Որպեսզի մեր արժեքները դառնան մեր երեխաների արժեքները

Մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ երեխաներին դաստիարակել է պետք: Բայց երբեմն մենք չգիտենք՝ ինչպես ճիշտ անել դա:

Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված Իր զավակներին լցնելու է փառքով և ապավինելու է նրանց Իր Արքայության կառուցման ժամանակ:

«Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն» (Հովել 2.28):

Ես հավատում եմ դրան: Եկեղեցին պետք է աղ լինի հասարակության համար՝ պահպանելու այն մասնատումից, որպեսզի աշխարհում կատարվող ոչ մի բան ազդեցություն չունենա ո՛չ ընտանիքների, ո՛չ էլ երեխաների վրա:

Մենք հոգ ենք տանում, որպեսզի երեխաները հագնված լինեն, կուշտ ու առողջ լինեն. սա առաջնահերթություն է: Իսկ ո՞վ է որպես անձ ձևավորելու նրանց: Ո՞վ կունենա այնպիսի ազդեցություն, որպեսզի նրանք կարողանան հավիտենությունն անցկացնել Աստծո հետ երկնքում: Հոգևորը ավելի կարևոր է, քան նյութականը:

Մենք պետք է ժամանակ գտնենք երեխաների հոգևոր դաստիարակության համար: Ես հիշում եմ՝ ինչպես մեկ անգամ աղոթում էի և խորհում այս թեմայով, երբ Աստված այցելեց ինձ: Նա հարցրեց. «Ինչպե՞ս ես դու ազդում քո որդիների վրա: Ի՞նչ կարող ես տալ նրանց: Ինչպիսի՞ն ես ցանկանում նրանց տեսնել»: Ես պատասխանեցի. «Ցանկանում եմ, որ իմ որդիները մեծանան՝ որպես կայացած անձինք, որպեսզի նրանք լինեն օրհնություն ինձ, մարդկանց, իրենց կանանց, հասարակության համար: Ցանկանում եմ, որ նրանք հավիտենությունը Քեզ հետ անցկացնեն»:

Այդժամ Աստված հստակորեն ասաց ինձ. «Դու ես այն մարդը, ով կարող է ազդել նրանց վրա և ոչ միայն այն ժամանակ, երբ խոսում ես նրանց հետ, այլ անգամ՝ երբ լռում ես»:

Եթե ցանկանում եք ազդել ձեր երեխաների վրա, ձևավորել նրանց անհատականությունը, ապա պետք է ժամանակ անցկացնեք նրանց հետ: Ինչո՞ւ են աղջիկները մեծանալով՝ սկսում շփվել վատ տղաների հետ: Նրանք իրենց ընտանիքում պատշաճ ուշադրություն և սեր չեն ստացել իրենց հայրերից: Այդ պատճառով, առանց երկար մտածելու, գնում են առաջին հանդիպած տղայի հետ, ով իրենց հաճոյախոսություններ է անում, որոնք իրենք երբեք չեն լսել տանը: Ընտանիքում նրանց երբևէ չեն գովել, հիմար են անվանել և անկարող ՝ որևէ բան անելու:

Քանի-քանի անեծքներ ենք մենք ինքներս խոսում մեր երեխաների կյանքերի վրա, իսկ նրանք հետագայում ապրում են դրանց հետ:

Այս պատճառով շատ երեխաներ երազում են արագորեն փախչել հայրական տանից: Նրանք սիրո որոնումների մեջ գցում են իրենց առաջին հանդիպածի գիրկը: Բայց եթե հայրերը  հարգեն իրենց դուստրերի արժանապատվությունը, նրանց մեծացնեն սիրո և հարգանքի մթնոլորտում, վերջիններս արդեն կկարողանան տարբերել վատ տղաներին լավերից: Իսկ հայրերը կմնան՝ որպես նրանց կյանքի անխախտ հեղինակություն:

Շատերը զարմանում են, թե ինչպես ենք մենք կարողացել լավ դաստիարակել մեր որդիներին: Պարզապես ես թույլ եմ տվել նրանց՝ լինելու իմ կողքին, ժամանակ եմ անցկացրել նրանց հետ, խոսել եմ ճիշտ խոսքեր նրանց կյանքի մեջ: Մենք պետք է շրջապատենք մեր երեխաներին սիրով: Ազդենք այնպես, որ մեր արժեքները դառնան նրանց արժեքները:

Առաջին Թագավորաց գրքում խոսվում է մի կնոջ մասին, ով ամուլ լինելով՝ գալիս է Աստծո տուն և աղաչում իրեն երեխա պարգևել: Աստված պատասխանում է նրա աղոթքին: Երբ երեխան կրծքից կտրվում է և դառնում երեք տարեկան, մայրը տանում է նրան տաճար՝ ծառայության համար: Նա խոստացել էր նվիրել երեխային Աստծուն և կատարում է իր խոստումը: Մենք գիտենք նրա տղային՝ որպես Աստծո հզոր ու հավատարիմ ծառայի. դա Սամուել մարգարեն էր: Նա Իսրայելի մեծագույն մարգարեներից էր: Երեք ու կես տարիների ընթացքում Աննան կարողացել էր իր որդու մեջ սերմանել արժեքներ, որոնք կային իր սեփական կյանքում. նա Իր Աստծուն «դարձրել էր» իր որդու Աստվածը:

Մենք պետք է հասկանանք Աստծո ժամանակները, երբ դեռևս կա հնարավորություն ազդելու մեր երեխաների վրա: Մենք չենք կարող ինքնահոսի թողնել նրանց դաստիարակությունը. պետք է հատուկ դրա համար ժամանակ հատկացնել: Միայն Աստծո հետ փոխհարաբերությունները կդարձնեն նրանց ուժեղ անձինք:

Եպիսկոպոս Էդուարդ Գրաբովենկո