Հնարավո՞ր է արդյոք կորցնել փրկությունը. ինչ է ասում Աստվածաշունչը

Հարց.

Ես հարց ունեմ Աստվածաշնչում փրկության թեմայի վերաբերյալ: Հնարավո՞ր է արդյոք կորցնել փրկությունը: Արդյոք մեկ անգամ փրկվելով՝ փրկվում ես հավիտյա՞ն, հենց որ ընդունում ես Հիսուսին, թե՞ փրկությունը կարելի է կորցնել:

Պատասխան.

«Հավիտենական փրկության» մասին դոկտրինը շատ վիճելի է: Շատերը սովորեցնում են, որ եթե մենք փրկված ենք Քրիստոսի արյունով, ապա արդեն երբեք չենք կարող փրկությունը կորցնել: Այդ դոկտրինը Կալվինիզմի արդյունք է և նախասահմանության դոկտրինի արդյունք, որը առաջացել է չորրորդ դարում՝ շնորհիվ Օգոստինոսի: Չնայած այս դոկտրիններին՝ ես հավատում եմ մի բանի, ինչ Աստվածաշունչը հստակ նշում է. մենք կարող ենք կորցնել փրկությունը:

Եբրայեցիներին ուղղված թղթի ողջ նպատակը զգուշացումն է այն մասին, որ մենք կարող ենք հետ մնալ և կորցնել մեր փրկությունը: Եբրայեցիներին ուղղված գիրքը նաև սովորեցնում է՝ ինչպես խուսափել դրանից: Եբրայեցիս 6.4-8-ը. «Որովհետև անկարելի է նրանց, որ մեկ անգամ լուսավորված, այն երկնավոր պարգևի համն առած, և Սուրբ Հոգուն մասնակից եղած, և Աստծո բարի խոսքի, և հանդերձյալ աշխարհքի զորությունները ճաշակած են, եթե կործանվում են, որ նրանք դարձյալ նորոգվեն ապաշխարության համար, որովհետև Աստծո Որդուն իրենց համար կրկին խաչեցին խայտառակ արին» և Եբրայեցիս 10.26-31-ը. «Որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնում, այլ դատաստանի ահավոր սպասելը, և կրակի զայրույթը, որ հակառակողներին կլափի», ինչպես նաև այլ բազում հատվածներ հստակ նշում են, որ եթե մենք մերժում ենք Քրիստոսին՝ մեջքով դառնալով Նրան, ուրեմն կարող ենք կորցնել մեր փրկությունը:

Եբրայեցիներին ուղղված թղթի ամբողջ 3-րդ գլուխը, ինչպես նաև Բ Պետրոս 2.20-22-ն ասում է, որ եթե մենք լինելով փրկված՝ կրկին վերադառնում ենք աշխարհ, աշխարհիկ ապրելակերպին, ապա մեզ համար ավելի վատ կլինի, քան սկզբում էր: Պարզ է, որ այստեղ ներառվում է նաև փրկությունը կորցնելը:

«Որովհետև եթե աշխարհքի պղծություններիցը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գիտությունովը փախչողները կրկին նրանում շաղախված հաղթվեն, նրանց վերջը չար եղավ, քան թե առաջինը: Որովհետև լավ էր նրանց, որ չճանաչեին արդարության ճանապարհը, քան թե ճանաչեցին և հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանքիցը, որ ավանդվեց նրանց։ Եվ նրանց պատահեց այն ճշմարիտ առակի խոսքը, թե շունը վերադառնում է դեպի իր փսխածը, և լվացված խոզը՝ թավալվելու ցեխի մեջ» (Բ Պետրոս 2.20-22):

Ես հավատացած եմ, որ Աստված անսահմանորեն համբերատար և երկայնամիտ է բոլորիս հետ: Այնուամենայնիվ, երբ մենք փրկություն ենք ստանում, ապա ստանում ենք Սուրբ Հոգի, որն ապրում է մեր ներսում: Երբ մենք մտածված կերպով մեղք ենք գործում, մենք կրկին «խաչում ենք Աստծո Որդուն»:

«Եվ Աստծո բարի խոսքի և հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակած են, եթե կործանվում են, որ նրանք դարձյալ նորոգվեն ապաշխարության համար, որովհետև Աստծո Որդուն իրենց համար կրկին խաչեցին և խայտառակ արին» (Եբրայեցիս 6.5-6):

Այս դեպքում՝ «չկա ավելի մեծ գին մեղքի համար»:

«Որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնում, այլ դատաստանի ահավոր սպասելը, և կրակի զայրույթը, որ հակառակողներին կլափի» (Եբրայեցիս 10.26-27):

Եթե մենք մտածված կերպով շարունակենք մեղք գործել, ապա Սուրբ Հոգին կթողնի մեզ, և մենք կհայտնվենք ավելի վատ վիճակում, քան սկզբում էինք: Սա Աստվածաշնչյան վարդապետությունն է:

Հիմա մի փոքր փրկության մասին: Դուք նկարագրում եք փրկությունը՝ որպես «Հիսուսին ընդունել»: Աստվածաշունչը ոչ մի տեղ նման արտահայտություն չի մեջբերում: Դուք Նոր Կտարականում չեք գտնի նման արտահայտություն՝ «ընդունել Հիսուսին»: Դրա փոխարեն մենք կարող ենք գտնել «մկրտվել Հիսուս Քրիստոսի անունովը». սա այն պահն է, երբ մենք փրկություն ենք ստանում, մենք ստանում ենք փրկություն և Սուրբ Հոգի (Գործք 2.38): Այնպես որ, ստանալով փրկություն՝ Քրիստոսի անունով մկրտվելով, մենք, միևնույնն է, կարող ենք կորցնել փրկությունը՝ չնայած այն բանին, որ Աստված անսահման ողորմած է և համբերատար Իր երեխաների հանդեպ: Եթե դուք ստացել եք փրկությունը՝ Քրիստոսով մկրտվելով, անում եք ամեն բան, ինչ ձեզնից է կախված՝ պահպանելու ձեր հավատքը, ապա դուք կարիք չունեք անհանգստանալու ձեր փրկությունը կորցնելու մասին:

Աստծո խոստմունքները նախատեսվում են հավատացյալների համար. նրանց, ովքեր ցանկանում են հետևել Աստծուն, և ում կյանքերը պատկանում են Նրան, ոչ թե այն ապստամբներին, ովքեր ընտրում են մեղքը և անտեսում Նրա Տեր լինելը: Այլ խոսքերով՝ Աստվածաշնչում չկան ոչ մի խոստմունքներ, որոնք պնդում են, թե Աստված օրհնում է հավիտենական կյանքով, եթե մենք մտածված կերպով անտեսում ենք Նրան և ընտրում անհնազանդությունը:

Ջոն Օքս՝ ապոլոգետ, պրոֆեսոր