Օգոստինոս Ֆրանկ. մարդ, ով իր կյանքն ապրեց հանուն հավատքի

Օգոստոս Ֆրանկ. մարդ, ով իր կյանքն ապրեց հանուն հավատքիԱյս օրը՝ մարտի 12-ին, 1663թ-ին ծնվել է հայտնի գերմանացի աստվածաբան և ուսուցիչ Օգոստինոս Գերման Ֆրանկը:

Ֆրանկը սեմինարիան ավարտելուց հետո դառնում է եբրայերեն լեզվի պրոֆեսոր Լայպցիգի համալսարանում:

Մեկ օր նրան խնդրում են քարոզել՝ ըստ Հովհաննեսի Ավետարանի 20.31 խոսքի. «Բայց սրանք գրվեցան, որ հավատաք, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին. և որ հավատալով կյանք ունենաք նրա անունովը»:

Ֆրանկն իր ներսում չուներ հաստատություն Աստծո Խոսքը քարոզելու, քանի որ ինքն ապրում էր մեղավոր կյանքով:

Եվ հենց այս գիտակցմամբ էլ այդ օրը նա որոշում է կայացնում. եթե երբևէ քարոզի, ապա դա պետք է լինի ազնվորեն ու սրտանց: Երկյուղով լցված՝ նա ծնկի է գալիս ու աղաչում Աստծուն փրկել իրեն այդ ողորմելի վիճակից: Հետագայում նա գրում է. «Երբ ոտքի կանգնեցի, ես լիովին այլ մարդ էի, այլևս այն մարդը չէի, ով քիչ առաջ ծնկի էր եկել»: Նա վերջապես հասկանում է Լյութերի խոսքերը. «Հավատքը աստվածային բառ է, որ փոխում է մեզ ու տալիս նոր ծնունդ Աստծո մեջ»:

Այժմ նրա փափագն էր «ունենալ փոխված կյանք, տեսնել արթնություն եկեղեցիներում, ունենալ վերափոխված ազգ և աշխարհին հասցնել Ավետարանի լույսը»: Հեռանալով Լայպցիգից՝ նա հովվության է անցնում Հալեյում: Այստեղ նա ուսուցանում է Աստծո Խոսքը, հարցերի միջոցով սովորեցնում երիտասարդներին և անցկացնում աստվածաշնչյան դասեր:

Ֆրանկը, սակայն, ցանկանում է ավելին անել Ավետարանի համար: Հավատքով նա որոշում է որբանոց բացել, երբ իր ձեռքում գումար անգամ չուներ: Ֆրանկը մշտապես իր կարիքներն Աստծուն էր հայտնում: Նրա կյանքում եղել են բազում դժվար ժամանակներ: Բայց այս ամենը ոչինչ էր հավատքով ապրող մեկի համար:

Աստծո շնորհով նա նաև հիմնում է Աստվածաշնչյան դպրոց, կացարան տրամադրում համալսարանում սովորողների համար, վարում դպրոց, որ նախատեսված էր աղքատների համար, գրքեր տպագրում և զբաղվում եկեղեցական ամսագրի խմբագրությամբ: Նրա ազդեցությամբ բազում միսիոներներ դուրս են գալիս Գերմանիայի սահմաններից՝ Ավետարանը աշխարհին տանելու: Նրա աշակերտների թվում էր նաև կոմս Ցինցոնդորֆը, ով դարձավ մորավիացիների առաջնորդը:

Նա մշտապես հորդորում էր մարդկանց ստուգել սեփական անձերը՝ տեսնելու, թե արդյոք նրանցում սեր կա՞ իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ.

«Եթե դուք Աստծուն չեք պատկանում, ավելի լավ է հստակ իմանաք դա: Աղոթեք Տիրոջը ու ասեք. «Սիրելի՛ Աստված, ես գիտեմ, որ դեռևս քո զավակը չեմ, դարձրու ինձ քո զավակը»: Այսպես Աստված կտա ձեզ Իր որդեգրությունը, որ դուք կարողանաք համապատասխան ցուցանիշներ ունենալ այդ մասին:

Դուք կլցվեք ուրախությամբ, երբ ձեր վստահությունը ամուր հիմք ունենա»:

Աղբյուրը՝ christianhistoryinstitute.org