Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է1999թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։

Լեզուները մարդկության նյութական և հոգևոր ժառանգության պահպանման և զարգացման ամենահզոր գործիքն են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհի 6 հազար լեզուների գրեթե կեսը մոտ ապագայում կարող է կորցնել վերջին կրողներին:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Պետական լեզու հռչակված հայերենը դարեր ի վեր հանդիսացել է հայ ժողովրդի մայրենի լեզուն:

Հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումը ավարտել է մոտ 405-406 թթ-ին Եդեսիայում։

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ-ին դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։

Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387 թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։

Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

  • հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
  • ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն,
  • հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար,
  • ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։

Այս տոնը նշելը ոչինչ չի նշանակի, եթե մենք՝ հայերս, տարվելով օտար լեզուներն ուսուցանելու տենդագին հոսքով, հավուր պատշաճի չվերաբերվենք մեր սեփական լեզվին՝ չգործածենք մեր գեղեցիկ ու ճկուն լեզուն կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ համացանցում, ուր համատարած գերիշխում է լատինատառը:

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

  • Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
  • Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերենը՝ 322 միլիոն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 միլիոն մարդ:
  • Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:
  • Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը Ք.ա. 1300 թ-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:
  • Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
  • Մեքսիկայում կա մի լեզու, որով խոսում են միայն երկու հոգի:
  • Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:

Պատրաստեց Գոհար Ավագյանը