Արժեքներ՝ առողջ ամուսնության համար

Այն փաստը, որ մարդիկ չգիտեն՝ ինչպես ընտանիք կառուցել, ժամանակակից հասարակության ոչ ճիշտ գործունեության գլխավոր պատճառներից է: Ես հավատացած եմ, որ ընտանիքի և ամուսնության վերականգնումը իսկապես կարող է փոխել աշխարհը:

Ես ամուսնացած եմ իմ երազանքների կնոջ հետ արդեն 42 տարի, իսկ միասին ենք մենք՝ 47 տարի: Այդ պատճառով ցանկանում եմ այսօր կիսվել առողջ ամուսնության մի քանի հիմնական արժեքներով: Աղոթքս է, որ սրանք ամրապնդեն ձեր ընտանիքը կամ օգնեն անցնելու փորձությունների միջով, եթե դուք դժվար ժամանակներով եք անցնում ձեր ամուսնության մեջ:

  1. Խոնարհ եղեք և ձեր ամուսնուն դարձրեք համար մեկ նշանակալի մարդը ձեր կյանքի:

Սա, գուցե, առանց այդ էլ՝ ակնհայտ է, բայց կարծում եմ՝ արժե ուշադրություն դարձնել այս կետին: Ամուսնությունը նշանակում է, որ դուք ուխտի մեջ եք մտել՝ ձեր կյանքը դնելու մի մարդու համար: Ամուսնությունը ամեն օր սիրելի մարդու համար «մահանալն» է: «Ոչ մի բան չլինի գրգռումով, և ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համարի։ Մենակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մեկն իր ընկերի բաներին էլ» (Փիլիպպեցիս 2.3-4): Մենք ականջ ենք դնում իրար պահանջներին:

  1. Չնայած փորձություններին, ձեր ամուսինը պետք է լինի ձեր ամենամտերիմ ընկերը, մեծագույն դաշնակիցը, ամենահուսալի գործակիցը և ամբողջ կյանքի տևողությամբ ուխտավորը:

Ի՞նչն է այստեղ խնդիրը. շատերը ամուսնանում են, բայց երբեք մեկ չեն դառնում: Ճշմարտությունը նրանում է, որ հենց սկզբից ամուսնության վերաբերյալ Աստծո խորհուրդն այն էր, որ երկուսը մեկ լինեն:

Երբ փորձություններն են գալիս, կարևոր է, որ երկուսը կապված մնան, ինչպես մեկ ամբողջություն: Դրանք կամ կմոտեցնեն ձեզ կամ կկոտրեն՝ կախված նրանից՝ կմնա՞ք իրար հավատարիմ, թե՞ կթողնեք իրար: Փոխարենը դժվարությունների ժամանակ իրար թողնելու, ասացեք ձեր ամուսնուն/կնոջը. «Ես քեզ հետ եմ»:

  1. Ուրախությունն ու զվարճանքը ճիշտ ընտրության արդյունքն են, ոչ թե ինքնին կյանքի նպատակը: Այդ պատճառով մենք չենք կարող հույսը դնել ուրախանալու կամ զվարճանքի վրա՝ ամուսնության մեջ սեր բերելու համար:

Գուցե շատ հաճելի չէ լսել, բայց լավ ամուսնությունը մեծ ջանքեր է պահանջում: Հաջողված ամուսնությունները պարզապես չեն «պատահում»: Դրանք ամենօրյա ընտրության արդյունք են. իրար սիրելու ու հավատարիմ մնալու ընտրության: Այսինքն ինչ էլ անում եք կողակցի համար, երբ ջերմորեն սիրում եք նրան, արեք նույնը, երբ այնքան էլ արդեն «հավես» չունեք:

Զգացմունքները մեծագույն ծառաներ են, բայց սարսափելի տերեր: Եթե ամուսնու/կնոջ հանդեպ սերը արտահայտվում է՝ ըստ ձեր զգացմունքների մակարդակի, ապա կյանքի քամիները այս ու այն կողմ են թափահարելու ձեր ամուսնությունը: Սերը միայն զգացմունք չէ, այլև՝ ուխտ:

  1. Ձեզ երջանիկ դարձնելը ձեր ամուսնու կամ կնոջ գործը չէ, քանզի երջանկությունը ներսի աշխատանք է:

Հիսուսը խոստացել է մեզ ուրախություն, որը գտնվում է Իր մեջ: Աստվածաշնչում հաճախ է խոսվում ուրախության մասին, բայց երբեք այն ամուսնական հարաբերությունների չի վերաբերում:

Զորություն կա այն բանում, որ սիրես մարդկանց իրենց հետաքրքրությունների մակարդակի վրա, ոչ թե՝ ելնելով սեփական հետաքրքրություններից:

Սիրեք ավելին, քան սիրել եք նախկինում:

Քրիս Վալոթոն