Հետո կհասկանաս. Չարլզ Սպերջեն

Հետո կհասկանաս. Չարլզ Սպերջեն«Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս» (Հովհաննես 13.7):

Մեր չհասկանալը չի խանգարում մեր Տիրոջ գործունեությանը: Պետրոսը չի հասկանում, թե ինչու է Տերը լվանում իր ոտքերը, բայց Տերը, միևնույնն է, լվանում է դրանք:

Արդյոք դա մեծ ողորմություն չէ՞, եղբայրնե՛ր, որ օրհնությունները, որոնք տալիս է մեզ Հիսուսը, կախված չեն դրանք հասկանալու մեր կարողությունից: Դուք մի փոքր նայեք աշխարհին և կտեսնեք, թե ինչ ճշմարիտ է այս խոսքը: Մայրը իր գիրկն է նստեցնում երեխային և լվանում է նրա դեմքը. երեխան չի սիրում ջուրը և գոռում է: Բայց մայրը չի սպասում, մինչև երեխան սկսի հասկանալ լվացվելու անհրաժեշտությունը, և իր գործն է շարունակում մինչև վերջ: Այդպես էլ Տերը հաճախ կիրառում է մեր հանդեպ Աստծո արվեստը, որը դուր չի գալիս մեզ, և որին մենք հակառակվում ենք: Բայց մեր Տերը չի նահանջում և չի թողնում Իր ձեռքը մեր վրայից, չնայած մեր աղաղակին ու գոռոցներին:

Արդյոք ծառը հասկանո՞ւմ է, թե ինչու են իրեն էտում, կամ արտը հասկանո՞ւմ է, թե ինչու են իրեն հերկում: Այնուամենայնիվ, էտումն ու հերկումը բերում են իրենց բարի պտուղները:

Բժիշկը կանգնում է հիվանդի անկողնու մոտ և տալիս է նրան դառը դեղահաբեր: Դեղահաբի ուժը կախված չէ նրանից, թե որքանով է հիվանդը հասկանում դրա կազմությունը, դրա համար էլ այն օգնում է հիվանդին, չնայած վերջինիս զարմանքին: Եթե հիմարը սնունդ է ընդունում, ապա այն կշտացնում է նրա սովը այնպես, ինչպես որ այդ սնունդը կընդուներ մի շատ խելացի անձնավորություն, ով լիովին կհասկանար մարսողական համակարգի աշխատանքը:

Ավելի լավ է հնազանդվել ու խոնարհ լինել, քան թե հասկանալ: Տերը կվարվի ճիշտ: Արդյոք Նա պարտավո՞ր է տանելու մեր հարցաքննությունը: Արդյոք մենք ունե՞նք իրավունք՝ պահանջելու պատասխաններ մեր անտեղի հարցերին: Արդյոք Նա կլինե՞ր Աստված, եթե թույլ տար մեզ Իր համար նման քննություններ կազմակերպել:

Եղեք բավարարված, թող ձեր ներսում տիրի հավատքը, իսկ գիտելիքները կսպասեն: Այն, ինչ չգիտես հիմա, կգիտակցես հետո: