Հովհաննես Թումանյան. Քառյակներ

Հովհաննես ԹումանյանԵս լսում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,

Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին

Տիզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

 

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,

Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՜ն շատ է մնում`

Զարմանում եմ, թե ո՜վ Շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,

Ինչքա՜ն շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

 

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,

Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,

Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`

Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

 

Հովհաննես Թումանյան