Յուրաքանչյուրս հույսի և քաջալերանքի կարիք ունի. CrossNews.am-ը հյուրընկալեց «Ամենօրյա հույսի ուղերձ» գրքի հեղինակ Արտավազդ Թադևոսյանին

Յուրաքանչյուրս հույսի և քաջալերանքի կարիք ունի. CrossNews.am-ը հյուրընկալեց «Ամենօրյա հույսի ուղերձ» գրքի հեղինակ Արտավազդ ԹադևոսյանինՎերջերս լույս տեսավ հովիվ Արտավազդ Թադևոսյանի «Ամենօրյա հույսի ուղերձ» գիրքը: Այն կազմված է հեղինակի վերջին տարիներին արված խոհերից, գրառումներից, որը հավաքվել ու ամբողջացվել է մեկ ժողովածուի մեջ՝ հասանելի լինելու գրքասեր քրիստոնյաներին: Այն հիմնականում ուղղված է հավատացյալներին, ովքեր հույսի, քաջալերանքի, ոգեշնչման, զորության ու հավատքի ամրացման կարիք ունեն:

Այս առթիվ մեր խմբագրությունը հյուրընկալել էր հեղինակին ու զրուցել ինչպես գրքի, այնպես էլ մեզ և մեր ընթերցողներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ:

– Ինչո՞վ է պայմանավորված գրքի վերնագիրը, ո՞րն է ասելիքն ու նպատակը:

– Գրքի նպատակը հույս փոխանցելն է: Երբեմն մենք չենք նկատում ընկածին, մերժում ենք կարիքավորին, դատում ենք, քննադատում ենք: Փոխարենը ձեռք մեկնելու և օգնելու՝ հանդիմանում ենք, մինչդեռ Քրիստոսը նրանց կբարձրացներ, կքաջալերեր, առաջ կտաներ: Ամեն ժամանակ չի, որ պետք է հանդիմանել, հանդիմանությունը լավ է, երբ կառուցողական է, բայց երբեմն դա այդպես չի լինում: Լինում է, որ մարդը հասկանում ու գիտակցում է, որ ինքը ընկել է, սայթաքել է, գուցե ինչ-ինչ պատճառներով է հայտնվել այդ վիճակում, ու անհրաժեշտ է այդ մարդուն ուղղակի բարձրացնել, աղոթել նրա համար և ձեռք մեկնել, այլ ոչ թե միայն հանդիմանել ու հանդիմանել:

Նաև իմ նպատակն է այս գրքի միջոցով ցույց տալ, որ Աստված ծրագիր ունի մարդու համար: Ինչպիսի վիճակում էլ մենք լինենք, որքան էլ հուսալքված լինենք. ընկած լինենք, Աստված, միևնույնն է, ծրագիր ունի բոլորիս համար: Ցանկությունս է՝ օգնել ընթերցողին գալու այդ համոզմանը, որ եթե մարդիկ երես են դարձրել իրենցից, Աստված հաստատ երես չի դարձնի:

Յուրաքանչյուր հոգևոր մարդ կարիք ունի ամենօրյա քաջալերանքի, որևէ ուղղություն տվող խոսքի, հորդորի, կարիք ունի հիշելու Աստծո խոստումները… Կարծում եմ՝ գրքի ընթերցանությունը կնպաստի նաև այս՝ վերը թվարկածներիս:

– Իսկ ինչպե՞ս եք ընտրել օրվա նյութերը: Կա՞ն հստակ որոշված օրվա ուղերձներ:

Ամենօրյա ուղերձները վարդապետական, ապոլոգետիկ և բացատրական նյութեր չեն: Հնարավոր չէ կարճ ուղերձի մեջ անդրադառնալ որևէ թեմայի և ամբողջությամբ բացատրել, այսինքն՝ եթե գրում եմ որևէ թեմայի մասին, դա չի նշանակում թե այն ամբողջական է և այդ թեմայի մասին՝ միակ ճշմարտությունն ու բացատրությունը: Օրերի հատուկ ընտրություն չի եղել, թեև կան առանձնացված պատգամներ, որոնք վերաբերում են կոնկրետ օրերի՝ Սուրբ Ծնունդ, Հարություն…

Յուրաքանչյուրս հույսի և քաջալերանքի կարիք ունի. CrossNews.am-ը հյուրընկալեց «Ամենօրյա հույսի ուղերձ» գրքի հեղինակ Արտավազդ Թադևոսյանին– Ի՞նչ եք կարծում՝ մարդը, եթե ինքը չի անցել այդ նույն ճանապարհը, ինչ որ դիմացինը, ապա կարո՞ղ է նրան հասկանալ:

– Այո, հնարավոր է՝ դու փորձառություն չունենաս, բայց Աստված բացի, ու հասկանաս: Պողոս առաքյալը երբեք Հիսուսի հետ չէր ապրել, չէր քայլել, բայց նա շատ բաներ կարողացավ հասկանալ, որովհետև Աստված նրան բացեց. oրինակ նա ներկա չէր եղել, Հիսուսի հետ հաղորդություն չէր ընդունել, բայց այնպես է ներկայացնում ու բացատրում դրա նշանակությունն ու կարևորությունը, որ կարծես թե ներկա էր եղել:

– Նման գրքեր՝ ամենօրյա ուղերձներից կազմված, կան հոգևոր մարդկանց սեղաններին: Դուք ինքներդ դրանք սիրո՞ւմ եք, կարդո՞ւմ եք, կա՞ որևէ մեկը դրանցից, որ ազդեցություն է ունեցել ձեր հոգևոր կյանքի վրա:

– Պատանի հասակից իմ ամենօրյա ընթերցանության գիրքն է եղել «Վտակներ անապատի մեջ» հավաքածուն: Ինձ համար այդ գիրքը շատ օգտակար է եղել իմ պատանի հասակում: Դրանք ինձ ներշնչել են այն ճշմարտությունը, որ Աստված հաղթություն կտա, ու պետք է ուղղակի անել այն, ինչ դրված է այսօր քո առաջ:

Կա՞ որևէ խոսք Աստվածաշնչից, որը կառանձնացնեիք՝ որպես յուրահատուկ խոսք ձեզ համար:

– Իմ առաջին ինքնուրույն անգիր սովորած աստվածաշնչյան համարը Փիլիպպեցիս 4.6-ն է: Այն ինձ շատ է ուժ տվել, քաջալերել: Ընդհանրապես առիթը բաց չթողնելով՝ ուզում եմ հորդորել ընթերցողներին, որ որքան կարող են շատ աստվածաշնչյան համարներ անգիր անեն: Եվ լավ կամ վատ հիշողությունը կապ չունի դրա հետ: Ես ինքս շատ վատ հիշողություն ունեմ, բայց Սուրբ Գրքի համարները առանձնակիորեն տպավորվում են ներսումս ու հիշում եմ: Այն, ինչը կարևոր է մեզ համար, մենք հիշում ենք:

– Որպես հոգևոր ընտանիքում ծնված ու մեծացած մարդ՝ ի՞նչ դժվարությունների եք բախվել կյանքում: Ե՞րբ եք անձնական ապաշխարություն վերապրել:

– Պատանի հասակում հեռացել եմ Տիրոջից, ինչի համար հիմա շատ ափսոսում եմ: Բայց այդ ընթացքում էլ երբեք չեմ դադարել եկեղեցի հաճախել, Աստվածաշունչ կարդալ ու 16 տարեկանում նորից վերադարձել եմ՝ ավելի խորը գիտակցմամբ ու գնահատմամբ, թե ինչ է արել Աստված ինձ համար:

Բայց ես կարծում եմ, որ պարտադիր չի, որ մարդ հեռանա Աստծուց՝ հասկանալու ու գնահատելու համար, թե որքան ինքը տկար ու մեղավոր է ու որքան կարիքն ունի Աստծո, Աստված է այդ հայտնությունը տալիս, որ մենք այնքան էլ լավը չենք, ինչպես պատկերացնում ենք, որ մեղավոր էություն ունենք և այլն: Շատ ավելի լավ է, որ մարդ եկեղեցում լինի, թեկուզ սրտով հեռացած լինի Աստծուց, որովհետև այդպես հավանականությունն ու հնարավորությունը շատ ավելի մեծ են, որ նա սրտով էլ կդառնա դեպի Տերը: Անհատական պիտի լինի աստվածճանաչողությունը, եկեղեցում լինելով էլ, եկեղեցուց հոգևոր սնունդ վերցնելով՝ պիտի մեր անհատական շփումն ունենանք Աստծո հետ:

