Մի կյանքի պատմություն. Ֆաննի Քրոսբի. ինչպես կույր աղջիկը դարձավ օրհներգերի հայտնի հեղինակ

Մի կյանքի պատմություն. Ֆաննի Քրոսբի. ինչպես կույր աղջիկը դարձավ օրհներգերի հայտնի հեղինակՖաննի Քրոսբին համարվում է հիմների ամենահայտնի կին-հեղինակը: Կուրությունը չի խանգարել նրան՝ գրելու ավելի քան 9 հազար օրհներգեր, որոնք մինչ օրս էլ մնում են ամենասիրելիները ողջ աշխարհում և երգվում են տարբեր եկեղեցիներում:

1820թ-ի մայիսին մի աղքատ ընտանիքում ծնվում է աղջիկ՝ Ֆրանսես Ջեյն Քրոսբին, որին շուտով ճանաչելու էր ողջ Ամերիկան, իսկ նրա հետևից էլ ողջ աշխարհը:

Ամուսնուն կորցնելով՝ Ֆաննիի մայրն աշխատում էր գիշեր-ցերեկ, իսկ երեխաների մասին հոգատարությունն իր վրա էր վերցրել տատիկը:

Վեց տարեկանում Ֆաննին ծանր հիվանդանում է. նրա աչքերը բորբոքվում են: Եվ սխալ բուժման արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Աղջկա ընտանիքը չի իջեցնում իր ձեռքերը: Ֆաննիի մայրիկը բացատրում է դստերը, որ երբեմն երբ կորցնում ենք մի բանի կարողությունը, Աստված մեզ փոխարենն ավելի լավ մի բան է տալիս: Նա աղջկան պատմում է այլ կույր մարդկանց մասին, ովքեր հաջողությունների են հասել և հայտնի դարձել: Ֆաննիի տատիկը որոշում է անել ամեն բան, ինչ կարող էր՝ լրացնելու իր թոռնիկի ունեցած կորուստը:

Նա իր ամեն ազատ րոպեն Ֆաննիի կողքին է անցկացնում: Աղջկան նստեցնում է ծնկներին և պատմում արևի մասին, բացատարում, թե ինչպիսին է այն առավոտյան, ցերեկը և երեկոյան՝ մայրամուտից առաջ: Նա պատմում է ամեն ինչի մասին՝ բնության երևույթների, ծաղիկների, թռչունների մասին: Ֆաննին չուներ տեսողություն, բայց լսելով՝ սովորում է զանազանել և ճանաչել իրեն շրջապատող աշխարհը:

Աղջիկը հետ չէր մնում իր հասակակից երեխաներից, մասնակցում էր գրեթե ամեն ինչին, ինչով զբաղվում էին առողջ երեխաները: Նա մագլցում էր ծառը և անգամ կարողանում ձի հեծնել:

Մի կյանքի պատմություն. Ֆաննի Քրոսբի. ինչպես կույր աղջիկը դարձավ օրհներգերի հայտնի հեղինակՖաննիի տատիկը քրիստոնյա էր և միշտ իր թոռնուհուն պատմում էր աստվածաշնչյան պատմություններ: Քանի որ Ֆաննին ինքը կարդալ չէր կարողանում, տատիկն էր բարձրաձայն կարդում նրա համար, իսկ Ֆաննին անգիր էր անում հատվածները: Նա կարողանում էր իր հիշողությամբ պատմել Հին Կտակարանի բազում գլուխներ, սաղմոսներ, առակներ և Հռութի ողջ գիրքը:

Հետագայում նա ասում է. «Այն ամենով, թե ով եմ ես և ով մեկ օր կդառնամ, ես պարտական եմ Աստվածաշնչին»:

Ֆաննին սկսում է բանաստեղծություններ գրել, սկզբում՝ մտքում:

8 տարեկանում նա ամբողջական պոեմներ ու օրհներգեր էր գրում, իսկ հետո թելադրում դրանք: Մեկ անգամ գրում է 7 օրհներգ մեկ օրում: Իր ողջ կյանքի ընթացքում Ֆաննի Կրոսբին գրում է 9000 քրիստոնեական օրհներգ: Երբեմն հրատարակիչները չէին ցանկանում օրհներգերի հավաքածուի մեջ ներառել մեկ հեղինակի այդչափ շատ երգեր, նման դեպքերում նրա տեքստերը ստորագրվում էին տարբեր կեղծանուններով: Այդպիսով՝ Ֆաննի Քրոսբին ուներ ավելի քան հարյուր կեղծանուն:

Իր կուրության մասին նա ասել է. «Աստվածային նախախնամությանը հաճո էր, որ ես իմ ողջ կյանքում կույր լինեի, և ես շնորհակալ եմ Նրան դրա համար: Եթե վաղը ինձ առաջարկեին հիասքանչ տեսողություն, ես չէի համաձայնի: Եթե ինձ շեղեին ինձ շրջապատող գեղեցիկ ու հետաքրքիր իրերը, ես Աստծուն փառաբանության օրհներգեր չէի երգի»:

Երբ Ֆաննին դառնում է 15 տարեկան, նա կարողանում է տեղափոխվել Նյու Յորք՝ սովորելու կույրերի ուսումնարանում: Այստեղ նրան վիճակված էր՝ անցկացնել 23 տարի, սկզբում՝ որպես աշակերտուհի, իսկ հետո՝ որպես ուսուցիչ:

Ուսուցիչները տեսնում են աղջկա տաղանդը և ջանում ամեն հնարավոր միջոցներով քաջալերել նրան:

