Դուրս արի քո շրջանակներից

Չնայած հավատացյալների ու անհավատների դիրքորոշումների միջև եղած ողջ տարբերությանը, մենք բոլորս ունենք ընդհանրություններ. մենք չենք սիրում դուրս գալ սովորականի, մշտականի շրջանակներից:

Հավատացյալները չեն սիրում դուրս գալ Ավետարանի քարոզության մեթոդների շրջանակներից: Աթեիստները դուրս չեն գալիս իրենց անհավատության շրջանակներից: Իրենց մեղքի մեջ խորասուզվածները դուրս չեն գալիս մեղքի շրջանակներից և, չգիտես ինչու, դա ազատություն են կոչում: Կրոնավոր մարդիկ էլ ապրում են՝ կրոնի շրջանակներից դուրս չգալով:

Սակայն անգամ այս նյութական կյանքը մեզ ինչ-որ բան սովորեցնում է. գիտնականները, ծրագրավորողները, նկարիչները, գյուտարարները, լուրջ գործարարները. ոչ ոք երբեք ոչինչի չի հասնի, եթե դուրս չգա իր շրջանակներից: Անգամ տանը, ընտանիքում սա սկզբունք է: Գալիս է մի պահ, երբ ամուսինը պետք է կայացնի շրջադարձային (բայց ոչ՝ հիմար) որոշումներ, եթե ցանկանում է դուրս գալ կնոջ հետ «սառեցված» փոխհարաբերություններից:

Մովսեսը չէր ցանկանում դուրս գալ շրջանակներից և դառնալ Իսրայելի ժողովրդի առաջնորդը. «Ոհ, Տեր իմ, աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել» (Ելից 4.13): Տերը Ահարոնին որպես օգնական դնում է Մովսեսի կողքին, և Աստծո առաջնորդությամբ Մովսեսը դուրս է բերում ժողովրդին Եգիպտոսից՝ ստրկությունից, որի հետ մարդիկ արդեն հաշտվել էին:

Հովնանը նույնպես չէր ցանկանում դուրս գալ սովորական դարձածի շրջանակներից՝ գնալու թշնամի հեթանոսների մոտ և քարոզելու նրանց «վատ» լուրը. «Բայց Հովնան վեր կացավ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչի…» (Հովնան 1.3): Սակայն Տերը, որպես օգնություն, ուղարկում է նրան ավելի նեղ մի իրավիճակի մեջ, որպեսզի նա ավելի շուտ գա ապաշխարության:

Մարիամը՝ Ղազարոսի քույրը, դուրս է գալիս իր շրջանակներից, երբ կոտրում է թանկարժեք յուղի սրվակը, որը տարեկան աշխատավարձի գին ուներ՝ թափելով այն Հիսուսի ոտքերին և մազերով սրբելով Հիսուսի ոտքերը: Սովորականի սահմաններից նրան դուրս է բերում Հիսուսի հանդեպ խորը սերը, Ով ասում է. «Դա ինչ որ ուներ, արեց. առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար» (Մարկոս 14.8):

Մեզ համար ամենակարևոր «ելքը շրջանակներից» այն է, ինչ արել է Հիսուսը 2 000 տարի առաջ: Կոտրելու համար իմ և քո մեղքի «շրջանակները», Հիսուսը կամավոր կերպով դուրս եկավ Իր երկնային բնակարանների «շրջանակներից»՝ գալով մեզ հանդիպելու. «Որովհետև ես իջա երկնքիցը, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 6.38):

Օգնելով մարդկանց՝ դուրս գալու նյութականի շրջանակներից՝ Նա քայլեց ջրի վրայով, խոսքով սաստեց փոթորիկը, հավատքով բժշկեց, հարություն տվեց մեռածներին: Նա դուրս եկավ Երուսաղեմի սահմաններից՝ Մեծ թագավորի քաղաքից, և բարձրացավ Գողգոթան: Խաչի վրա շնչակտուր լինելով՝ Նա մեզ դուրս բերեց կեղտոտ ժամանակավոր աշխարհի շրջանակներից դեպի Իր ճշմարտությունը, Իր երկինքը, Իր հավիտենությունը:

Մենք ծույլ ենք, մենք չենք ցանկանում մտածել: Մեզ համար ավելի հեշտ է «տանը» մնալ, մնալ սովորական դարձած պատկերացումների շրջանակներում: Ավելի դժվար է դուրս գալ քո «շրջանակներից» և իսկապես հետևել Հիսուսին: Հիսուսին, Ով ազատ է, սահմանափակված չէ ոչնչով և իսկապես գիտի՝ ուր և ինչպես առաջնորդել:

Պատրա՞ստ ես քո շրջանակներից դուրս գալու:

Միխայիլ Վայշենգոլց