Յուրաքանչյուրս հույսի և քաջալերանքի կարիք ունի. CrossNews.am-ը հյուրընկալեց «Ամենօրյա հույսի ուղերձ» գրքի հեղինակ Արտավազդ Թադևոսյանին– Դուք ունեք երեխաներ: Նրանց հոգևոր ուղու վրա պահելու ձեր բանաձևը ո՞րն է:

– Ամենակարևորը նրանց առջև ճիշտ ապրելն է, որը, հասկանում ես, որ միշտ չէ, որ հաջողվում է: Նաև նրանց համար շարունակական, երբեք չդադարող աղոթքներն են շատ կարևոր և, իհարկե, նրանց հետ միասին աղոթքները, Սուրբ Գիրք կարդալը և այլն: Ես ձգտում եմ նաև ընկեր լինել իմ երեխաների համար: Իհարկե, կան բաներ, որ չենք հասցնի, բացթողումներ էլ կլինեն, մենք իրականում չենք կարող կատարյալ օրինակ լինել մեր երեխաների համար, նրանց կատարյալ դաստիարակություն տալ, բայց Աստված կարող է լրացնել ամեն բան, շտկել, ուղղակի մենք պետք է անենք՝ որքան կարող ենք, այլ ոչ թե՝ որքան ուզում ենք. սրանց միջև մեծ տարբերություն կա:

Մենք պետք է պահենք հավասարակշռությունը կարևորի ու կարևորագույնի միջև: Եթե ես չեմ անում կարևորագույնը կարևորի համար, ուրեմն պիտի թողնեմ այդ կարևորը, որովհետև կարևորագույնը բաց թողնելով՝ մեր կյանքը հաստատ ճիշտ չի դասավորվի: Իսկ կարևորագույնը Աստծո հետ մարդու անձնական անհատական շփումն է և Աստծով՝ նաև ընտանիքը:

– Վերադառնալով նորից գրքին՝ այսպիսի հարց ուղղեմ. արդյոք այս գիրքը չի՞ խանգարի մարդկանց Աստվածաշունչ ընթերցելուն:

– Հոգևոր մարդուն ոչինչ և ոչ ոք չի խանգարի Աստծո Խոսքը կարդալուն՝ Սուրբ Գրքի ամենօրյա համակարգված ընթերցանությանը: Բայց եթե որևէ գիրք, որքան էլ այն լավը լինի, խանգարում է Աստվածաշունչ կարդալուն, ապա ես խորհուրդ եմ տալիս՝ հեռացնել այն ձեզնից:

Զրույցի վերջում Արտավազդ Թադևոսյանը մեկ անգամ ևս հորդորեց յուրաքանչյուր քրիստոնյայի ուշադրություն դարձնել կյանքի չորս սյուների վրա՝ Աղոթք, Սուրբ Գրքի Ընթերցանություն, Եկեղեցու մասնակցություն և Ծառայություն:

Յուրաքանչյուրս հույսի և քաջալերանքի կարիք ունի. CrossNews.am-ը հյուրընկալեց «Ամենօրյա հույսի ուղերձ» գրքի հեղինակ Արտավազդ Թադևոսյանին«Սրանք ինձ համար սյուներ են, որոնց շնորհիվ է, որ մեր հոգևոր կյանքը կանգուն է մնում ու շարունակում ենք առաջ գնալ»:

Վերջում հավելենք, որ գիրքը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր օրվա ուղերձը ոչ միայն կարդալ, այլ նաև լսել աուդիո տարբերակը՝ պատգամներին կցված QR կոդի միջոցով:

CrossNews.am-ի խմբագրական անձնակազմը շնորհավորում է հեղինակին գրքի լույսընծայման կապակցությամբ և մաղթում նորանոր օրհնություններ և հաջողություններ, և ամենակարևորը՝ որ գիրքը ծառայի իր նպատակին և օգնի մարդկանց թե՛ հույս գտնել, թե՛ ավելի մոտենալ Աստծուն:

Զրուցեց Գոհար Ավագյանը