Նրան հուսացողը երբեք ամոթով չի մնա

Նրան հուսացողը երբեք ամոթով չի մնա«Ջախջախած եղեգը չի փշրիլ, և առկայծեալ պատրույգը չի հանգցնիլ, իրավունքը պիտի դուրս բերի ճշմարտությամբ» (Եսայի 42.3)։

Այս մարգարեությունը նկարագրում է Տեր Հիսուսի երկրային ծառայությունը: Մեր կյանքերը հաճախ այնքա՜ն համապատասխան են վերը բերված համեմատություններին: Ոմանք, իրոք, ջախջախված ու փշրված եղեգ են հիշեցնում: Երբեմն այնքա՜ն շատ ու այնքա՜ն ծանր են լինում կյանքի հարվածները, որ մարդը կոտրվում է այդ հարվածներից ու կքվում դրանց ծանրության ներքո:

Երբեմն անգամ ապրելու ցանկությունն է ի սպառ վերանում և մեր կյանքի նկարագիրը շատ նման է դառնում առկայծող պատրույգի, որը մոտ է վերջնականապես հանգելուն: Երբեմն էլ չար ու նենգ մարդիկ այնպե՜ս են ծռում ճշմարտությունը՝ բամբասում, չարախոսում, զրպարտում ու դավեր նյութում, որ անհնարին է լինում ապացուցել իրականությունը և բոլորը կամ որոշ կարևոր մարդիկ ավելի հավատում են նենգ մարդկանց ներկայացրած ստերին, քան մեր ներկայացրած ճշմարտությանը:

Այս բոլոր նկարագրությունների մեջ, այս անելանելի թվացող իրավիճակներում եկե՛ք չմոռանանք մեր Տեր Հիսուսի ծառայության մասին: Նրա սիրող, հոգատար և օգնող բնույթը նույնն էր երեկ, նույնն է այսօր և նույնն է լինելու հավիտյան: Նա քեզ չի լքել և չի լքելու: Միայն հուսանք Նրա օցնությանը և հավատարիմ մնանք Նրա պատվիրաններին: Նա վերականգնում և բժշկում է ջախջախված եղեգը, նոր շունչ տալիս առկայծող պատրույգին և ամեն իրավունք վերականգնում՝ բացահայտելով ճշմարտությունը: Հուսա՛նք մեր Տիրոջը: Նրան հուսացողը երբեք ամոթով չի մնա:

Տեր Հիսուսի անունով Նրա ծառայությունն ընդունելու խոնարհություն և Տիրոջը հուսալու իմաստություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան