Արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է որպես վերացող լեզու


Արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է որպես վերացող լեզու«Այսօր Գիրք նվիրելու օրն է, և մեր երկու խոշոր գրողների, Հովհաննես Թումանյանի և Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրը, իսկ երկու օր հետո, փետրվարի 21-ին մեր ժողովուրդը կնշի մայրենի լեզվի միջազգային օրը, օրեր ու տոներ, որոնք ոչ միայն հիշել է պետք, այլև նշել համապատասխան միջոցառումներով, և ամեն կերպ նպաստել մեր մայրենիի, մեր մշակույթի պահպանման հայրենասիրական գործին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Անդրադառնալով մեր լեզվի պահպանության խնդիրներին, բանախոսն ասաց, որ 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տարի 4 փոքր ժողովրդի լեզու վերանում է, մարդկանց ուշադրությունը բևեռելու համար որոշեց փետրվարի 21-ը նշել որպես մայրենիի օր: «ՀՀ-ում այս տոնը սկսել է նշվել շատ ավելի ուշացումով:

Երբ ես 2004 թվականին նշանակվեցի Լեզվի տեսչության պետ, համագործակցելով ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ, այս տոնը պետականորեն նշել մեր հանրապետությունում, որը առաջին անգամ նշվեց 2005 թվականին»,- ասաց նա:

Ըստ բանախոսի՝ 2006 թվականին Մայրենի լեզվի օրը մտավ մեր պետական տոնացույցի մեջ և մինչև այսօր այն նշվում է պետականորեն:

Ըստ բանախոսի՝ արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է որպես վերացող լեզու: Այսօր հայերեն լեզվի պահպանությունը դրված է միայն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիների վրա: Այնինչ, ըստ բանախոսի, մենք աշխարհում հաշվում ենք 10 մլն-ից ավելի հայ բնակչոււթյուն, սակայն Արևմուտքում 40 տարեկանից ցածր հայերը հայերեն չգիտեն ու չեն խոսում, թեև պահպանում են «յան» վերջավորությամբ ազգանունը:

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը ևս մտահոգված է այս խնդրով, կարծելով, որ հայոց լեզվի առջև կան որոշակի խնդիրներ գիտական ոլորտում ևս:

Ամբողջական հոդվածը՝ haynews.am-ում: