Ես ընտրեցի Հիսուսին. վկայություն

Ես 41 տարեկան եմ, 34 տարի ապրել եմ աթեիզմի խավարի մեջ՝ միևնույն ժամանակ փնտրելով ինչ-որ բարի բան և մտածելով, թե բարին իրենից ներկայացնում է տարբեր հաճույքներ:

Ծնվել եմ Կիևում, սովորական խորհրդային ընտանիքում: Հայրս հարբեցող էր, մայրս էլ հազիվ էր ընտանիքը պահում: Երբ 5 տարեկան էի, մայրս աշխատում էր առևտրի կենտրոնում, որտեղից տարբեր տեսակի մթերք էր գողանում և վերավաճառում, որովհետև այն ժամանակ խորհրդային միությունում ամեն տեսակի ապրանքների պակասություն կար: Եվ ահա մի օր էլ նրան բռնեցին ու բանտ նստեցրին: Ես մնացի հորս հետ:

Հայրս բաժանվեց մորիցս ու երկրորդ կին բերեց տուն: Տանը մշտապես հարբում էին, վիճում, կռվում: 7 տարեկանում ես առաջին անգամ փախա տանից: Հետո նորից ու նորից: Այդ ժամանակ էլ ինձ սովորեցրին ծխել: Այդպես շարունակվեց 12 տարի. գողությունը, ծխելը, տանից փախչելը… 12 տարեկանում ինձ տեղավորեցին դժվար պատանիների համար նախատեսված հատուկ դպրոցում: Այնտեղ մնացի 4 տարի: Եվ հենց այնտեղ էլ առաջին անգամ մտածեցի կյանքի իմաստի մասին: Սկսեցի շատ կարդալ՝ որոնելով գրքերում իմ հարցի պատասխանը:

Երբ այդ հատուկ դպրոցից դուրս եկա, գնացի մորս մոտ: Նա այդ ժամանակ արդեն ազատվել էր բանտից ու ապրում էր Ռուսաստանում: Այնտեղ սկսեցի շատ խմել, կյանքս դեպի ներքև ու ներքև էր գլորվում: 3 տարի հետո ինձ ձերբակալեցին գողության համար և 3 տարով կալանավորեցին: Իմ սիրտը խստանում էր: Հետո ևս 6 տարով բանտ նստեցի, հետո ևս 3 տարով: Ամեն անգամվա հետ ես ավելի ու ավելի էի հուսահատվում և արդեն համակերպվել էի այն մտքի հետ, որ ամբողջ կյանքս անցկացնելու եմ բանտերում: Կյանքի իմաստ, ինչին կարէլի էր նվիրվել, ես չէի տեսնում: Ռոք երաժշտությունը, ուշու մարզաձևը, արևելյան փիլիսոփայությունը, ընտանեկան կյանքը, օղին. այդ ամենն արդեն ինձ չէին բավարարում:

Եվ երբ ես գտնվում էի խիստ ռեժիմով մի բանտում, որտեղ անցկացնում էի հերթական 4 ու կես տարին, առաջին անգամ ներկա գտնվեցի եկեղեցական ծառայության: Ո՞վ էի ես այդ ժամանակ. հարբեցող, թմրամոլ, խաբեբա, ամեն բան և բոլորին ատող, սակայն այդ մասին թաքցնող մեկը: Այդ ծառայության ժամանակ Սուրբ Հոգին շատ ուժգին հպվեց իմ հոգուն, սակայն ես չէի ուզում հավատալ ու ընդունել այն, ինչ ասում էին քրիստոնյաները: Մեկ շաբաթ անց նորից հայտնվեցի այդտեղ: Եվ նորից Աստված ինչ-որ բան արեց իմ սրտի մեջ: Այդ մեկ շաբաթում ես հասցրեցի կարդալ ամբողջ Ավետարանը ու տեսա, որ սկսել եմ ինչ-որ բան հասկանալ այդ Գրքում: Իսկ մինչ այդ փորձել էի կարդալ Ավետարանը, բայց ոչինչ չէի հասկացել:

Արդեն երրորդ ծառայությանն էի գնում ու ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ ես գնում այնտեղ: Այդ օրը Աստված հայտնեց ինձ, որ Ավետարանը ճշմարտությունն է, այն ճշմարտությունը, որը ես փնտրել էի 12 տարի շարունակ: Եվ ես ընտրության առջև էի կանգնած. հետևել Հիսուսի՞ն, թե՞ մեղքի կյանքով շարունակել ապրել: Ես ընտրեցի Հիսուսին:

Կես տարի անց ինձ ժամկետից շուտ ազատեցին, և բանտից դուրս գալուս հենց առաջին օրը գնացի եկեղեցի Կիևում: Եղբայրները, ովքեր բանտ էին գալիս մեզ քարոզելու, դիմավորեցին ինձ: Օգնեցին հագուստի, բնակության, սնունդի հարցերով: Այդ եկեղեցում ես ջրով մկրտվեցի՝ խոստանալով Աստծուն ծառայել Իրեն մաքուր խղճով:

4 ամիս անց ինձ ձերբակալեցին կռվի մեջ ընկնելու համար, որը տեղի էր ունեցել իմ հավատքի գալուց դեռ 4 տարի առաջ: Նորից ինձ կես տարով նստեցրեցին բանտ, սակայն այս անգամ այդ կես տարին ես այնտեղ անցկացրեցի՝ որպես քրիստոնյա: Աստված ամեն հարցում օգնում էր ինձ: Եկեղեցին նույնպես աղոթում ու օգնում էր: Եվ բանտում ես ավետարանում ու օգնում էի ճշմարտության գիտությանը գալ մյուս բանտարկյալներին:

Ազատվելուց հետո ինձ առաջարկեցին վերականգնողական կենտրոն գնալ, որը եղբայրները բացել էին մի գյուղում: Ես համաձայնվեցի: Այդ վերականգնողական փուլն անցնելուց հետո էլ առաջարկեցին մնալ ու ծառայել հենց այդ կենտրոնում: Դա ինձ համար մեծ պատիվ և ուրախություն էր: Մինչ այժմ էլ մեծ սիրով ու երախտագիտությամբ ծառայում եմ Աստծուն: Ունեմ շատ ընկերներ, մենք մեկ ամուր ու միաբան թիմ ենք Աստծո մեջ:

Ես շատ երջանիկ եմ Տիրոջ մեջ: Թող Նրա առատ օրհնությունը լինի ձեր բոլորի կյանքերում:

Եվգենի Շմել