Ես չեմ լսի քո լացը, քո աղաղակն ու կանչը, քանի դեռ… Դեյվիդ Ուիլքերսոն

Սիրելինե՛ր, Սուրբ Հոգին բացեց ինձ հավատքի իրական նշանակությունը իմ վերջերս ունեցած կոտրված սրտով աղոթքների ժամանակ: Ես միայնակ անցկացրեցի մի ամբողջ շաբաթ ծոմի ու Աստծո հետ շփման մեջ:

Ես ունեի կոնկրետ կարիքներ, որոնց համար ուզում էի աղոթել. ֆիզիկական ամրություն, քարոզներիս մեջ ավելի մեծ զորություն, եկեղեցու գործեր, Սուրբ Հոգու թափումը Նյու Յորքի վրա: Ես ցանկանում էի լինել անկեղծ Տիրոջ հետ՝ այս կարիքների հետ կապված:

Մի ամբողջ շաբաթ ես բարձրաձայն մեջբերում էի բոլոր տեղերը Աստվածաշնչից, որոնք խոսում էին Աստծո առաջ կոտրվելու մասին: Ես ինքս ինձ հնազանդեցրել էի և մի քանի օր անցկացրել ծոմի մեջ: Տիրոջ առաջ եկել էի մեծագույն թրթիռով, իմ սիրտը ձգտում էր դեպի Նա՝ ցանկանալով Նրան հաճո լինել: Ես քայլում էի սենյակներով, աղաղակելով ու կանչելով Նրան. «Օ՜, Տե՛ր, Դու պետք է ինձ պատասխանես»:

Ես շատ ժամեր անցկացրեցի՝ ապարդյուն փնտրելով հաստատությունը նրա, որ իմ աղոթքները սկսել էին նվաճել Աստծո սիրտը: Բայց արդյունքում Սուրբ Հոգին խստորեն, սակայն սիրով ասաց իմ հոգուն. «Դե՛յվիդ, դադարի՛ր: Մաքրիր քո երեսը և դադարիր լաց լինել»:

Ես ասացի. «Ի՞նչ է, Տե՛ր, ախր ես մտածում էի, որ Քեզ հաճելի է խոնարհ ու հնազանդ հոգին»:

Բայց Սուրբ Հոգին շարունակեց. «Հանգստացի՛ր, դադարի՛ր սենյակից սենյակ գնալ-գալ: Արի ու նստիր: Ես քեզ ասելու բան ունեմ. այլևս երբեք ոչ մի անգամ մի արի իմ երեսի առջև անհավատությամբ: Ես չեմ լսի քո լացը, քո աղաղակն ու կանչը, քանի դեռ դու չես հավատում Իմ Խոսքին: Դու աղաչում ես Ինձ մի բանի մասին, ինչը Ես արդեն խոստացել եմ: Դու չես ընդունում Ինձ Իմ Խոսքի մեջ: Դու կարող ես լացել այնքան, մինչև այլևս արցունք չմնա, բայց դա էլ քեզ չի օգնի: Քո աղոթքները, արցունքներն ու ծոմերը առանց հավատքի ինձ հաճո չեն: Քո փորձերն ու ձգտումները՝ Ինձնից պատասխան ստանալու, կլինեն անհաջող, Դե՛յվիդ, եթե դու գաս Ինձ մոտ առանց հավատքի»:

«Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբրայեցիս 11.6):