Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում

Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում«Աստված երբեք չի սպառնում, սատանան երբեք չի զգուշացնում»,- ասել է Օսվալդ Չեմբերսը: Մենք երբեմն այս երկու բառերը հոմանիշի պես ենք օգտագործում, բայց կա սկզբունք, որը դրանք տարբերում է միմյանցից:

Սպառնալիքները մարդկանց պարտադրելու համար են՝ անելու այն, ինչ հարմար է սպառնացողին: Այսինքն` սպառնալիքները ուժով տիրապետելու ձգտումն են: Մինչդեռ ազդարարությունները կամ զգուշացումները ծառայում են մարդկանց գալիք վտանգներից պաշտպանելուն:

Սատանան ուզում է, որ մենք Աստծո սիրուց բխած զգուշացումների մասին մտածենք՝ որպես խիստ սպառնալիքների: Բայց դա այդպես չէ: Ըստ Չեմբերսի՝ ազդարարությունը կամ զգուշացումը մեզ «ձերբակալող» խոսքն է՝ բխած Աստծո կարեկցանքից ու համբերությունից մեր հանդեպ: Այս ճշմարտությունը հաստատող շատ պատվերներ կան Աստծո Խոսքի մեջ, որոնք շարունակվում են այսպիսի արտահայտությամբ. «որ քեզ համար և քեզանից հետո քո որդկանց համար բարի լինի» (Բ Օրինաց 4.40, 12.28):

Իրար հանդեպ սիրով լցված մարդիկ հաճախ են մեկմեկու զգուշացնում որևէ սխալ հարաբերության կամ արարքի վտանգավոր հետևանքները: Իսկ տկար կամ վատառողջ հարաբերություններ ունեցող մարդիկ հաճախ ուղղակի սպառնում են միմյանց՝ իրար վախեցնելու և պատժելու վճռականությամբ:

Մենք ինքներս պետք է ուշադիր լինենք մարդկանց որևէ բան զգուշացնելիս. արդյոք ազդարարո՞ւմ ենք՝ անկեղծ սիրուց դրդված, թե՞ սպառնում՝ մեր բարվոք վիճակն ապահովելու նպատակով:

Զգուշացումները սիրո արտահայտությունն են, սպառնալիքները տիրելու են միտում:

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից