«Գտա այն, ինչ փնտրել էի ողջ կյանքիս ընթացքում». փիլիսոփայության դոկտորը վկայում է իր հավատքի մասին

«Գտա այն, ինչ փնտրել էի ողջ կյանքիս ընթացքում». փիլիսոփայության դոկտորը վկայում է իր հավատքի մասինԻմ հարաբերություններն Աստծո հետ այնպիսին էին, ինչպես ցանկացած մահմեդականի մոտ. Ալլահը հեռու ու անհասանելի էր, նա տվել էր ինձ օրենքը, որը ես պետք է կատարեի, այլապես խնդիրներ կունենայի: Այսինքն՝ դրանք անձնական փոխհարաբերություններ չէին Ալլահի՝ մեկի հետ, ով անհասանելի էր, այլ պարզապես պատվիրանների կատարում, որոնք գրի էին առնված Ղուրանում, և ես պետք է դրանք պահեի, հակառակ դեպքում՝ կհամարվեի չար մահմեդական, և Ալլահը գոհ չէր լինի ինձանից:

Եվ այսպես, ես պարզապես ջանք էի անում շահել նրա բարեհաճությունը, չբարկացնել նրան: Պարզապես ջանք էի անում կրոնական ծեսերը հավատարմորեն կատարել:

Ջանք էի անում սրտիս մեջ եղող դատարկությունը լցնել գիտությամբ. գրքեր էի ուսումնասիրում, գիտությամբ զբաղվում, ինչպես այլ մարդիկ դատարկությունը լցնում են պոեզիայով կամ այլ բաներով:

Չէ՞ որ ամեն սրտի մեջ կա դատարկություն, որը կարելի է լցնել. գոյություն ունեն տարբեր միջոցներ, այդ թվում՝ կրոնը: Հենց դա էլ մենք՝ մահմեդականներս, փորձում ենք անել: Բայց եկեք անկեղծ լինենք. միայն կրոնը չի կարող անել դա: Կրոնը չի փոխում մարդու սիրտը, այն միայն ստիպում է որոշակի ծեսեր կատարել, լցնում մարդու կյանքը կրոնական պարտավորություններով: Բայց այն չի լցնում և չի փոխում մարդկային սիրտը: Եվ եթե դուք անկեղծ մահմեդական եք, անկեղծորեն հետևում են իսլամին, ապա մեկ օր կհանգեք մի հարցի. «Ի՞նչ եմ ես անում»:

Կրոնական կյանքը իմ հոգին չէր լցնում, բայց ես շարունակում էի ապրել այդպես, քանզի եթե ես չանեի դա, Ալլահը դատելու էր ինձ, և ես խնդիրներ էի ունենալու: Սակայն մի շրջան եկավ, երբ ես լրջորեն տարվեցի գիտությամբ: Ասում էի ինքս ինձ. «Ես ունեմ նպատակ, ես պետք է ստանամ փիլիսոփայության դոկտորի կոչում»:

Կարծում էի՝ եթե ստանամ բարձր գիտական աստիճան, եթե խորանամ գիտության մեջ, ապա իմ սրտի դատարկությունը կլցվի:

Ես գտա լավ աշխատանք, դեռևս ուսանող ժամանակ այդ աշխատանքը լավ եկամուտ էր ապահովում ինձ, ֆինանսական խնդիրներ չունեի, հասել էի շատ նպատակների, որոնք դրել էի իմ առջև, բայց սիրտս, միևնույն է, դատարկ էր: Եվ ես ասացի ինքս ինձ. «Անկեղծ եղիր: Ինչ-որ բան դու բաց ես թողել քո կայնքում, ինչին ո՛չ գումարները, ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ գիտական աստիճանները չեն կարող փոխարինել»:

Ես անգամ կասկածի տակ էի առնում Աստծո գոյությունը, չէ՞ որ այդ ժամանակ արդեն գիտնական էի և մտածում էի՝ «Ո՞վ կապացուցի ինձ, որ Աստված գոյություն ունի»: Արդեն գիտեի, որ կրոնը գործնականում ոչինչ չի փոխում, բայց որոշեցի նորից Ղուրանը կարդալ, մտածեցի, գուցե բաց եմ թողել մի բան, և այս անգամ ամեն բան այլ կերպ կլինի:

Այսպիսով, սկսեցի կարդալ Ղուրանը՝ որոնելով Աստծուն: Երբ վերջացրեցի ընթերցանությունը, ասացի ինքս ինձ. «Դե ինչ, հիմա ես ավելի շատ գիտելիքներ ստացա, թե ով է աստված, և ինչ է Ղուրանը ասում նրա մասին, բայց իմ սիրտը դեռևս դատարկ է: Ինչո՞ւ գիտելիքները իմ գլխում ավելացան, բայց սիրտս լռում է»:

Համակերպվեցի այն մտքի հետ, որ կյանքն անիմաստ է, ամեն բան դատարկ է, մեկ է՝ կրոնավոր կլինես, հավատացյալ, թե անհավատ: Որոշեցի վերջ տալ իմ որոնումներին: Բայց մի բան ներսումս ասում էր. «Դու իսկապե՞ս քեզ հաջողված գիտնական ես համարում. արդյոք դու գիտնակա՞ն ես, եթե ընդամենը մեկ գիրք ես ուսումնասիրել կրոնի մասին»:

Գիտնականները այդպես չեն վարվում. նրանք մի թեմայի շուրջ ուսումնասիրում են բազում գրքեր, հետո գալիս վերջնական եզրահանգման:

Այդ ժամանակ որոշեցի Աստվածաշունչը ևս ուսումնասիրել, որ երբ ինձ հարցնեն, ես վստահ պատասխանեմ, թե ուսումնասիրել եմ ամեն բան ու եկել արդյունքի, որ Աստված կապ չունի մեր կյանքի հետ:

Եվ այսպես՝ Աստվածաշունչը սկսեցի կարդալ Հին Կտակարանից, հետո միանգամից անցա Մաթևոսի Ավետարանին: Եվ այնտեղ կարդացի Հիսուս անունով մարդու մասին, ով նման չէր ոչ մեկի:

Այո՛, Ղուրանից գիտեի Հիսուս մարգարեի մասին, Նա նման էր Մուհամմեդին, բայց այս Հիսուսը չէր համապատասխանում մարգարե Հիսուսի մասին իմ պատկերացումներին, չէ՞ որ այս Հիսուսը թույլ էր տալիս, որ Իրեն երկրպագեին (Մաթևոս 14.33): Այնպես որ, մտքում «պայքարում էի» Հիսուսի հետ. արդյոք Նա ընդամենը մարգարե՞ է, թե՞ աշխարհի Փրկիչ: Այս մտորումներով ապրեցի մի քանի ամիս և ասացի ինքս ինձ. «Գնամ եկեղեցի և լսեմ, թե ինչ են այնտեղ ասում»:

Մի քանի շաբաթ անց ես արդեն նստած էի եկեղեցում և լսում էի քարոզը, երբ քարոզիչը դահլիճին դառնալով՝ ասաց. «Ո՞վ ունի հարցեր, եկեք առաջ և տվեք դրանք»: Ես շատ հարցեր ունեի ու, բնականաբար, գնացի առաջ հովվի մոտ և սկսեցի հարցերս ուղղել իրեն:

Պատմեցի, որ ուսումնասիրել եմ իսլամը, Ղուրանը և շատ հարցեր ունեմ:

«Արդյոք Մուհամեդը Աստծո մարգարե՞ն է»,- հարցրի ես:

Նա մի պահ մտածեց և պատասխանեց. «Իսկ որն է քո մյուս հարցը»:

Ես ասացի. «Արդյոք Ղուրանը Աստծո խո՞սքն է»:

Եվ նա նորից հարցրեց իմ հաջորդ հարցի մասին ու այսպես շարունակ թույլ տվեց, որ տամ բոլոր հարցերս, մինչ ինքը առանց դրանց պատասխան տալու լուռ լսում էր: Եվ միայն վերջում ասաց.

«Գիտե՛ս, ինձ հայտնի չեն քո հարցերի պատասխանները, բայց մի բան գիտեմ՝ իրականում հավատքը պարզ է. հավատո՞ւմ ես դու արդյոք, որ մեղավոր ես»:

«Եթե որպես չափանիշ ընդունենք Հիսուսի լեռան քարոզը. «յուրաքանչյուրը, ով կնոջը ցանկությամբ է նայում…» (Մաթևոս 5.28), ապա դա բարձր չափանիշ է, կամ որտեղ ասվում է, որ եթե եղբորդ վրա զուր տեղը բարկացար, ապա դա հավասարազոր է սպանության (Մաթևոս 5.21-22): Ես ոչ ոքի չեմ սպանել, չեմ շնացել, բայց համաձայն Աստծո Խոսքի՝ սրտում և՛ սպանություն եմ գործել, և՛ շնացել եմ, և եթե չափանիշները այդպիսին են, ապա բոլոր մարդիկ մեղավորներ են»,- պատասխանեցի ես:

Այդ ժամանակ հովիվը հարցրեց.

«Հավատո՞ւմ ես արդյոք, որ Աստված սիրում է քեզ»:

Ես մի պահ մտածեցի ու ասացի. «Եթե Աստված արարել է ինձ, ապա պետք է որ ինչ-որ չափով սիրի»:

Եվ հնչեց հաջորդ հարցը. «Հավատո՞ւմ ես արդյոք, որ Աստված սիրում է քեզ այնքան, որ Ինքը եկավ՝ որոնելու քեզ»:

Ես պատասխանեցի. «Դա հնարավոր է, չէ՞ որ եթե սիրում ես մեկին, նա ունակ չէ ոչինչ իր համար անելու, ապա գնում ես ինքդ անելու մի բան այդ մարդու համար, որովհետև սիրում ես նրան: Եվ եթե Աստված ասել է, որ Ինքը սեր է և գիտի, որ ինքս ոչինչ չեմ կարող անել՝ հասնելու Նրան, ապա տրամաբանական է, որ Ինքը առաջին քայլը կանի և Ինքը կգա ինձ մոտ»:

Այդժամ հովիվն ասաց. «Հենց այդ էլ Նա արել է, և դա բավական է: Եթե դու հավատում ես դրան, ապա դա բավական է»:

Այդ պահին, երբ նա ասաց, որ դա բավական է, հանկարծ Սուրբ Հոգին եկավ ինձ վրա, ամեն բան այնքան պարզ ու հստակ դարձավ՝ Աստծո սիրո նշանակությունը, այն, ինչ Նա արել էր ինձ համար, ինչպես էր որոնել ինձ, ինչու էր տառապել խաչի վրա, ինչպես էր հեռացրել ինձնից իմ մեղքերը:

Հանկարծ Աստված դադարեց հեռավոր Մեկը լինել ինձ համար. Նա իմ կողքին էր, իմ ներսում: Ես զգում էի Նրա անձնական ներկայությունը, ես վերստին ծնված էի, այնպիսի խաղաղություն և ուրախություն էի զգում, գիտեի, որ գտել եմ այն, ինչ փնտրել էի ողջ կյանքիս ընթացքում:

Վերջապես, իմ սիրտը լցված էր Աստծո սիրով, խաղաղությամբ և ուրախությամբ. Աստված ինձ հետ էր, իմ ներսում, ես որոնել էի դա ողջ կյանքում, և ահա Նա՝ Ինքը Աստված, բնակվում է իմ ներսում:

Այս դեպքը փոխեց իմ ողջ կյանքը. ես մտածում էի. «Ինչո՞ւ ես պետք է սա ինձ համար պահեմ»: Ես այնքան ամաչկոտ էի, բայց հիմա գիտեի, որ պետք է կիսվեմ իմ վկայությամբ ընկերներիս, ընտանիքիս հետ և ամեն մեկի հետ, ում ճանաչում էի:

Իհարկե, սկզբում նրանք անարգում էին, բայց քիչ-քիչ մեկը մյուսի հետևից ընդունեցին Քրիստոսին:

Աստված Ինքը որոնում է ձեզ, սիրում է ձեզ: Եվ դատարկ կրոնն ու ծիսակատարությունները երբեք չեն բավարարի, Աստված չի ցանկանում բարդել դրանք ձեզ վրա. Նա չեկավ դրա համար, այլ եկավ՝ հեռացնելու մեզնից մեր լուծը, մեր մեղքերը:

Նա փոխհարաբերություն է որոնում մեզ հետ: Աստված ասում է. «Ես սիրում եմ ձեզ, Ես տեսնում եմ ձեր պայքարը, ձգտումը՝ ավելի լավը լինելու, Ես Ինքս եկա ձեզ մոտ՝ վերցնելու ձեր մեղքը և վճարելու դրա համար»:

Ի՞նչ է մեզ մնում. մեզ մնում է պարզապես հավատալ և ընդունել Նրա սերը: Հիսուս Քրիստոսը՝ Աստծո սերն էր, որ հայտնվեց մարդկային մարմնի մեջ: Քրիստոսին ընունելով՝ ընդունում ենք Աստծո սերն ու փրկությունը, և մեր կյանքը փոխվում է: Պարզապես աղոթեք. «Հիսո՛ւս, եկ իմ սրտի և կյանքի մեջ»:

Վերապատվելի դոկտոր Հորմոզ Շերիաթ