Ամեն մեկս էլ մեկ օր հանդիպում ենք այրվող մորենուն…

«Եվ Մովսեսը Մադիամի քուրմի՝ իր աներոջ Հոթորի հոտը արածեցնում էր. և հոտը անապատի ետևը քշելով Աստծո Քորեբ սարը եկավ: Եվ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երևաց նրան մորենու միջից. և նա տեսավ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։ Եվ Մովսեսն ասաց՝ մեկ դառնամ ու տեսնեմ այս. մեծ տեսարանը, թե ինչո՞ւ համար մորենին չի այրվում.  և Եհովան տեսավ, որ նա դարձավ տեսնելու, և Աստված մորենու միջիցը կանչեց նրան և ասաց. Մովսես, Մովսես. և նա ասաց. ահա ես։ Եվ ասաց. այս տեղին մի մոտեցիր. կոշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնել ես, սուրբ երկիր է։ Նաև ասաց. Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը. և Մովսեսն իր երեսը ծածկեց, որովհետև վախեցավ Աստծուն մտիկ տալ» (Ելից 3.1-14):

Ամեն մարդ երազում է գտնել Աստծուց իրեն տրված կոչումը: Որովհետև երբ դու զբաղվում ես այն բանով, ինչի մեջ կանչված ես, դու երջանիկ ես: Երբ դու լիովին ռեալիզացնում ես քո տաղանդները, դու երջանիկ ես: Երբ դու բազմապատկում ես քո բարությունը և լույսը այս աշխարհում, դու երջանիկ ես:

Հոգեբանները չորս հիմնական նշան են գտնում այն բանի, որ դուք ապրում եք՝ համաձայն ձեր կոչման:

  • Դուք զբաղված եք գործունեությամբ, որը ձեզ շատ է դուր գալիս…
  • Դուք զգում եք, որ ցանկանում եք դրանով զբաղվել. դա ձեր մասնագիտությունն է ու կոչումը…
  • Ձեզ հեշտությամբ է տրվում, լարվածություն ու հոգնածություն չի առաջացնում, դուք ստիպված չեք անում այն, ինչ անում եք…
  • Ընդ որում՝ հասարակությունը ընդունում է ամեն բան այս որակով և լավ գնահատում ձեր աշխատանքը:

Գտնել քո կոչումը. այս մասին են խոսում անձնական զարգացման բոլոր մարզիչները, բիզնես-մարզիչները, նաև՝ հոգևոր ուսուցիչները:

Մենք ձեզ հետ ապրում ենք զարմանահրաշ ժամանակներում, երբ միլիոնավոր մարդկանց կյանքեր փոխվում են շնորհիվ այն բանի, որ մեկը հասկացել է, թե ինչի համար է եկել այս աշխարհ և սկսել ապրել՝ համաձայն իր կոչման: Այստեղ կարելի է հիշել հայտնի մամուլում բազմիցս շրջանառվող անուններ. Ջոբս, Ցուկերբերգ, Տեսլա, Բրենսոն:

Բայց եթե մենք նայենք միայն նրանց, ապա կարող ենք մտածել, որ դա մեզ չի վերաբերում:

Սակայն դա բոլորովին այդպես չէ: Նայեք Մովսեսին: Բնական պատճառներով նա ոչ միայն չէր կարող դառնալ իր ժողովրդի մեծ առաջնորդը, այլև ոչ մի հավանականություն չուներ կենդանի մնալու: Իսկ հետո կարող էր տասը անգամ հնարավորություն ունենալ՝ մահանալու անհայտության մեջ կամ մարտի դաշտում, կամ պարզապես տանը՝ իր երեխաներով շրջապատված: Եվ եթե այն ժամանակ անապատում նա ականջ չդներ Աստծո ձայնին, Ով հրամայում է նրան դուրս գալ հարմարավետության գոտուց և կատարել անհավանական բաներ, այդպես էլ ամեն բան կավարտվեր:

Ամեն մեկս էլ մեկ օր հանդիպում ենք այրվող մորենուն, որից լսվում է Աստծո ձայնը:

Յուրաքանչյուրի մոտ դա տարբեր կերպ է կատարվում:

Մովսեսի պատմությունը հարցին պատասխանելու տարբերակներից մեկն է: Ինչո՞ւ ենք մենք գնում եկեղեցի, ինչո՞ւ ենք աղոթում, ինչո՞ւ ենք կարդում և ուսումնասիրում Աստվածաշունչը:

Եկեղեցի գալով՝ լսելու Նրա Խոսքը, պատասխանելով Նրան աղոթքով և երկրպագությամբ, հավատքի դավանությամբ, ստանալով շնորհը հաղորդության միջոցով, շփվելով Աստծո հետ աղոթքի ծածուկ սենյակում, Աստվածաշունչ կարդալով, մենք համապատասխան ձևով կարգավորում ենք մեր կյանքը: Կարգավորում՝ Աստծո ձայնը լսելու, երբ Նա խոսում է մեզ հետ: Իսկ լսելով էլ՝ հասկանում ենք Նրա լեզուն: Միայն այդպես դուք կարող եք մտնել ձեր կոչման մեջ:

Աստված կանչում է Մովսեսին, Հիսուսը կանչում է առաքյալներին, Պողոսը նորկտակարանյան շրջանում գրում է Եկեղեցուն տարբեր կոչումների մասին՝ նոր ընտրյալ ժողովրդի համար: Եվ մենք կարող ենք ու պետք է լայնացնենք դա՝ մեր ողջ կյանքի համար:

Պավել Լևուշկան