Աստծո ողորմության հրաշքը շուկայում. վկայություն

Ամեն տարի ամառային արձակուրդներից առաջ ես մի փոքր անհանգստանում եմ, թե կլինի՞ արդյոք հնարավորություն ընտանիքով որևէ տեղ գնալ, հանգստանալ:

Երեխաները միշտ սպասում են ինչ-որ յուրահատուկ մի բանի: Նրանք գալիս, մեզ պատմում են, թե իրենց ընկերներից ով ուր է պատրաստվում գնալ, ինչ երկրներ ու տեսարժան վայրեր են նրանք պատրաստվում այցելել իրենց ընտանիքների հետ… Եվ ես միշտ այնքան եմ ուզում նրանց զվարճացնել, նվիրել անմոռանալի արձակուրդներ…

Մտածելով այս ամենի մասին՝ հիշեցի Աստծո Խոսքը. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):

Որքան մոտենում էին արձակուրդի օրերը, այնքան հաճախ էին երեխաները տարբեր հարցերով դիմում ինձ, թե ուր են գնալու և ինչով են զբաղվելու ամռանը: Ես կիսվեցի երեխաների հետ այդ խոսքով, որը Տերը դրել էր իմ սրտում, և մենք բոլոր երեխաներիս հետ միասին որոշեցինք, որ մեր արձակուրդների նշանաբանն այս անգամ կլինի հենց այդ խոսքը Աստվածաշնչից: Զուրցեցինք այն մասին, որ արձակուրդների ժամանակ կորոնենք Աստծո երեսը մեր բոլոր սրտով, և Նա հոգ կտանի մնացած ամեն բանի համար:

Սկսվեցին արձակուրդները, և մենք կանոնավոր ձևով սկսեցինք որոնել Աստծո երեսը՝ անցկացնելով պաշտամունքի հավաքույթներ ընտանիքով ամեն օր՝ առավոտյան և երեկոյան: Ես նկատեցի, որ երբ Տերը սկսեց հպվել երեխաների սրտերին, այդ ժամանակ այն հարցերը՝ մարմնավոր զվարճանքների հետ կապված, որը նրանք մինչ այդ անընդհատ ինձ տալիս էին, սկսում էին հետզհետե հեռանալ նրանց մտքերից:

Այդ ամառ մենք երկու շաբաթով մեկնեցինք Պետերբուրգ՝ ամբողջ ընտանիքով, ինչպես նաև մի քանի օրով հյուրընկալեցինք մեր ընկերներին Կենգիսեպ քաղաք՝ իրենց իսկ հրավերով: Եվ այդ ամբողջ ընթացքում մենք շարունակում էինք բռնվել միայն մեկ բանից, որ Աստծո ներկայությունը մեզ հետ լինի, մեր արձակուրդի ողջ ընթացքում, որտեղ էլ որ լինենք: Աստված շատ ողորմություն ցուցաբերեց մեր հանդեպ այդ ճանապարհորդության ընթացքում, և դրանցից մեկի մասին ցանկանում եմ պատմել մանրամասն:

Մեկ անգամ ընտանիքով գնացինք շուկա Կենգիսեպում՝ պարզապես տեսնելու, թե ինչ են այնտեղ վաճառում: Երեխաները փայլող աչքերով մեզ հարցնում էին, թե ինչ ենք մենք նրանց համար գնելու շուկայից: Մենք գներին նայելով որոշեցինք, որ գուցե, մեր գումարը կբավականացնի ընդամենը արևային ակնոցներ գնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Մենք քայլում էինք իրար հետևից, իրար կողքից, բայց մի տեսակ ցրված, որոշներս իրարից շատ հեռու էինք քայլում: Բոլորս ցանկանում էինք նայել, թե ինչեր էին վաճառում, քայլելու մասերն էլ նեղ էին, այնպես որ մենք չէինք կարող միմյանց կողք կողքի քայլել ու անընդհատ միասին լինել:

Մի կին էր նստած աթոռի վրա, ես նկատեցի նրան: Եվ հանկարծ, երբ մեր ընտանիքի բոլոր անդամները անցան նրա կողքով, նա անսպասելիորեն տեղից վեր թռավ ու վազեց մեր հետևից: Ես չգիտեմ, թե ինչպես նա կարող էր որոշել, որ մենք մի ընտանիք ենք, քանի որ միմյանցից շատ հեռու ու ցրված էինք քայլում, բայց մոտեցավ ու հիացմունքով հարցրեց. «Այս բոլոր երեխաները ձե՞րն են, քանի՞սն են նրանք»: Սկսեց գովել մեզ, որ այսքան երիտասարդ ենք ու հասցրել ենք արդեն այսքան շատ երեխաներ ունենալ: Ասաց, որ ինքը նույնպես մեծ ընտանիքից է, դրա համար էլ շատ է հարգում նման ընտանիքներին և առաջարկեց մեզ մոտենալ շուկայի վաճառակետերից մեկին, որպեսզի ինքը մեր ամեն երեխայի համար մեկական նվեր ընտրի:

Մենք այնքան ենք սովորել այս աշխարհում վճարել ամեն ինչի համար, որ հաճախ մտածում ենք, թե հնարավոր չէ Աստված իր սերն ու գթությունը դրսևորի մեկի միջոցով՝ վճարելու մեր փոխարեն: Բայց չէ՞ որ Աստված անգամ ամենամեծ ու ամենակարևոր բանը՝ փրկությունը, մեզ անվճար տվեց՝ ինքը վճարելով մեր փոխարեն:

Շուկայի այդ կինը մեզ ուղղակի ստիպողաբար մոտեցրեց մի վաճառակետի ու սկսեց մեր յուրաքանչյուր երեխայի համար ընտրել նվերներ՝ ամեն մեկին համապատասխան չափսերով: Նրա վրա ասես անսովոր կերպով իջել էր առատաձեռնության շնորհը և նվերներն ընտրելուն զուգընթաց նա բարձրաձայն այս ու այն կողմ ասում էր, որ Աստծո անվան համար է անում այդ ամենը: Եվ ամեն մեկին մեկական նվեր վերցնելուց հետո՝ այդ կինը չկարողացավ կանգ առնել ու սկսեց նաև տարբեր շորեր ու կոշիկներ ընտրել մեր երեխաների համար: Նա անգամ արդեն չէր էլ հաշվում, թե ինչքան էր վճարելու, այն դեպքում՝ երբ սկզբում մանրամասն հաշվում էր. ասես ընթացքում մոռացել էր դրա մասին:

Մեր փոքրիկ որդին ամուսնուս գրկում էր, ուստի նրա մանկասայլակը ազատ էր, և այդ կինը մեր բոլոր նվերները գնում ու լցնում էր այդ սայլակի մեջ: Եվ հանկարծ ավելի զարմանալի մի բան կատարվեց այդ շուկայում: Անսպասելիորեն ասես այդ նույն գթության ու առատաձեռնության շնորհը իջավ բոլոր վաճառողների վրա: Նրանք նույնպես սկսեցին ինչ-որ նվերներ բերել մեզ համար իրենց վաճառակետերից: Մեր շուրջը հավաքվել էր դիտորդների մի ամբողջ բազմություն: Բոլորը զարմացած նայում էին, թե ինչ է տեղի ունենում: Իսկ մենք ամոթից ու հիացմունքից շիկնած համոզում էինք, որ այդ մարդիկ էլ չնվիրեն մեզ ոչինչ, բայց ապարդյուն. Մեր մանկասայլակի վրա նվերների մի ամբողջ սար էր կառուցվել: Ոմանք արդեն չէին էլ նայում երեխաների չափսերին, բերում ու բերում էին՝ ով ինչ ուներ վաճառքի:

Մենք ուղղակի մի կերպ դուրս եկանք այդ շուկայից: Մի փոքր այն կողմ էինք կանգնել, երբ երեխաներն ասացին, որ խմել են ուզում: Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղից նորից հայտնվեց մեր կողքին այն կինը և բռնելով երեխաներից երկուսի ձեռքը՝ ասաց, որ տանում է նրանց խմելու որևէ բան հյուրասիրի: Մինչ մենք սպասում էինք նրանց, թեկուզ որ շուկայից հեռու էինք արդեն կանգնած, այն վաճառողուհիները հեռվից նկատեցին, թե որտեղ ենք մենք, ու էլի սկսեցին ինչ-որ իրեր բերել մեզ նվեր: Մեր նվերներն այլևս չէին տեղավորվում սայլակի մեջ… մենք չէինք հասկանում, թե այդ ինչ հրաշք էր կատարվում, ուզում էինք արդեն փախչել այդտեղից՝ առանց հետ նայելու, և երբ երեխաները հյութերը ձեռքներին վերադարձան, մենք ուղղակի վազելով հեռացանք այդ շուկայից…

Մենք ապշած էինք այդ մարդկանց բարությունից ու առատաձեռնությունից: Այնպիսի տպավորություն էինք ստացել, թե այդ վաճառողները մի կարճ ժամանակով ասես իրենց գիտակցությունը կորցրել էին ու չէին հասկանում, թե ինչ են անում՝ մոռանալով գների, իրենց ծախսերի մասին: Բոլորս միասին արագ-արագ լցնում էինք այդ բազում նվերները մեքենայի մեջ ու հիանում Աստծո գործերի վրա: Պատկերացնում էինք այն պահը, երբ այդ կանայք վերջապես հանկարծ կսկսեին մտածել, թե որքան են ծախսել մեր վրա…

«Եհովան ժողովրդին շնորհք տվեց եգիպտացիների առաջին և եգիպտացիք նրանց ուզածը տվին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին» (Ելից 12.36):

Մենք նստեցինք մեքենան և ուղղակի արցունքոտ աչքերով շնորհակալություն հայտնեցինք Աստծուն այդ բոլոր օրհնությունների համար, Իր Խոսքի ճշմարտացիության համար: Նա ասաց, որ սկզբում Աստծո արքայությունը փնտրենք ու մնացածը կտրվի, և այդպես էլ եղավ: Մենք այդ շուկա էինք մտել գրեթե դատարկ գրպաններով, բայց դուրս եկանք այնտեղից լիքը ձեռքերով:

Այո, մենք այդ օրը տեսանք մեր աչքերով, որ մենք զավակներն ենք ամենահարուստ Տիրակալի:

Իրինա Սյալլինեն Կոզիցկայա