Ո՞րն է իրական հարստությունը

Ո՞րն է իրական հարստությունը«Եվ քո ժամանակների հաստատությունը կլինի փրկության առատություն, իմաստություն և գիտություն. Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը» (Եսայի 33.6)։

Ո՞րն է իրական հարստությունը: Ո՞րն է մեծագույն գանձը, որ մարդը կարող է ունենալ այս երկրային կյանքի ընթացքում: Ինչի՞ն պիտի ձգտենք մենք և ինչի՞ն պիտի փափագի մեր հոգին: Այս աշխարհի ժամանակավոր հարստությունը, դիրքն ու իշխանությունը, անունն ու մարդկանց առջև ունեցած հեղինակությունը ոչինչ են իրական հարստության և ամենաարժեքավոր գանձի համեմատությամբ:

Աստվածաշունչն ասում է, որ իրական հարստությունը փրկության առատությունն է, իմաստությունը և գիտությունը: Աստծո Խոսքի և Նրա կամքի գիտությունը իրապես հարստացնում է մարդուն: Այս գիտությունն ունեցող մարդը կյանքի ցանկացած իրավիճակում գիտի, թե ո՞ր որոշումն է Տիրոջ սրտի համեմատ և ո՞րը՝ հակառակ Նրա սկզբունքներին: Իմաստությունն ավելի է հարստացնում նրան, քանի որ ելք է ցույց տալիս անելանելի թվացող իրավիճակներից և չարից ու անիրավությունից ազատող խորհուրդներով օգնում շատերին:

Փրկության առատությունը հոգու ցնծությունն է, քանի որ ոչ միայն քո փրկության ուրախությունն ես վայելում, այլև շատերինը, որոնց առաջնորդել ես փրկության: Սակայն այս ողջ հարստությունը կարող է անէանալ ու կորսվել, եթե մարդը չունենա այս աշխարհի ամենաարժեքավոր գանձը՝ Տիրոջ երկյուղը:

Ահա այս գանձն է, որ մարդուն ունակ է դարձնում գիտությանը կիրառել Աստծո Խոսքին հնազանդությամբ, իմաստությունը՝ Աստծո Արքայության շահի համար և փրկության առատությունը չդարձնել հպարտության, ինքնավստահության ու անկման պատճառ: Տիրոջ երկյուղն ունեցողները ամենաապահով մարդիկ են:

Տեր Հիսուսի անունով իրական հարստության փափագ և Տիրոջ երկյուղի ապահովությունն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան