Կինը ներել է ծայրահեղականներին, որոնց հարձակումից հետո սարսափելի տեսք է ստացել

Կահիրեի Սուրբ Պետրոսի տաճարում կատարված ռմբակոծության արդյունքում տուժած կինը, ում դեմքը սարսափելի տեսք էր ստացել սույն դեպքերից հետո, վկայում է, որ Հիսուսը հրաշքով պահպանել է իր կյանքը և շարունակում է հայտնվել իր տեսիլքներում:

Այս կնոջ անունն է Սամիհա Տաուֆիկ Ավադ. դեպքը կատարվել է 2016թ-ի դեկտեմբերին, բայց վերջերս այս կինը «Բաց դռներ ԱՄՆ» կազմակերպության հետ կիսվել է իր վկայությամբ: Նա և իր ամուսինը այդ օրը առավոտյան ժամը 11-ին եկեղեցում են եղել, երբ ծայրահեղականները պայթեցրել են եկեղեցու կանանց բաժանմունքը:

Երկու ահաբեկիչ-մահապարտներ այդ օրը սպանել են 24 քրիստոնյայի, իսկ 49-ին վիրավորել, ընդ որում՝ շատերը կանանցից, ովքեր մոտ են եղել պայթյունին, ծայրագույնս սարսափելի տեսք են ստացել:

Ամուսինն իր կնոջը արագորեն հիվանդանոց է տեղափոխել, չնայած նա գրեթե անճանաչելի էր:

Բժիշկները զգուշացրել են, որ նա, գուցե, կենդանի չմնա: Սակայն Սամիհան ոչ միայն կենդանի է մնում, այլև վերապրում է Հիսուսի ներկայությունը տեսիլքի մեջ, Ով լցնում է իր սիրտը ոչ թե բարկությամբ, այլ ներմամբ:

«Բժիշկները, գուցե, արդեն մտքում խաչ էին քաշել իմ կնոջ կյանքի վրա, բայց Աստված այլ ծրագիր ուներ»,- ասում է նրա ամուսինը:

«Բժիշկները մտածում էին, որ անօգուտ է ինձ բուժելը, այդ պատաճառով պարզապես գալիս էին, որ ժամանակ առ ժամանակ ստուգեն՝ մահացե՞լ եմ արդյոք, թե՞ դեռ կենդանի եմ»,- հիշում է Ավադը:

Ի վերջո նրան վիրահատում են, ինչից հետո, ի զարմանս բոլորի, նա ապաքինվում է և հիմա առողջ է, չնայած դեմքի գրեթե կեսը չկա:

«Հիշում եմ՝ պայթյունից հետո երբ ես ընկած էի գետնին, տեսա Հիսուսին: Առանց Հիսուսի ես մահացած կլինեի, բայց այն փաստը, որ Նա ինձ հրաշքով կրկին կյանք շնորհեց, ասում է ինձ այն մասին, որ Նա ցանկանում է՝ ես ապրեմ:

Եթե հանդիպեի հարձակվողների ընտանիքներին, մեկ հարց կտայի միայն. «Դուք ճանաչո՞ւմ եք Հիսուսին»: Ես աղոթում եմ, որ նրանք գտնեն ճշմարիտ ճանապարհը»,- ասում նա:

Տուժած կնոջ ամուսինը կատարվածի մասին պատմելով՝ կիսվում է, որ իրականում ներելը այն մարդկանց, ովքեր հարձակվել են եկեղեցու վրա և նրա կնոջը դատապարտել նման ծանր տառապանքների, հեշտ չէր, բայց նա հիշատակում է Հիսուսի խոսքերը Լեռան քարոզից, որտեղ Քրիստոսը կոչ է անում ներել մեղավորներին:

Այս հարձակումից մի քանի օր անց ղպտի եպիսկոպոս Անբա Անգելոսը ասել էր Christian Post հրատարակությանը, որ չնայած կատարված ողբերգությանը, Եգիպտոսի քրիստոնյաները պատրաստ են ներելու իրենց վիրավորողներին:

«Նման հարձակումներից կամ ռմբակոծություններից հետո, իհարկե, գալիս է բարկությունը, հասարակական հնչեղությունը, բայց չկա վրեժխնդրության կամ հատուցման որոնում: Մենք գոհանում ենք Տիրոջից՝ Նրա ողորմության և շնորհի համար, որ կարող ենք ներել՝ անգամ եթե դիմացինը արժանի չէ այդ ներմանը:

Մենք աղոթում ենք, որ հասարակությունը բժշկություն ընդունի: Մենք պատրաստ ենք և արդեն ներում ենք նրանց, որովհետև օրվա վերջում ներման պակասը մեզ ավելի շատ ցավ է պատճառում, քան որևէ այլ բան: Դա այն է, ինչ մենք պետք է հիշենք՝ որպես քրիստոնյաներ: Ես շատ եմ հպարտանում, որ ղպտի քրիստոնյաները Եգիպտոսում արագ են ներելու մեջ»:

Ղպտի քրիստոնյաների վրա հարձակումները Եգիպտոսում շարունակվում են նաև 2018թ-ին, քանի որ ԻԼԻՊ-ի զինյալները անցկացնում են արշավ, որն ուղղված է հավատացյալների դեմ: