն ու լավ տրամադրությունը ոչ ոք չի կարող խլել, չէ՞ որ կարող եմ չկոպտել մարդկանց, երբ դրա առիթը կա, կարող եմ ներողամիտ և զիջող լինել, հույս ներշնչել քաջալերանքով, մտերմիկ ու քաղցր խոսքերով, և եթե ավելի անկեղծ լինեմ՝ կարող եմ նույնիսկ մեկ կամ երկու սոված անտունի երբեմն հաց նվիրել…

Մի՛ թաքցրեք ձեր զենքերը, դրա կարիքը շատերն ունեն։

Լևոն Մարգարյան