Ճշմարտություն ստվերի մասին. եթե կա ստվեր, ուրեմն կա նաև լույս

Կորուստը ընկճախտի ամենատարածված աղբյուրներից մեկն է: Դուք կարող եք կորցնել աշխատանքը, առողջությունը, գումարները, հեղինակությունը կամ սիրելի մարդուն:

Երբ մարդիկ կորուստ են վերապրում, որպես դրա արձագանք՝ ունենում են առաջինը՝ վախ, երկրորդը՝ վիշտ: Վիշտը լավ է: Վիշտը միջոց է՝ անցնելու կյանքի փոփոխություններով: Իրականում տխրությունը և վիշտը չեն սպանի ձեզ, եթե դուք թույլ տաք դրանց դուրս գալ ձեր ներսից, հակառակ դեպքում՝ կդոփեք տեղում:

Իսկ վախը արդեն վատ է: Աստվածաշնչում ոչ մի անգամ չի ասվում. «մի՛ վշտացիր», «մի՛ արտասվիր»: Բայց այնտեղ ասվում է. «մի՛ վախեցիր», ընդ որում՝ ասվում է բազմաթիվ անգամ: Վիշտը կաթվածահար չի անում, իսկ վախն անում է:

Դավիթը Սաղմոս 23.4-ում ասում է. «Եթե գնամ մահվան շուքի ձորովը, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես. Քո գավազանն ու քո ցուպը՝ նրանք մխիթարում են ինձ»:

Հովիվները միշտ իրենց ձեռքին ունեին գավազան և ցուփ՝ պաշտպանելու իրենց ոչխարներին: Դավիթը գիտեր, որ նույն կերպ էլ Աստված ունի միջոցներ՝ պաշտպանելու իրեն, և նա վստահում էր Աստծուն անգամ իր կյանքի ամենախավար ձորն անցնելիս:

Գուցե դուք էլ անցնում եք շուքի այդ ձորով: Գուցե դա մահվան շուքի ձոր է, կամ կորստի շուքի ձոր է, կամ վիճաբանության ու հակամարտության շուքի ձոր, կամ ընկճվածության ու հուսահատության շուքի ձոր:

Այդ շուքը՝ ստվերը, վախեցնում է: Բայց ես մի քանի բան գիտեմ ստվերների մասին:

Առաջինը. ստվերները չեն կարող ձեզ ցավ պատճառել:

Երկրորդ. ստվերները միշտ ավելի մեծ են երևում, քան կան իրականում:

Եվ մեկ լավ լուր. այնտեղ, որտեղ կա ստվեր, միշտ կա լույս: Առանց լույսի ստվեր չի լինում: Այդ պատճառով բանալին հետևյալում է. անցնելով շուքի ձորով՝ մեջքով շրջվեք այդ ստվերներին և նայեք լույսին: Որովհետև քանի դեռ ձեր աչքերն ուղղված են լույսին՝ Հիսուսին, ստվերները չեն վախեցնի ձեզ:

Ահա, թե ինչպես անցնել մահվան շուքի ձորով: Ահա, թե ինչպես նվազեցնել ճնշվածությունն ու անհուսությունը: Վստահեք Աստծուն խավար ձորերում, ինչպես Դավիթը, ով աղոթում էր. «Երբ որ հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը» (Սաղմոս 142.3):

Ռիկ Ուորեն