Ներման ուժը. վկայություն

Ներման ուժը. վկայությունՄենք ապրում էինք գյուղում ու հաճախ ստիպված էինք լինում ծանրություններ տեղափոխել: Երիտասարդ հասակում ինձ մոտ ողնաշարի հետ կապված խնդիրներ սկսեցին առաջանալ:

Հետո աշխատում էի մի վայրում, որտեղ նույնպես ծանրություններ էի բարձրացնում, և իմ մեջքը հետզհետե նմանվել էր հարցական նշանի, ոսկորներս դուրս էին ցցվել: Ավելորդ քաշ չունեի, բայց որովայնս էլ առջևից դուրս պրծած էր, կախված:

Տարիների հետ ես ավելի ու ավելի շատ էի հոգնածություն զգում: Շաբաթ օրերն էի եկեղեցի գնում, իսկ կիրակի ամբողջ օրը պառկած էի լինում, որպեսզի ցավերս մի փոքր հանգստանային ու կարողանայի հաջորդ օրվանից նորից սկսել աշխատանքային շաբաթը: Ես ընդամենը 33 տարեկան էի և նայելով ինձ հայելու մեջ՝ մտածում էի, որ այլևս ոչ ոք ինձ չի կարող օգնել:

Մի անգամ եկեղեցական ծառայության ժամանակ մենք բոլորս կանգնած փառաբանում էինք Աստծուն, սակայն ես այնքան վատ էի ինձ զգում, մեջքիս ցավերն այնքան ուժեղ էին, որ հենվել էի պատին: Ցավը թույլ չէր տալիս լիովին կենտրոնանալ փառաբանության վրա, ու ես մի պահ լռեցի և ներսումս խնդրեցի. «Տե՛ր, հեռացրու այս ցավը»:

Քիչ անց քարոզիչը ապաշխարության կոչ արեց: Ես չէի հասկանում՝ ինչու, բայց անընդհատ լացում ու լացում էի, չէի հանգստանում: Հանկարծ մի անասելի, աննկարագրելի ամոթ զգացի ներսումս: Հասկացա, որ պետք է տեղիցս վեր կենամ ու ներողություն խնդրեմ որոշ մարդկանցից: Աստված հստակ ցույց էր տալիս, թե կոնկրետ ումից պետք է խնդրեմ ներում: Ներսումս ուժեղ պայքար էր գնում, կանգնել ու, կարելի է ասել, գոռում էի մտքում. «Տե՛ր, ինչո՞ւ ես, չէ՞ որ նրանք ինձ ավելի շատ են վիրավորել»: Սակայն հասկանում էի, որ պետք է դա անեմ ու վերջ:

Ամբողջ քարոզի ընթացքում այդ պայքարը շարունակվեց: Վերջում արդեն ուժասպառ խնդրեցի Տիրոջը. «Ինձ համար շատ ծանր է՝ անել դա: Բայց Դու հաղթեցիր, ուրեմն օգնիր՝ ես էլ հաղթեմ»: Խոստացա Նրան, որ հենց քարոզը ավարտվի, կմոտենամ ու այդ մարդկանցից ներողություն կխնդրեմ:

Քարոզն ավարտվեց, ես մոտեցա նրանց: Հենց ներողություն խնդրեցի, հանկարծ դադարեցի արտասվել, լացը անհետացավ ներսիցս: Քանի որ այդ օրը սեմինար էր, քիչ անց սկսվեց երկրորդ ծառայությունը, որի ժամանակ ես, չգիտես ինչու, նորից սկսեցի լացել: Քարոզը նորից ապաշխարության մասին էր: Միանգամից հասկացա, որ Աստծո ցույց տված մարդկանցից ոչ բոլորից էի ներողություն խնդրել, պետք էր գործը հասցնել ավարտին: Նորից սկսվեց պայքարը մտքիս մեջ: Իսկ ես նստած լացում ու լացում էի, ասես վերջ չկար այդ արցունքներին: Վերջապես նորից հանձնվեցի Աստծուն, խնդրեցի Նրան՝ նորից օգնել ինձ, ու նորից խոստացա, որ կանեմ այն, ինչ Նա ասում է:

Հենց քարոզը ավարտվեց, անմիջապես վեր կացա, մոտեցա հերթով բոլորին, ումից պետք է ներողություն խնդրեի, ու արեցի վերջապես այդ կարևոր քայլը ամբողջությամբ: Նորից արցունքներս դադարեցին: Իսկ մի քույրիկ արձագանքեց. «Ներո՜ւմ ենք»:

Եվ հենց այդ պահին հանկարծ զգացի իմ ողնաշարի վրա մի մեծ ձեռքի ամուր հպում, շատ մեծ մի ձեռքի, մարդկային ձեռքից երևի թե երեք անգամ մեծ: Միևնույն ժամանակ, տաքություն զգացի մեջքումս: Նայեցի, կողքերս ոչ ոք չկար կանգնած: Արագ նստեցի ու հարցրեցի Աստծուն. «Տե՛ր, մարդիկ, այո՛, ինձ ներեցին, իսկ Դու, Դու ինձ ներո՞ւմ ես»: Այդ պահին բեմ բարձրացավ երրորդ քարոզիչը ու իր խոսքը սկսեց այսպես. «Քույրեր և եղբայրներ, Աստված ներել է մեզ»:

Վերադառնալով տուն՝ մոտ մեկ շաբաթ զգում էի, որ ողնաշարիս մեջ ինչ-որ բան է կատարվում: Պարբերաբար տաքություն էի զգում, ինչ-որ տարօրինակ շարժումներ էի զգում ողներիս մեջ: Միայն հերթական կիրակի օրը, երբ գնացի ննջարան, որպեսզի պառկեի՝ ուժ հավաքելու առաջիկա աշխատանքային շաբաթվա համար, զգացի, որ մեջքիս հետ ինչ-որ բան այն չէ:

Հասկացա, որ հանգստանալու կարիք չունեմ, քանի որ ցավ ու հոգնածություն չեմ զգում: Մոտեցա հայելուն ու աչքերիս չէի հավատում… Մեջքս լիովին ուղիղ էր: Ողներս գեղեցիկ շարված էին մեկը մյուսի հերթականությամբ՝ ինչպես փոքրիկ առողջ երեխայինը: Իսկ երբ կիսաշրջազգեստս էի հագնում, նկատեցի, որ առջևից որովայնս էլ կախված չէ առաջվա նման: Ամեն բան իր տեղում էր, գեղեցիկ ու հավասար:

Ես չէի կարողանում հավատալ նրան, ինչ տեսնում էի սեփական աչքերով: Այժմ վստահաբար գիտեի, որ այն ծառայության ժամանակ Տերն էր Իր ձեռքով դիպել իմ մեջքին:

Փառք Նրան հավերժ ու շնորհակալություն:

Ալյոնա