Այն ժամանակ կույրերի համար նախատեսված համալսարանի ղեկավարը, որտեղ սովորում էր Ֆաննին, Գրովեր Քլիվլենդ անունով մի երիտասարդ էր: Նա սկսում է օգնել Ֆաննիին՝ գրի առնելու իր բանաստեղծությունները: Եվ, ի դեպ, տարիներ անց Գրովեր Քլիվլենդը դառնում է Ամերիկայի նախագահ:

Մեկ օր Ֆաննիին հրավիրում են կարդալ իր բանաստեղծությունները Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև: Բանաստեղծություններն այդ օրը հուզում են ու ստիպում արտասվել շատերին:

Ֆաննին ոգեշնչում էր ստանում ամեն ինչից:

Մեկ օր նրան պատմում են մի կնոջ մասին, ով երեխան ձեռքին հայտնվել էր փողոցային հրմշտոցի մեջ: Ամեն կողմից նրան սեղմում էր վայրենացած ամբոխը, իսկ երեխան աղիողորմ լալիս էր: Մայրը, երեխայի կյանքը փրկելու համար հավաքում է վերջին ուժերը և բարձրացնում երեխային ամբոխից վեր՝ այդպես փրկելով նրա կյանքը: Այս պատմության տպավորության տակ Ֆաննին գրում է իր ամենահայտնի օրհներգերից մեկը. «Ես Հիսուսի ձեռքերում եմ»:

Ֆաննի Քրոսբին անգամ այցելում էր բանտ, որտեղ բանտարկյալներին պատմում էր Աստծո սիրո մասին: Նրա պատմությունները մեծ ազդեցություն էին ունենում ունկնդիրների վրա: Նրանք ցանկանում էին աղոթել Ֆաննիի հետ միասին: Աղոթքի մեջ բանտարկյալներից մեկը խնդրում է, որ Հիսուսը ոչ թե պարզապես անցնի իր կողքով, այլ փրկի իրեն: Ֆաննիին խորապես հուզում են այդ խոսքերը և հետագայում հիմք դառնում մեկ այլ օրհներգի:

Մեկ օր էլ Ֆաննիին այցելության էր եկել իր ընկերուհի տիկին Նոպը, ով խոշոր ապահովագրական գործակալության տնօրենի կին էր. նա արել էր ավելի քան 500 քրիստոնեական օրհներգերի գործիքավորում: Նրա երաժշտությունը լսելով՝ կույր կնոջ սրտում հստակ խոսք է գալիս. «Հավատում եմ: Իմ Հիսուս: Նրանով ես մխիթարված եմ, և Նա է իմ ուրախությունը»: Այսպես ծնվում է նոր քրիստոնեական օրհներգ, որն այսօր էլ երգվում է բազում երկրներում՝ «Օրհնյալ երաշխիք» անվանումով:

Ֆաննին միշտ գործով էր զբաղված:

Եթե չէր գրում, ապա համագործակցում էր քրիստոնեական առաքելությունների հետ և օգնում մարդկանց: Նա այցելում էր ապաստարաններ, բանտեր, որտեղ կարիքավորներին պատմում էր Հիսուսի մասին և աղոթում նրանց հետ:

Մի ժամանակ անառողջ, անհայտ այս աղջիկը դառնում է զորավոր կին, ով ազդում է սերունդների վրա:

38 տարեկանում ամուսնանում է Ալեքսանդր վան Ալսթայնի հետ: Նրանք ծանոթացել էին դեռևս համալսարանում. և՛ ինքն էր կույր, և՛ Ֆաննին: Միասին նրանք ապրում են 44 տարի:

Երեխաների հանդեպ ունեցած իր մեծ սիրո պատճառով Ֆաննի Քրոսբին շուտով ստանում է «մորաքույր Ֆաննի» անունը, որովհետև նրան ծանոթ երեխաները մշտապես նրա մոտ էին ուզում լինել:

Երբ իր ծննդյան 90-ամյակի երեկոյին նա զրուցում է իր ընկերների հետ, այն հարցին, թե ինչն է իր երկարակեցության գաղտնիքը, Ֆաննին պատասխանում է, որ միշտ մեծագույն զգուշությամբ երեք բանի է հսկել. իր բնավորությանը, իր ճաշակին և իր լեզվին:

1915թ-ի փետրվարի 11-ին Ֆաննի Քրոսբին ավարտեց իր երկրային ուղին և գնաց Տիրոջ մոտ: Նրա թաղման արարողությունից ժամեր առաջ արդեն եկեղեցին լեփ-լեցուն էր մարդկանցով: Այստեղ էին քահանաներ, երգերի հեղինակներ, քաղաքագետներ, պետական գործիչներ, տղաներ և աղջիկներ. բոլորը Ֆաննիի ընկերներն էին:

Ֆաննի Քրոսբին ապրեց 95 տարի: Նրա գերեզմանաքարին փորագրված է՝ «Այստեղ է թաղված մորաքույր Ֆաննին», իսկ ներքևում նրա օրհներգերից մեկի խոսքերը.

«Հաստատ հավատում եմ. ի՛մ Հիսուս,

Նրանով ես մխիթարված եմ, և Նա է իմ ուրախությունը:

Որպես ժառանգություն՝ երկինքն է Նա ցանկանում ինձ տալ,

Որքա՜ն հաճելի է Նրան ունենալ»:

Թարգմանեց Սուսաննա Օհանյանը

Աղբյուրը՝ Invictory.com