Երբ կենտրոնում մեր հավատքը չէ, այլ Հիսուս Քրիստոսի փառքը, հավատքը և հավատարմությունը

Ես այսօրվա պես հիշում եմ այդ օրը: Դա իմ 11-ամյա որդու առաջին դպրոցական օրն էր:

Մենք արդեն փոխել էինք երեք դպրոց, և այդ օրը նա մտնում էր չորրորդ դպրոցը մեկ տարվա ընթացքում:

Ես ասացի. «Նայի՛ր այն տղաներին, որ խաղում են խաղահրապարակում. նրանք կլինեն քո նոր ընկերները»:

Նա տեղից չէր շարժվում և նույնքան լարված էր, որքան ես:

«Դու իսկապես պետք է գնաս»,- ասացի ես: Նա հայացքը հառել էր հատակին՝ տեղից չշարժվելով: Ես մտքումս աղոթում էի, որ իմանամ, թե ինչ անեմ:

«Նայի՛ր ինձ: Ես անդադար աղոթելու եմ քեզ համար: Երբ դու նյարդայնանաս, հիշի՛ր՝ հայրիկը աղոթում է քեզ համար: Երբ դու վախենում ես, անկախ նրանից, թե օրվա որ ժամն է, իմացիր՝ ես աղոթում եմ քեզ համար»:

Դա աշխատեց: Նա բացեց մեքենայի դուռը, դուրս եկավ, գնաց դեպի խաղահրապարակ՝ առանց հետ նայելու: Դա նրա հավատքը չէր, որ դրդեց գնալ, այլ իմ խոստումը՝ աղոթելու նրա համար: Նա գիտեր, որ այդ օրվա ծանրությունը կարող էր վերապրել ու անցնել՝ աղոթքի մեջ իմ հավատարմության շնորհիվ: Ես չգիտեի, թե արդյոք այդ օրը նա աղոթե՞լ էր, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ գիտեի. նա սպասում էր, որ ես եմ աղոթելու իր համար:

Սա առաջին անգամն էր, որ կիրառեցի Հիսուս Քրիստոսի հավատքի մասին իմ իմացածը նման գործնական ձևով: Իմ սեփական քրիստոնեական ընթացքի մեջ ես սովորել եմ ապրել Քրիստոսի հավատարմությամբ, որ Նա Հոր աջ կողմում բարեխոսում է ինձ համար կատարյալ հավատքով:

Ինչո՞ւ է այս բանի իմացությունն այդքան կարևոր: Այն ցույց է տալիս, որ մեր հավատքի մեջ գովեստի արժանի ոչ մի բան չկա: Մեր հավատքը պարզապես մի գործիք է, որ գործի է դնում Աստծո արդարության մասին խոստմունքն ու հայտնությունը:

Բայց գլխավորն այն է, որ Հիսուսի կատարյալ կյանքն ու հավատքն են մեր արդարացման հիմքը: Կենտրոնում մեր հավատքը չէ, այլ Հիսուս Քրիստոսի փառքը, հավատքը և հավատարմությունը:

Հիսուսը հավատքի մարդ էր: Ահա թե ինչու Պողոսը գրում է. «կապրենք նրա կյանքովը» (Հռոմեացիս 5.10): Հիսուսին տրված էր Սուրբ Հոգի: Նա արդեն ամեն բան արել է, ինչ պահանջվում է մեզ համար:

Նա պահել է օրենքը մեզ համար. Մաթևոս 5.17. «Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու. Ես չեկա քանդելու, այլ կատարելու»:

Նա հավատացել է մեզ համար. Գաղատացիս 2.16. «Գիտենք, որ մարդ օրենքի գործերիցը չէ արդարանում, բայց միայն Հիսուս Քրիստոսի հավատքիցը. և մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որ Քրիստոսի հավատքիցն արդարանանք և ոչ թե օրենքի գործերիցը,  որովհետև օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանա»:

Նա մահացել է մեզ համար. Հռոմեացիս 5.9. «Ապա որքա՞ն ավելի հիմա, որ արդարացանք նրա արյունովը, կփրկվենք նրանով բարկությունիցը»:

Նա հարություն է առել մեզ համար. Հռոմեացիս 4.25. «Եվ հարություն առավ մեզ արդարացնելու համար»:

Նա հիմա միջնորդ է մեզ համար՝ Հայր Աստծո աջ կողմում կանգնած. Եբրայեցիս 7.25. «Ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որ նրանց համար բարեխոսություն անի»:

Այսպիսով՝ այն պահին, երբ մենք մեր վստահությունը ուղղում ենք ոչ թե մեր, այլ Նրա հավատքի ու հավատարմության վրա, Նրա արդարությունը մեզ է տրվում. ասես մենք էլ արել ենք այն, ինչ Նա է արել: Ահա թե ինչն է փրկում մեզ և երաշխավորում, որ գնալու ենք երկինք, երբ մահանանք. եթե պահենք մեր վստահությունը Նրա հանդեպ:

Ռ. Թ. Քենդոլ