Հրաշքները կատարվում են այնտեղ, որտեղ դրանց հավատում են

Այս հուզիչ պատմությունը կատարվել է հայտնի երաժիշտ և գործարար Իգոր Բոցերովսկու կյանքում: Ո՛չ կապերը, ո՛չ գումարները չեն կարողանում օգնել, երբ բժիշկները ախտորոշում՝ փաստացիորեն մահվան դատավճիռ են դնում նրա փոքրիկ որդու վրա:

Մինչ այս դեպքը Իգորը հաջողության կարևորագույն չափանիշ էր համարում ճանաչումն ու ապահովվածությունը: Սակայն ամեն բան չէ, որ հնարավոր է գնել փողով: Իգորը շատ պարզ է դա գիտակցում, երբ անսպասելիորեն հիվանդանում է իր փոքրիկ որդին: Առաջին հայացքից սովորական թունավորում էր, բայց իրականությունն ավելի սարսափելի էր:

«Նա մեկ, երկու անգամ փսխեց, և մենք գնացինք հիվանդանոց: Շատ թույլ էր, պառկած էր: Քաղցկեղաբանական հիվանդանոցից բժիշկ եկավ, ողնուղեղի անալիզ վերցրեց, հետո ինձ կանչեց ու ասաց. «Ձեր որդին 96%-ով արյան քաղցկեղ ունի»: Որդիս այդ ժամանակ 9 տարեկան էր: Երբ լսեցի դա, գետինն ասես շարժվեց ոտքերիս տակ»,- պատմում է Իգորը:

Բայց արդեն հաջորդ օրը նա հասկանում է, որ ելք կա, և խնդրում իր քրիստոնյա ընկերներին՝ աղոթել որդու բժշկության համար:

«Ես ապաշխարում էի, որ թույլ եմ տվել իմ կյանքում նման իրավիճակ: Եվ մի որոշ ժամանակ անց Աստծուց հստակ գիտակցում եկավ. Նա չի թողնի իմ փոքրիկին և կբժշկի նրան: Դա անհավանական մի զգացում էր, որը փոխանցել չեմ կարող: Այդ ժամանակ ասացի կնոջս. «Ժա՛ննա, մեր որդին ապրելու է»: Մենք երկար լացեցինք միասին…»,- հիշում է Իգորը:

Այդ օրից նրա ներսում վստահություն է գալիս, որ Աստված կփրկի իր որդուն: Եվ արդեն երկու շաբաթ անց այդ աղոթքներից կատարվում է առաջին հրաշքը. տղայի ավշահանգույցներում ուռուցքները վերանում են:

«Նա դեռ քիմիաթերապիա էլ չէր անցել, վիրահատություն չէր եղել: Որդուս պարզապես պահում էին հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Եվ հերթական մի օր բժիշկն ասաց. «Շնորհավորում եմ, քաղցկեղը վերացել է»:

Մոտ երկու ամիս անց էլ ասաց. «Ձեր տղայի արյունը լիովին մաքուր է»»,- պատմում է երջանիկ հայրը:

«Դա պարզապես հրաշք էր, երբ ուլտրաձայնային հետազոտությունից հետո դրանք այլևս չհայտնաբերվեցին»,- հաստատում է մայրը:

Այդ օրից անցել է ավելի քան հինգ տարի: Նրանց որդին՝ Իլյան, առողջ տղա է և ֆիզիկապես ամենուժեղն է դասարանում: Իսկ Իգոր Բոցերովսկին քաջ գիտակցում է, թե շնորհիվ Ում է իր որդին շարունակում ապրել…

Աղբյուր՝ klub.life