Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ…

Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ...«Իսկ նրանք որ կամենում են հարստանալ փորձության և որոգայթի և շատ անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի և կորուստի մեջ» (Ա Տիմոթեոս 6.9)։

Ի՞նչն է տանում մարդկանց մահվան ու կորստի: Ի՞նչն է, որ պատճառ է դառնում տարբեր փորձությունների, վնասակար ու կործանարար ցանկությունների, ինչպես նաև մեր ոսոխ թշնամու լարած որոգայթների մեջ բռնվելու համար: Ի՞նչն է թվարկված այս բոլոր չարիքների պատճառը: Աստծո Խոսքն ունի հստակ, պարզ և ոչ երկիմաստ պատասխանը՝ հարստանալու ձգտումը:

Արծաթասիրությունն է բոլոր չարիքների արմատը: Հարստանալու ձգտումն է դավադրաբար բացում մեր ամրոցի դարպասները թշնամու դարանակալ զորքի առջև: Հարստանալու ձգտումը աշխարհի քարոզությունն է: Փողի և ազդեցության հասնելու փափագը մամոնայի պաշտամունքն է:

Մենք՝ հավատացյալներս, պետք է զգոն և աչալուրջ գտնվենք, որպեսզի կուլ չտանք աշխարհի քարոզության այս կործանարար խայծը: Երբեք և ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել: Հարստանալու ձգտումը մամոնայի գերության մեջ հայտնվելու ուղին է: Հարստանալու ձգտումը աշխարհի քարոզությունն է: Հարստանալու ձգտումը դավադրաբար բացում է մեր ամրոցի դարպասները թշնամու դարանակալ զորքի առջև:

Հարստանալու ձգտումը Աստծո Արքայության հանդեպ հավատացյալի դավաճանությունն է: Հեռու մնա՛նք աշխարհի քարոզությունից: Հեռու մնա՛նք մամոնայի պաշտամունքից: Բավարարվե՛նք մեր ունեցածով և վայելե՛նք մեր Տեր Աստծո ապահովությունը:

Տեր Հիսուսի անունով հարստանալու ցանկությունից ու արծաթասիրությունից ազատագրված էություն և ունեցածով բավարարվելու խոնարհություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան