Հափշտակության նախազգուշացում, օրհնության նամակներ… Ուղարկիր սա ևս քսան հոգու, թե չէ…

Հափշտակության նախազգուշացում, օրհնության նամակներ... Ուղարկիր սա ևս քսան հոգու, թե չէ...Ժամանակ առ ժամանակ հայկական ֆեյսբուքում ինչ-որ անհասկանալի պայթյուններ են տեղի ունենում, որոնք փոթորկի ալիքի պես խառնում են օգտատերերին, դառնում յուրաքանչյուրի խոսք ու զրույցի թեման: Նման փոթորիկներից զերծ չեն մնում նաև քրիստոնյաները:

Եվ այսպես, առավոտյան շուտ ընկերներիցդ հինգը, տասը կամ քսանը արթնացնում են քեզ՝ իրենց նամակով, թե՝ «սա օրհնության նամակ է, Աստված քեզ օրհնյալ օր է խոստանում, ուղարկիր սա ևս 20 հոգու և կօրհնվես», կամ՝ «Աստված տեսավ քո տառապանքները ու վերջ կդնի քո ցավերին…. ուղարկիր սա ևս 20 հոգու, թե չէ…»: Հազիվ էինք «գլուխ հանում» Ցուկերբերգի՝ անձամբ մեզ ուղղված նամակներից (թեև մինչ օրս կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են ու ուղարկում, հավատում են ու ուղարկում, հավատում են ու ուղարկում…), հիմա էլ մյուսները՝ առավել քրիստոնեական բովանդակությամբ:

Սիրելի՛ օգտատեր, ընդհանրապես, զգուշացիր ցանկացած նամակից, երբ վերջում ասվում է՝ ուղարկիր սա ևս տասը կամ քսան հոգու… Այդ նամակները ամենասովորական «սպամ» նամակներ են, որոնք իրենցից որևէ կարևոր տեղեկություն ներկայացնել չեն կարող և նախատեսված են «սրտից թույլ» ու «ամեն բանի հավատացյալ» օգտատերերի համար:

Կարևորելով առողջ նյութերի տարածումն ու համացանցի ճիշտ և անվտանգ օգտագործումը՝ CrossNews.am-ի նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադաձել էինք նմանատիպ մի սպամ-հաղորդագրության՝ Հնդկաստանի 200 եկեղեցիների վրա հարձակման սուտ տեղեկատվության մասին: Նմանատիպ մի սպամ-հաղորդագրություն էլ ժամանակ առ ժամանակ տարածվում է հայտնի քարոզիչ և ուսուցիչ, գրքերի հեղինակ Ջոյս Մայերի անունից (ոչ թե կողմից):

Այժմ ևս մեկ անգամ կոչ ենք անում, սիրելի ընթերցող, զերծ մնացեք նմանատիպ նամակների տարածումից: Հավատացեք, Աստծո օրհնությունը կախված չէ ինչ-որ նամակ ուղարկել-չուղարկելուց: Ուզո՞ւմ ես Աստված օրհնի օրդ. պարզապես ապրիր Նրա հետ, քայլիր Նրա հետ, խոսիր Նրա հետ, եղիր Աստծո ներկայության մեջ ու հաստատ՝ կօրհնվես, այն էլ՝ ինչպե՜ս… Թե չէ՝ հավատալ, թե Աստված սպասում է իմ ու քո՝ օրհնության նամակ փոխանցելուն, պարզապես ծիծաղելի է: Երանի՜ թե նույն խանդավառությամբ ու ջանասիրությամբ միմյանց փոխանցեինք Ավետարանի Բարի լուրը, Փրկության պատգամն ու սրբությամբ ապրելու հորդորներ:

Մեկ ուրիշ «նորություն» էլ, որ վերջին օրերին «տակնուվրա» է արել համացանցը, այն է՝ թե «Հափշտակությունը մոտ է, աշխարհի վերջը մոտ է, մարդիկ չիպավորվում են….»: Ինչպես գրել էր օգտատերերից մեկը, բնույթով ավետարանչական այս նամակը կարծես ավելի շուտ ահաբեկչական նամակ լինի, երբ կարդում ես ու պատվում սարսափով:

Մի՞թե նորություն է, որ աշխարհի վերջը մոտ է, մի՞թե նորություն է, որ վերջին օրերում մարդկանց չիպեր են պարտադրվելու, մի՞թե նորություն է, որ այդ ամենը վաղուց է սկսվել (CrossNew.am-ն անդրադարձել է խնդրին 2013 թ-ին՝ Հակաքրիստոսի չիպը, 2015թ-ին՝ Չիպավորումը Իտալիայում նյութերով): Պետք չի խառնաշփոթ սարքել, խուճապի մատնվել և խուճապահար անել ձեր ընկերներին:

Դադարեք ուղարկել միմյանց «Ուղարկիր սա ևս 20 հոգու» բնույթի նամակներ, դրանք ոչ ձեզ ինչ-որ բան կտան, ոչ ձեր ընկերներին՝ քայքայված նյարդերից բացի, մանավանդ՝ որ Աստծո Խոսքը պատվիրում է Աստծո անունը զուր տեղը չգործածել, ինչպես նաև հորդորում՝ իմաստուն լինել և ժամանակը ծախու առնել:

Սիրելի՛ քրիստոնյա, համացանցում ցանկացած նյութ կարդալիս պետք է առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ սառը դատողությամբ և Աստծո Խոսքով, պետք է քննել ընթերցածն ու տեսածը, հասկանալ դրա դրդապատճառներն ու հետևանքը, և հետո միայն «գործի անցնել»: Մի՛ վստահեք ընթերցած ամեն մի նորությանն ու տեղեկատվությանը, անգամ՝ պատգամին ու արտաքինից բարի թվացող որևէ ձեռնարկումի, եթե չգիտեք աղբյուրը, չեք ճանաչում հեղինակին ու այն սկսում է հակասել Աստծո Խոսքին:

Այս ամենով հանդերձ՝ հիշեք, որ մենք ապրում ենք վերջին օրերում և Աստվածաշնչյան մարգարեությունները, նշաններն ու զգուշացումները ի կատար են ածվում…

Հ.Գ. Ուղարկիր այս հոդվածը վերը նշված նամակներից ուղարկող 20 ընկերներիդ և կխնայես նյարդերդ ու ժամանակդ 🙂

CrossNews.am