Մեղքը սկսվում է մտքից

Մեղքը սկսվում է մտքիցՕսկար Ուայլդն ասում էր. «Ես կարող եմ դեմ կանգնել ամեն ինչին, գայթակղությունից զատ»: Ահա սրանում է խնդիրը գայթակղության: Այն հրապուրիչ է: Բայց երբեմն էլ մենք ինքներս ենք կանգնում գայթակղության ճանապարհին:

Հին Կտակարանում մենք տեսնում ենք Հովսեփի պատմությունը՝ մարդու, ով փորձության մեջ ընկավ: Հովսեփի աշխարհը մեկ վայրկյանում փոխվեց, երբ եղբայրները նրան ստրկության վաճառեցին: Մեկ գիշերվա մեջ նա հարմարավետ կյանքից անցում կատարեց անհայտության մեջ:

Հովսեփին տարան Եգիպտոս՝ հեթանոս մի երկիր, որը լի է կրոնական նախապաշարմունքներով: Եգիպտացիները երկրպագում էին ոչ ավելի, ոչ պակաս 2 հազար աստվածների ու աստվածուհիների, նաև կենդանիների, միջատների և Նեղոս գետին: Եվ իհարկե, նրանք պաշտում էին Փարավոնին: Եվ տրվում գարշելի անբարոյության:

Եվ ահա պղծության ու կռապաշտության այդ միջավայրի թատերաբեմին է հայտնվում 17-ամյա Հովսեփը: Փաստացիորեն նա գյուղացի մի տղա էր, ով ընկել էր մեծ քաղաք: Հովսեփին որպես ստրուկ գնում է Պետափրես անունով մի մարդ, ով Ծննդոց 39.1-ում հիշատակվում է՝ որպես «Փարավոնի ներքինի»: Սա նշանակում է, որ Պետափրեսը բարձրիշխան եգիպտացի էր և դահճապետ էր, ինչպես հիշատակում է Աստվածաշունչը, ընդհանուր առմամբ, ոչ հաճելի մեկը:

Հովսեփը, սակայն, բոլորովին վախեցած չէր: Ինչո՞ւ: Ծննդոց 39.2-ը բացատրում է. Աստված Հովսեփի հետ էր: Նա հավատարիմ էր թե՛ Աստծուն, թե՛ իր ամեն գործում, որ անում էր Պետափրեսի տանը: Եվ նա այնքան հաջողակ էր, որ վերջինս նրան իր տան վերակացու է կարգում: Նա դառնում է Պետափրեսի աջ ձեռքը:

Երբեմն, երբ ամեն բան հարթ է ընթանում, մենք դառնում ենք ավելի խոցելի: Բայց երբ էլ չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել, երբ հիվանդ ենք կամ երբ խնդիրներ ունենք, մենք Աստծուց կախված ենք դառնում: Բայց երբ ամեն բան լավ է ընթանում, երբ կան ավելորդ գումարներ բանկում, երբ մենք առողջ ենք, այդ պահին գալիս է գայթակղությունը:

Եվ Ծննդոց 39-ը գրում է. «Եվ եղավ այս բաներից հետո, որ նրա տիրոջ կինը աչք բարձրացրեց Հովսեփի վրա և ասաց. պառկիր ինձ հետ» (39.7):

Բայց Հովսեփը հրաժարվում է. «Ուրեմն ես ինչպե՞ս գործեմ այս մեծ չարությունը և Աստծո դեմ մեղանչեմ» (39.9):

Այդ «ոչ»-ը, որ ուղղված էր մեղքին, «այո» էր՝ ուղղված Աստծուն: Բայց սա վերջը չէր. «Եվ եղավ քանի որ նա օրեցօր Հովսեփին ասում էր, բայց նա չէր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։ Եվ եղավ, որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկավ. և այնտեղ տան մեջ տան մարդիկներից մեկը չկար: Եվ տիկինը բռնեց նրա հանդերձիցն՝ ասելով. պառկիր ինձ հետ. և նա իր հանդերձը թողեց նրա ձեռքին և փախավ դուրս գնաց» (39.10-11):

Մեղքի հետ պետք է հենց այսպես վարվել: Հետ դառնալ և փախչել: Փախչել հնարավորինս հեռու:

Գուցե դու էլ այսօր ապրում կամ աշխատում ես մի վայրում, որտեղ մեղք կա: Գուցե դու միակ հավատացյալն ես ընտանիքում կամ քո շրջապատում:

Իմացի՛ր, Հովսեփը կարողացավ անցնել: Դու էլ կարող ես:

Նրա կյանքը օրինակն է տղամարդու, ով դեմ կանգնեց գայթաղկությանը. նրան, ով դեմ կկանգնի գայթաղկության հրապուրանքին, օրհնություններ են սպասվում: Այո՛, ճնշումը մեծ է: Եվ դա հեշտ չէ: Բայց ասա «ոչ» գայթակղությանը և կմնաս օրհնության մեջ:

Յուրաքանչյուրն է անցնելու գայթակղության կողքով: Գայթակղությունը մեղք չէ, դա կոչ է պայքարելու: Դա անգամ կարող է նշան լինել, որ դու ճիշտ տեղում ես: Ավելին, ինքը՝ Հիսուսը, փորձվում է Իր ծառայության վերջում և սկզբում: Եվ եթե Նա է դրան բախվում, ապա ինչո՞ւ ենք մենք կարծում, թե մեզ մոտ այլ կերպ է լինելու:

Մեղքն ունի հետևանքներ: Հովսեփին հայտնի էր դա: Կարևոր չէ, թե որչափ է մարդը իմաստուն համարում մեղքը ծածկելը, միևնույնն է, իր մեղքը միշտ կգտնի իրեն:

Աստծո չափանիշները բացարձակ են. դրանք անփոփոխ են: Անգամ եթե այն, ինչով դուք փորձվում եք, ընդունելի է հասարակության կողմից, անգամ եթե բոլորն են այդպես վարվում, դա նշանակություն չունի: Աստծո չափանիշները ավելի բարձր են:

Գիտակցիր, որ ամեն մեղք ուղղված է Աստծո դեմ: Մեր սերը Աստծո հանդեպ կարող է մեղքին դեմ կանգնելու գլխավոր միջոցը լինել:

Ինչ վերաբերում է Հովսեփին, ապա նա առաջ գնաց: Աստված Իր ժամանակին բարձրացրեց նրան. ամեն փորձություն բարիի գործակից դարձավ նրա համար:

Գուցե դուք հիմա մտածում եք մի բանի մասին, որը, ինչպես ձեզ հայտնի է, Աստծուն հաճելի չէ: Գուցե ասում եք. «Չէ՞ որ ես չեմ անում դա, ընդամենը մտածում եմ»:

Անգամ մի՛ մտածեք: Հայտնի է. «Կցանես միտք՝ կհնձես գործողություն, կցանես գործողություն՝ կհնձես սովորություն, կցանես սովորություն՝ կհնձես բնավորություն, կցանես բնավորություն՝ կհնձես կյանք»: Ամեն բան սկսվում է մեկ մտքից: Անգամ մի կանգնեք այդ ճանապարհի վրա:

Հովսեփը ապրեց բարեպաշտ կյանքով և դեմ կանգնեց գայթակղությանը: Աստված կտա ձեզ զորություն՝ լինելու մարդ, ինչիպիսին Ինքը ցանկանում է, որ դուք լինեք:

Գրեգ Լորի