Ճշմարիտ աստվածապաշտություն. հովիվ Սեդրակ Սեդրակյան

Ճշմարիտ աստվածապաշտություն. հովիվ Սեդրակ ՍեդրակյանԹե՛ պատմականությունը, թե՛ արժանապատվությունը, թե՛ իշխանությունը և թե՛ ավանդությունները երբեք ու երբեք հավատքի հիմք հանդիսանալ չեն կարող, այլ միայն ճշմարտությունը: Տեր Հիսուսը իր առաքելության ընթացքում չհենվեց և չհարգեց ոչ հրեաների պատմականությունը և ոչ էլ նրանց դատարկ ու անհիմն անվերջանալի ավանդությունները:

Աստծո խոսքը ավանդությունների կամ պատմության գիրք չէ, այլ Աստծո կամքի անվիճելի արտացոլումը բոլոր դարերի բոլոր ազգերին ու ժողովուրդներին: Տեր Հիսուսը ամենաարժանապատիվն էր, բայց հանուն մարդկության փրկության հոժարվեց անարգ խաչի դաժան մահվանը:

Նա, ով վեր էր ամեն իշխանությունից ու ամեն տերությունից, ընտրեց ծառայի կերպարանքը և բնությամբ մարդ լինելը, որ ոչ թե պահպաներ փարիսեցիական ճղճիմ կարգերն ու բարքերը, այլ նոր սկիզբ դներ նոր կյանքի, նոր մարդու, նոր երկնքի ու նոր երկրի, ուր պիտի փայլեր Տերերի Տիրոջ ու թագավորների թագավորի փառքն ու իշխանությունը, իսկ Քրիստոսի Արյամբ փրկագնված եկեղեցին հավիտյանս հավիտենից պիտի երգեր Գառնուկի երգը ու երկրպագեր Աստծուն Սուրբ Խորանում բացականչելով՝ «Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես,  Տե՛ր»: Քրիստոսի առաքյալները ո՛չ քարոզում էին պատմություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ իշխանություն և ո՛չ էլ ավանդություն, այլ խաչյալ ու հարուցյալ Քրիստոսին:

Պետրոս առաքյալը Հռոմում դնում էր ոչ թե կաթոլիզմի, այլ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու հիմքը, այն եկեղեցու հիմքը, որին դժոխքի դռները չէին հաղթահարելու, այն եկեղեցու հիմքը, որի քարոզչությունը ոչ թե Մարիամապաշտությունն էր լինելու, այլ Աստվածապաշտությունը, այն եկեղեցու հիմքը, որը ոչ թե փրկությունը ինդուլգենցիաներով էր վաճառելու կամ խարույկների վրա այրելու էր բոլոր նրանց, ովքեր չէին համբուրի իրենց սուրբ կոչված աջը կամ փեշը, կամ հետապնդելու Մարթին Լյութերի նման արթնացած և Աստծուց հայտնություն առած մեկին, ով լսել էր Աստծո ձայնը, թե արդարը հավատքով է փրկվելու և ոչ թե ճգնավորուրյամբ կամ օրենքի գործերով, այն ըմբոստ հայտարարված քահանային, ով համարձակությամբ իննսունմեկ թեզեր շպրտեց կարդինալների ճակատին և ապացուցեց, որ նրանք շեղվել են Քրիստոսի ճշմարտությունից, կամ ոչ թե այն եկեղեցու հիմքը ովքեր սուրն իրենց ձեռքն առած և Քրիստոսի սիրո ավետարանը սրի վերածած դարեր շարունակ խաչակրաց արշավանքներ էին կազմակերպում և գնում Քրիստոսի դատարկ գերեզմանը փրկելու, ովքեր ոչ թե մտնելու էին չորս պատերի կամ ակվարիումի մեջ, շրջապատված թիկնապահներով ու զրահապատ ավտոմեքենքներով և զարդարված ոսկեփայլ հանդերձներով մրմնջալու էին անհասկանալի ու անհիմն ծիսական երգեր ու աղոթքներ, այլ ցուպն ու գոտին առած դուրս էին գալու աշխարհ Քրիստոսի մեծ հանձնարարականը կատարելու:

Քրիստոնեությունն այն չէ, թե ինչ են որոշում ընտանիքով կամ այր ու կին, այլ հնազանդվել Աստծո կամքին ու որոշումներին անվերապահորեն: Անանիան ու Սափիրան էլ որոշեցին երկրպագություն բերել Աստծուն կեղծված արատավորությամբ: Նրանց արածի մեջ էլ կար ներդրում, բայց ոչ Քրիստոսի հանդեպ ունեցած պարզությամբ և նրանք օրհնություն ստանալու փոխարեն անեծք ժառանգեցին: Գուցե շատերը կզարմանան, թե ինչպես կարող է նման մարդը այդքան իջնել իր բարձունքից, թող հիշեն, որ Հուդան ավելի մեծ օծություն ուներ մինչ իր անկումը:

Աստվածապաշտությունը խաղալիք չէ և ոչ էլ լավ կազմակերպված ինչ-որ շոու, այլ շատ, շատ, շատ լուրջ և կշռադատված որոշում՝ որոշում անձդ ուրացած Քրիստոսին հետևելու….