1649թ-ի այս օրը նահատակվել է Ջոն Բրեբուֆը

1649թ-ի այս օրը նահատակվել է Ջոն ԲրեբուֆըԻր նորադարձության ընթացքում արդեն Ջոն Բրեբուֆն աղոթում էր և խնդրում Աստծուն որևիցե վտանգավոր և պատասխանատու առաքելության ուղարկել իրեն: Ինչպես ավելի ուշ պարզվում է, նրա աղոթքները լսվում են:

Իրականում, Հս. Ամերիկայի հնդկացիների շրջանում տարիների գրեթե անպտուղ աշխատանքից հետո նա մահանում է նրանց ձեռքերում:

Ջոնն իր աննկուն ոգին ժառանգել էր նախնիներից: Երբ նրան աշխատանքի են կանչում Նոր Ֆրանսիայում, նա ուրախանում է: Քվեբեկ նա ժամանում է 1625թ-ին և կարճ ժամանակում «տեղացի դառնում»՝ ապրելով նրանց միջավայրում: 1626թ-ից սկսած նա և իր միսիոներ ընկերներից մեկը սկսում են գործել Հուրոնի մերձակայքում:

Այստեղ, սակայն, նրանք ոչ այնքան նկատելի հաջողություններ են գրանցում: Այնուհետ Բրեբուֆին հետ են կանչում Ֆրանսիա. դա  1629թ-ն էր, երբ Բրիտանիան իշխանություն է ձեռք բերում ֆրանսիական գաղութի նկատմամբ: 1633թ-ին Ֆրանսիան հետ է նվաճում Կանադան. այդպես Բրեբուֆը վերադառնում է՝ իր գործունեությունը շարունակելու:

Բրեբուֆի և ծառայակիցների համար բավական ծանր էր. շատ քչերն էին ընդունում Քրիստոսին, իսկ մեծ մասին չէր էլ հետաքրքրում քրիստոնեությունն առհասարակ: Շուրջ 16 տարի միսիոներներն աշխատում էին այստեղ՝ հնդկացիների տարբեր ցեղերի շրջանում՝ ունենալով որոշակի հաջողություն միայն Հուրոնի տարածքում:

1648թ-ին իրոկեզները հարձակվում են Հուրոնի վրա: Հաջորդ տարվա մարտին բանբերները շտապում են տեղեկացնելու, որ իրոկեզները լրջագույն պատերազմ են սկսել: Ջոնը կարող էր փախչել, սակայն նա մնում է և օգնում կանանց և երեխաներին ապահով տեղում մնալու: Միայն մի քանի խիզախներ են մնում: Բոլորը հորդորում էին Բրեբուֆին և ընկերոջը փախուստի դիմել, քանի որ սա նրանց կռիվը չէ, սակայն նրանք հրաժարվում են հեռանալ, թեև հստակ գիտակցում էին՝ ինչ է իրենց սպասվում առաջիկայում:

Երբ հարձակումը սկսվում է, երկու քաջերը միանում են կռվին՝ միաժամանակ օգնելով վիրավորներին և հորդորելով զինակիցներին աղոթել: Այնուհետ իրոկեզները գերեվարում են նրանց և ևս 60 զինվորի: Բրեբուֆը կոչ է անում զինակիցներին հավատարիմ և ճշմարիտ մնալ Քրիստոսին մինչև մահ:

Այնուհետ միսիոներների հագուստը պատռում են և կապում փայտին՝ վառելով խարույկը: Դա տեղի է ունենում 1649թ-ի այս օրը՝ մարտի 16-ին: Ողջ ընթացքում Բրեբուֆը ոչ մի աղաղակ չի բարձրացնում, այլ մինչև վերջին շունչը միայն աղոթում է իրեն տանջահար անողների փրկության համար:

Աղբյուր՝ christianity.com