Եթե Դու կաս, ապա մի բան կանես. վկայություն

Ծնվել եմ սովորական ընտանիքում: Մայրս վաղուց քրիստոնյա է: Մանուկ հասակում ես իմ քրոջ ու եղբոր հետ մասնակցում էի կիրակնօրյա մանկական ծառայություններին:

Որոշ ժամանակ ինձ դուր էր գալիս եկեղեցի գնալը: Բայց տարիների հետ ավելի շատ հարցերում էի արդեն ինքս որոշումներ կայացնում, ու երբ 15 տարեկան դարձա, արդեն չէի ցանկանում եկեղեցի գնալ: Իսկ որոշ ժամանակ անց անգամ նյարդայնանում էի, երբ խոսում էին Աստծո մասին:

Սկսեցի ծխել, գարեջուր խմել, այցելել տարբեր զվարճանքի վայրեր: Շատ էի սիրում աշխարհիկ տարբեր ոճերի երաժշտություն, կարող էի ժամերով լսել՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչի մասին են երգում: Արդեն մի քանի ընկեր էի փոխել: Եվ մի անգամ իմ կյանքում հայտնվեց մի տղա, ում հետ շատ կապվեցի: Մտածում էի, թե դա է իսկական սերը: Ես ցանկանում էի ապրել միայն նրա համար: Սակայն որոշ ժամանակ անց կորցրեցի նրան ու որոշեցի, որ դրանով իմ կյանքն ավարտված է:

Անընդհատ փորձում էի գտնել միջոց՝ ներսիս ցավը խլացնելու, պատրաստ էի գնալ ուր ասես՝ միայն ոչ եկեղեցի, դիմել ում ասես՝ միայն ոչ Աստծուն: Վերջիվերջո, եկավ այն պահը, երբ իմ բոլոր հույսերը մարեցին՝ կյանքումս ինչ-որ բան փոխելու, և ես որոշեցի ավարտել իմ կայնքը ինքնասպանությամբ:

Կանգնելով 8-րդ հարկի մեր տան պատուհանի գոգին՝ նայում էի մարդկանց, որ քայլում էին փողոցով ու այնքան փոքր էին նրանք երևում, որ որևէ մեկի դեմքն անգամ չէի տեսնում: Նրանք այնքան հեռու ու անօգնական էին ինձ թվում, ոչ ոք նրանցից ի զորու չէր լուծելու իմ խնդիրը: Ես ուզում էի ցած նետվել, բայց դեռ տատանվում էի: Ներսումս՝ խորքում, մի միտք էր թրթռում, թե գուցե դեռ ինչ-որ մի ելք կա այս իրավիճակից, գուցե դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Այն ժամանակ ես չէի հասկանում, որ դա Աստծո ձայնն էր: Ու միաժամանակ զգում էի ահավոր ճնշում. ինչ-որ համոզիչ ձայներ անընդհատ պնդում էին, որ եթե թռչեմ, ապա հավետ ազատ ու երջանիկ կդառնամ, ուրիշ մի աշխարհ կընկնեմ, որտեղ չկա ոչ մի ցավ: Ես այնքան վատ վիճակում էի… նայեցի երկինք ու դիմեցի Աստծուն. «Եթե Դու կաս, եթե Դու սիրում ես ինձ, ուրեմն մի բան կանես…» և հրեցի ինձ պատուհանից դեպի դուրս ու ցած նետվեցի…

Ես հայտնվեցի լիակատար խավարի մեջ: Ահարկու սև անդունդը շրջապատել էր ինձ բոլոր կողմերից: Եվ այնքան անտանելի ցավ էի զգում՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Անհնար է նկարագրել այն սարսափն ու ցավը, որ վերապրում էի այդ ժամանակ: Ոչ մի շարժում չէի կարող անել, անգամ աչքերս թարթել չէի կարող: Մարմինս այլևս ինձ չէր հնազանդվում: Թվում էր, թե մի վայրկյան ևս.. և ինձ կմասնատեին: Որքա՜ն էի ուզում այդ պահին ազատվել այդտեղից: Իսկ կարևորը՝ չկար ժամանակի զգացողություն, ասես ինչ-որ վայրում էի, որտեղ ժամանակ ասվածը չկար պարզապես: Չգիտեմ որքան տևեց դա՝ մեկ ժամ, թե 100 տարի… Սարսափելի զգացողություն ունեի այն մտքից, որ կարող էի այլ կերպ վարվել, բայց արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու համար… Միևնույն ժամանակ, գտնվելով այդ անդունդի մեջ՝ հույս էի զգում, որ, այնուամենայնիվ, կար մեկը, ով կարող էր ինձ օգնել…

