1798թ-ի այս օրը Աստված խոսում է Մերի Փրայորի հետ

1798թ-ի այս օրը Աստված խոսում է Մերի Փրայորի հետԵրբ Մերի Բրեյին մի հարուստ վաճառական առաջարկում է դառնալ իր կինը, նա հրաժարվում է: Այս աղջիկը որոշել էր աստվածահաճո կյանքով ապրել և մեծագույն խաղաղություն ուներ այս հարցում: Ավելի ուշ՝ 1760թ-ին, նա ամուսնանում է Ջոն Փրայորի հետ:

Մերին բավական լավ կրթություն ստացած կին էր և մեծահոգի էր, հատկապես՝ հիվանդների նկատմամբ: Նա ուղղորդում և մխիթարում էր մյուսներին՝ իմաստությամբ վարվելու: Այդ ամեն խորագիտությունը նա ձեռք էր բերում Աստծո Խոսքի շուրջ երկար խորհրդածությունների և աղոթքների միջոցով: Այնուհետ նա սկսում է կազմակերպել ավետարանչական արշավներ՝ դեպի Անգլիա և Ուելս: Իր ճանապարհին նա բոլորին սովորեցնում էր և հորդորում հավատարմորեն և ուրախությամբ ծառայել Աստծուն՝ հավատալով, որ դրա վարձքը խիստ մեծ է:

Իր կրտսեր զավակի ամուսնությունից հետո Մերին կանչ է զգում քարոզելու Ավետարանն Ամերիկայում: Նրա համար նույնիսկ աննշան էր թվում այն հանգամանքը, որ ամուսնուց հեռու է լինելու: Առավել կարևոր էր հնազանդվել Տիրոջ ձայնին: Նա համոզված էր, որ Աստված ասում է նավարկել մի նավակով, որ իր չափերով փոքր էր և խիստ վտանգավոր: Նրա մտերիմներից շատերը խնդրում են իրեն չդիմել այդ քայլին, սակայն Մերին հաստատապես համոզված էր և գիտեր իր անելիքը: Այդ ժամանակ նա 60 տարեկան էր:

Շուտով Աստծո ծրագիրը պարզվում է. նավակը լրջագույն խնդրի առջև է կանգնում, անցքերի պատճառով արտահոսք է սկսվում: Նավաստիներն ու ուղևորներն ստիպված են լինում ողջ գիշեր աշխատել, որպեսզի չխորտակվեն: Այսպես մի քանի շաբաթ: Նավապետն արդեն հույսը կորցրել էր, սակայն Մերիի հարատև աղոթքներն ու հավատքի խոսքերը փոխում են այդ մարդու սիրտը:

Այն ժամանակ, երբ բոլորն արդեն որոշել էին հանձնվել, քանի որ այլևս անկարելի էր դիմադրել այդ հոսքին, Մերին կոչ է անում ներկաներին շարունակելու աշխատանքները, քանի որ խոսք էր ստացել Աստծուց, որ կփրկվեն: Անձնակազմը որոշում է լսել նրան և շարունակել դուրս մղել ջուրը: Շատ չանցած մեկ ուրիշ նավ է հայտնվում և կարողանում ողջ անձնակազմը և բոլոր ուղևորներին տեղափոխել որոշված վայրը:

Մերին հանգրվանում է Ֆիլադելֆիայում 1798թ-ի այս օրը՝ մարտի 15-ին: Նավից իջնելուն պես նա ընկնում է գետնին և իր սրտի գոհությունը հայտնում Տիրոջը: Այս տեսնելով՝ նրան են միանում նաև նավապետը, նավաստիները և ուղևորները և բարձրաձայն շնորհակալություն հայտնում Աստծուն Իր անսահման ողորմածության համար:

Աղբյուր՝ christianity.com