Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի

Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվիՄոտ ապագայում Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին (World Government Summit), հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր տեսակի տաքսի գործարկելու նախաձեռնողը Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն է, որը համագործակցության է հրավիրել գերմանական Volocopter ընկերությանը:

«Օդային տաքսին կհամապատասխանի անվտանգության ու ապահովության բարձր չափանիշներին», – հավաստիացրել են վարչության ներկայացուցիչները:

Նրանց խոսքով՝ փոխադրամիջոցը կգործի GPS-նավիգատորի հիման վրա աշխատող հատուկ երթուղիների ծրագրավորման համակարգով:

Նշվում է, որ տաքսու տեղաշարժը կվերահսկի ցամաքից օպերատորը:

Հատկանշական է, որ օդային տաքսին կաշխատի էլեկտրականությամբ: Նախագծի համաձայն՝ թռիչքի առավելագույն տևողությունը կլինի 30 րոպե, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժ, իսկ առավելագույն բարձրությունը՝ 2 հազար մետր:

Օդային տաքսին հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի միջոցով: Ընդ որում՝ «փոխադրամիջոցը վայրէջք կկատարի ժամանակին ու նշանակման վայրին հնարավորինս մոտ»:

Աղբյուրը՝ tert.am