Եկեղեցուց հեռանալու հինգ անհիմն պատճառ

Եկեղեցուց հեռանալու հինգ անհիմն պատճառՄարդը նախքան որևէ քայլի գնալն ունենում է հիմնավոր պատճառներ այդ անելու համար, կամ, նվազագույն դեպքում, իրեն թվացող հիմնավոր պատճառներ. սա պարզ ճշմարտություն է: Այսօր կան մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով այլևս չեն գալիս եկեղեցի:

Եվ եթե կան մարդիկ, ովքեր որոշել են հեռանալ իրենց եկեղեցուց ստորև բերված պատճառներով, ապա թող կանգ առնեն, ետ դառնան ու երբեք չլքեն իրենց համայնքը, քանի որ սրանք անհիմն ու անհեթեթ պատճառներ են՝ նման լուրջ քայլ անելու համար.

  1. Այստեղ ինձ չեն «կերակրում»:

Արդյոք հովիվներն ունե՞ն պատասխանատվություն Աստծո Խոսքը քարոզելու և եկեղեցուն հոգևոր սնունդ տալու: Անկասկած, այո՛: Սակայն մի՛ մոռացեք այն բոլոր գործերի ու պատասխանատվությունների մասին, որ ունի ձեր հովիվը: Չէ՞ որ, այնուամենայնիվ, կիրակի օրը (և ոչ միայն կիրակի) դուք գնում եք եկեղեցի և քարոզ եք լսում, այսինքն՝ հոգևոր սնունդ ձեզ տալիս են: Այս օրերի քրիստոնյաներն ունեն կերակուրի մի անհաշվելի քանակություն, որի մասին նախկինում միայն կարող էին երազել: (Բացի այդ՝ եթե դուք չունեք ամենօրյա անձնական հանդիպում Աստծո հետ, աղոթքի և ընթերցանության կյանք, ապա, այո՛, հնարավոր է, դուք երբեք էլ որևէ տեղ բավարարվածություն չստանաք. խմբ.): Եվ եկեղեցուց հեռանալ միայն այն պատճառով, որ իբրև դուք հոգևոր սնունդ չեք ստանում՝ պարզապես պատրվակ է: Ձեր գլխավոր կոչումը եկեղեցում ներդնելն է և ոչ միայն ստանալը: Քրիստոնյան չպետք է պահանջի, որ իրեն մշտապես գդալով կերակրեն: Հիշե՛ք, մեր կոչումն է ոչ միայն աշակերտ լինելը, այլև մեկ օր Ավետարանի լույսը տանողներ դառնալը, ինչպես Հիսուս ասաց Պետրոսին՝ «…և դու երբ որ դառնաս՝ եղբայրներիդ հաստատիր»:

  1. Եկեղեցին չափից շատ մեծ է ինձ համար:

Երբ մեր եկեղեցին հիմնվեց, այն նման էր փոքրիկ երաժշտական խմբի, որի համար բավարար էր տան հյուրասենյակը: Սակայն փոքրիկ եկեղեցի մնալը շատ խեղճ և, բացի այդ, ոչ աստվածաշնչյան նպատակ է: Եթե եկեղեցին հետևում է Քրիստոսի Մեծ Հանձնարարականին, ապա մարդիկ կգան ու կապաշխարեն, և եկեղեցին կսկսի աճել: Եթե ձեզ դուր չեն գալիս մեծ եկեղեցիները, ապա դեռ վաղ ժամանակների Նոր կտակարանյան եկեղեցիները ձեզ նույնպես դուր չեն գա: Եվ բացի այդ, հավանաբար, դրախտն էլ ձեր սրտով չի լինի:

  1. Ես չեմ կարող համաձայնել այն ամենի հետ, ինչ քարոզվում է այստեղ:

Ես եկեղեցու հովիվ եմ և անգամ ես ինքս ինձ հետ երբեմն համաձայն չեմ լինում: Գիտեք ինչո՞ւ եմ երբեմն այս իրավունքից օգտվում: Որովհետև ես սովորում եմ: Ես աճում եմ, հարցեր եմ տալիս: Եթե սպասում եք, որ հովիվը ձեզ հետ կհամաձայնի ամեն ինչում կամ ակնկալում եք, որ ամեն բան միշտ պետք է ձեր դուրը գա, ապա ես պետք է հիասթափեցնեմ ձեզ՝ դա անհնար է: Անգամ Հիսուս երբ քարոզում էր, շատ հաճախ Իր ամենամտերիմ մարդիկ՝ աշակերտները, չէին համաձայնում Նրա հետ, իսկ լսողները ապշահար էին լինում Նրա խոսքերից:

  1. Այստեղ հոգ չեն տանում իմ կարիքների համար:

Երբ մարդը նման արտահայտություն է անում, ուրեմն նա ներքին համոզմունք ունի և ակնհայտ ակնարկում է, որ եկեղեցին պետք է լրացնի իր կարիքները: Այո՛, եկեղեցին պետք է ունենա գթության ծառայություն, հնարավորինս օգնի մարդկանց, բայց գիտեք, եկեղեցին մարդակենտրոն չէ, եկեղեցին քրիստոսակենտրոն է: Սա է եկեղեցին, որի համար Քրիստոս մահացավ, որը Նա փրկագնեց և շարունակում է հոգ տանել Նրա մասին: Եվ մի օր Նա վերադառնալու է Իր եկեղեցու հետևից: Եզրակացություն. եկեղեցին չի ծառայում մարդկանց կարիքները լրացնելու նպատակին: Ընդհակառակը, ամեն անդամ եկեղեցու մի մասնիկն է, որի նպատակն այս աշխարհի կարիքների լրացումն է: Եվ այսպես, մի կողմ դրեք գնորդի ձեր սայլակը և վերցրեք բահը:

  1. Չլուծված վեճ:

Եթե կա «սուրբ մեղավորների» համայնք, ապա համոզված եղեք, որ այնտեղ կլինեն նաև վեճեր: Եկեղեցին, վերջիվերջո, մեծ ընտանիք է, որում շատ են ամենատարբեր բնավորություններ ունեցող մարդիկ: Եվ իմացեք, որ կլինեն վեճեր ու անհամաձայնություններ:

Պողոս առաքյալը հաճախ էր տարաձայնություններ լուծում եկեղեցում: Սակայն երբեք իր ուղերձներում նա չի ասել, որ եթե եկեղեցում խնդիրներ ունես, գնա մեկ այլ եկեղեցի փնտրիր կամ նստիր տանը: Այլ ընդհակառակը, նրա ուղերձների մեծ մասը խրատներ ու հորդորներ են, թե ինչպես ճիշտ վարվել եկեղեցում:

Երբ հեռանում ենք եկեղեցուց ինչ-որ վեճի պատճառով, մենք Աստծուն զրկում ենք հնարավորութունից մեր մեջ հրաշք անելու: Մենք մերժում ենք Ավետարանի զորությունը՝ այդ իրավիճակում հաշտեցում բերելու համար: Հիշեք, եթե ապաշխարությունը չլինի, ապա հաշտեցումն անհնար կլինի: Եվ ապաշխարությունը հենց մեզնից է սկսվում:

Ահարոն Լոյ