Երբ գիտակցության եկա ու բացեցի աչքերս, շուրջս մի խումբ սպիտակ խալաթով մարդիկ էին: Ես չէի կարողանում հիշել՝ ինչ է իմ անունը, ով եմ ես, բայց վստահաբար արդեն գիտեի, որ կա Աստված, ու Նա ինձ փրկել է: Բժիշկներն իրենց մեջ խոսում էին՝ ասելով. «Սա անհավանական է: Այսպիսի կոտրվածքներով մարդիկ չեն ապրում: Սա հրաշք է, որ նա կենդանի է»: Եվ դա իրոք հրաշք էր: Թեկուզ ես գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում, հազարավոր լարերի միացված, կոտրված էին իմ գրեթե բոլոր ոսկորները, չէի կարողանում խոսել ու անգամ շարժվել, ներսումս այդ ամենով հանդերձ՝ հայտնվել էր լիարժեք հանգիստ ու խաղաղություն: Եկել էր տարօրինակ վստահություն, որ հետո ամեն բան լավ է լինելու: Եկել էր ներսումս գիտակցում, որ այժմ ես Աստծո հետ եմ, և Նա երբեք ինձ չի թողնի:

Գրեթե մեկ ամիս անցկացրեցի վերակենդանացման բաժանմունքում՝ հաղորդակցվելով Աստծո հետ: Եվ ասում էի Նրան. «Տե՛ր, ես այնքան եմ մեղանչել, այնպես եմ ատել Քեզ, իսկ Դու ինձ փրկեցիր: Ինչո՞ւ»: Եվ Աստված պատասխանում էր ուղիղ սրտիս մեջ. «Որովհետև դու իմ սիրելի զավակն ես, և չկա ավելի մեծ մի բան, քան իմ սերն է քո հանդեպ: Ես տվեցի Իմ կյանքը, երբ մահացա Խաչի վրա, բայց հետո հարություն առա, որպեսզի արդարացնեմ ու ազատագրեմ քեզ բոլոր մեղքերից, որպեսզի փրկեմ քո կյանքը և տամ հավիտենական կյանք երկնքում»:

Այս խոսքերն ինձ Տերն ասաց հենց այն ժամանակ, երբ բժիշկները չէին կարողանում վստահաբար ասել՝ կապրե՞մ ես, թե՞ կմահանամ: Այս անգամ ես լսեցի Աստծուն: Ներողություն խնդրեցի Նրանից իմ բոլոր մեղքերի համար, խնդրեցի, որ Նա փոխի ինձ և միշտ բռնի իմ ձեռքից:

Մինչև այսօր Նա մեկ անգամ նույնիսկ բաց չի թողել ինձ, և իմ ձեռքը Նրա ձեռքում է:

Հիմա էլ տարբեր դժվարություններ կան իմ կյանքում: Ընկնելով բարձրությունից՝ ես կոտրել եմ իմ ողնաշարը և դեռ չեմ կարողանում քայլել: Ամեն օր վարժություններ եմ անում: Եվ օրեցօր Հիսուսը տալիս է ինձ ավելի ու ավելի մեծ հավատք, որ ամեն բան կստացվի ինձ մոտ: Վստահությամբ կարող եմ ասել, որ իմ ուժերով ես հաստատ չէի կարող հաղթահարել այս վիճակը, բայց Նրա ուժով ստացվում է:

Եվ գուցե այն խոսքերը, որոնք այն շրջադարձային պահին Հիսուսն ինձ էր ասում, հնչում են այժմ քեզ համար: Լսի՛ր քո սրտի խորքում հնչող Նրա ձայնը:

Այդ դեպքից անցել է արդեն երեք տարի: Շատ բան եմ վերապրել այս ընթացքում, բայց չնայած այս ամենին, ես այժմ ավելի երժանիկ եմ, քան նախկինում, քանզի հիմա կյանքս լցված է իմաստով, ուրախությամբ ու իսկական ներքին հանգստությամբ, որոնք հնարավոր է ունենալ միայն Աստծո մեջ:

Կատյա Ու.