Աստված վայելում է Իր երեխաներին. Դեյվիդ Ուիլքերսոն

Ահա հզոր զենք բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Քրիստոսին. լացեք, լացեք ողջ սրտով, ինչպես Դավիթը (Սաղմոս 34): Գնացեք Տիրոջ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերի համար: Ասացեք Նրան, Նրան, որ բարի է և սիրում է ձեզ. «Տե՛ր, ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ և պատրաստ ես ներել: Ես ապաշխարում եմ Քո առջև հենց հիմա»:

Հենց այն պահին, երբ դուք խոստովանեք, դուք ընդունված կլինեք Աստծո կողմից: Մի մտածեք, թե դուք կարող եք վճարել ձեր մեղքի համար: Աստված սիրում է ձեզ այնքան ուժգին, որ տվել է Իր Որդուն: Նա վճարել է ամենը: Ձեր գթասիրտ, սիրող Պաշտպանը ուզում է օգնել և ազատել ձեզ. «Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին» (Ա Հովհաննես 2.1):

Զբոսնելով իմ փոքրիկ թոռնուհու հետ՝ ես, որպեսզի նա հանկարծ չընկնի, բռնել էի նրան հետևից, երբ նա քայլում էր բետոնե ցածր պատի վրայով: Բայց նա փորձում էր իմ ձեռքը հեռացնել իրենից: Վերջիվերջո, ես բաց թողեցի նրան: Նա ընկավ, թեկուզ չվնասվեց: Երբ նա ընկավ, ես, իհարկե, չթողեցի նրան: Ես չասացի. «Տե՛ս, թե ինչ արեցիր դու: Դու այլևս իմը չես»: Ոչ մի սիրող պապիկ կամ տատիկ չի վարվի այդպես:

Տերը ցույց տվեց ինձ այդ օրինակով. «Դե՛յվիդ, դու այնպիսի՜ սեր ես դրսևորում այդ երեխայի հանեպ, բայց երբեմն թույլ չես տալիս, որ Ես էլ քեզ սիրեմ այդպես: Հպարտանալով քո երեխաներով՝ դու երբեմն թույլ չես տալիս Ինձ էլ հպարտանալ քեզնով»:

Ես լսեցի, թե ինչպես Տերն ասաց ինձ քնքշորեն. «Որդի՛ս, դու օրհնում ես Ինձ: Դու օրհնում ես Իմ սիրտը»: Իմ ամբողջ կյանքում ոչ ոք ինձ չէր ասել ավելի լավ մի բան: Եվ ես գիտեմ, որ դա ճշմարտության խոսք էր: Աստված վայելում է Իր երեխաներին:

«Տերը հավանում է իրենից վախեցողներին, որ իր ողորմությանն են հուսացած» (Սաղմոս 147.11):