Ի՞նչ տեղի ունեցավ Ամանդայի կյանքում 1856թ-ի այս օրը

Ի՞նչ տեղի ունեցավ Ամանդայի կյանքում 1856թ-ի այս օրը«Ես ևս մեկ անգամ կաղոթեմ, – ինքն իր մտքում ասում է Ամանդան, – եթե կա այդպիսի բան, ինչպիսին փրկությունն է, ես ցանկանում եմ ձեռք բերել դա այսօր կամ մահանալ»… Այս ամենը տեղի է ունենում այս օրը՝ 1856թ-ի մարտի 17-ին: Ավարտելով տնային գործերը՝ այս կինը որոշում է ևս մեկ անգամ աղոթել, ուստի իջնում է նկուղ:

Նա բավական երկար ժամանակ էր, ինչ աղոթում էր այս խնդրի շուրջ, սակայն արդյունքներ դեռևս չկային:

Կար ժամանակ, երբ նա կարծում էր, որ այսինչ եկեղեցու զոհասեղանին մոտենալով՝ Աստծո խաղաղությունը կգտնի իր սրտում. այս տարբերակն էլ չէր օգնում:

Ամանդան լիովին պատրաստ էր հանձնվել և դադարեցնել Աստծո որոնման իր ջանքերը, սակայն մի ներքին ձայն շարունակ ասում էր. «կրկին աղոթի՛ր»… Եվ այսպես շարունակ, մինչև նա հայտնվում է նկուղում: Կրկին, թվում է, նրա աղոթքներն ապարդյուն էին: Կարծես խավարն էր լցրել նրա ողջ միտքը…

Հանկարծ, այդ հուսահատության մեջ, նա ասում է. «Օ՜ Տե՛ր, եթե Դու ինձ օգնես, ես կհավատամ Քեզ»: Հենց այս խոսքերը շուրթերին՝ ամեն բան կտրուկ փոխվում է. «Օ՜, այդ խաղաղությունն ու ուրախությունը վերջապես լցրեցին իմ հոգին», – գրում է նա: Այդուհետև Ամանդան միայն երկու հավակնություն ուներ՝ առավել ճանաչել Աստծուն և պատմել մյուսներին Նրա մասին:

Ծնված լինելով Մերիլենդում որպես ստրուկ, Ամանդա Բերրին 3 տարեկանում ազատվում է ֆիզիկական ստրկությունից: Վերը նկարագրվածում, սակայն, տեսնում ենք, որ այս կինը խորապես տառապում էր հոգևոր ստրկությունից: Այսուհանդերձ, նա չէր կորցնում իր հույսը և արդյունքում սովորում է հնազանդվել Աստծուն:

Ավելի ուշ Ամանդան դառնում է բավական հաջողակ ավետարանչուհի և քրիստոնյա երգչուհի: Նա սովորում է, թե ինչպես հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը, ի վերջո հենց Աստծո Սուրբ Հոգու օգնությամբ, իմաստությամբ և զորությամբ է նա հնարավորություն ձեռք բերում որբանոց բացելու, ծառայելու որպես միսիոներ և գրելու մի հետաքրքրաշարժ ինքնակենսագրական, որը ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասնակից սևամորթ կանանց ուշադրությունն է գրավում:

Զարմանալի կերպով Ամանդայի բոլոր երեխաները վաղաժամ են մահանում, սակայն դրանով հանդերձ նա չի դադարում կրկնել. «Քո կամքը լինի, ո՛վ Տեր, ոչ թե իմը»…

Աղբյուր՝ christianity.com