Վերին իմաստությունը. հովիվ Արթուր Սիմոնյան

«Բայց վերին իմաստությունը նախ և առաջ սուրբ է, և հետո խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով և բարի պտուղներով լիքը, անկողմնասեր և անկեղծ». Հակոբոս 3.17

Այսօր կխոսենք վերին իմաստության մասին: Գիտությունը և իմաստությունը տարբեր հասկացություններ են: Իմաստությունը մեզ հնարավորություն է տալիս՝ տեսնելու ապագան և ճիշտ կազմակերպելու մեր կյանքը: Կարծում եմ` բոլորն էլ կցանկանան իմաստուն լինել:

Ո՞րն է վերին իմաստությունը: Աստվածաշնչում գրված է, որ վերին իմաստությունը նախ և առաջ սուրբ է, և հետո խաղաղարար: Եկեք շեշտը դնենք խաղաղության վրա:

Որքան էլ գեղեցիկ խոսքեր խոսենք, բայց խաղաղություն չունենանք, ուրեմն իմաստություն էլ չունենք: Իմաստուն մարդը երբեք կռիվներ չի փնտրում և իրեն չի շրջապատում թշնամիներով, այլ ամեն ինչ անում է՝ բոլորի հետ խաղաղություն ունենալու համար: Ոմանք այնքան թշնամիներ ունեն, որ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց թշնամիների և թշնամանքի:

Սիրելինե՛ր, հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է խաղաղություն ունենալ թե՛ անձնական կյանքում, թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում: Եթե մեկի հետ խնդիրներ ունեք, ջա՛նք արեք, որ շուտով հաշտվեք նրա հետ և խաղաղությամբ պառկեք քնելու:

Խաղաղությա՛մբ լցրեք ձեր կյանքը, տունը, երկիրը: Հիշե՛ք, որ վերին իմաստությունը սուրբ է, խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով և բարի պտուղներով լիքը, անկողմնասեր և անկեղծ: Ամեն: