Ինչպես իր որսը պաշտպանող առյուծը…

Ինչպես իր որսը պաշտպանող առյուծը...«Որովհետև այսպես է ասում ինձ Տերը. Ինչպես մռնչում է առյուծը և կորյունը՝ իր որսի համար, որի դեմ մեկտեղ կկանչվին հովիվների մի մեծ բազմություն, որ Նա նրանց ձայնից չի զարհուրիլ, և նրանց աղմուկից չի ընկճվիլ. նույնպես էլ իջնելու է Զորաց Տերը պատերազմելու՝ Սիոն սարի և նրա բլուրի համար» (Եսայի 31.4)։

Տերը խոսում է Իր մարգարեի շուրթերով: Մեր Աստված Իր քաջալերանքի խոսքն է ուղղում բոլոր հավատարիմներին, ովքեր հույսը դրել են միայն իրենց Տեր Աստծո պաշտպանության և ապահովության վրա: Տիրոջը հուսացողը երբեք ամոթով չի մնա:

Կյանքի ինչպիսի դժվար իրավիճակների միջով էլ անցնելիս լինենք, ինչպիսի անարդարությունների ու դավաճանությունների էլ բախվենք, մարդկանց ինչպիսի բանակ էլ մեր դեմ բարձրանա, եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա տված սկզբունքներին, եթե մենք Նրա զավակներն ենք, ապա Տերը մեզ մենակ չի թողնի վտանգի ու թվացյալ անհուսության մեջ:

Ինչպես իր որսը պաշտպանող առյուծը, որ վախ չունի մարդկանց բազմությունից, այնպես մեր Տերն է մեզ պահելու: Նա խոսեց և Նա կանի էլ: Աստված խոստացավ և մեզ միայնակ չի թողնի երբեք: Հավատարիմների հույսն իրենց Տերն է: Նա իջնելու է և պատերազմելու է Իր ժողովրդին չարի սպառնալիքներից ու լարած թակարդներից ազատագրելու համար: Երանի այն մարդուն, որ Տիրոջն է հուսացած:

Տեր Հիսուսի անունով կյանքի ցանկացած իրավիճակում Տիրոջը հուսալու իմաստություն և Նրա խոստումների հանդեպ անսասան հավատք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան