Երբ հայտնվում ես վիրավորվածության թակարդում

Երբ հայտնվում ես վիրավորանքի թակարդումՎիրավորանքը սարսափելի բան է: Այն շատ բան կարող է անել: Գոյություն ունի՞ մի բան, որ զորավոր լինի նրանից:

Քանի դեռ վիրավորանքն ամբողջանում է զգացմուքներով և գոռացող մտքերով, այն հնարավոր է հաղթել: Այն դեռևս թույլ է:

Սակայն ոչ երանի, երբ մարդն ընկնում է այդ թակարդի մեջ…

Երբ այն լցնում է մարդու սիրտը, այդժամ դժվար է դառնում ցասումը զսպելը: Շուրթերն իրենք են սկսում խոսել, իսկ ձեռքերը հատուցման իրականացմանն են ձգտում:
Վիրավորանքը փափագում է վրեժի: Կայենը սպանեց Աբելին: Հնարավոր է՝ նրա ներսում ցավ կար, որ իր եղբոր զոհը ընդունվեց, իսկ իրենը՝ ոչ: Սավուղն ուզում էր սպանել Դավթին: Նախանձը շարժվում էր նրա սրտում, երբ տեսնում էր, թե ժողովուրդը ինչպես էր պատվում հերոսին: Հերովդես թագավորի կինն ատում էր Հովհաննես մարգարեին, որովհետև ճշմարտությունը ծակում էր նրա աչքերը:

Վիրավորանքը չի տեսնում սեփական սխալներն ու մեղքերը: Նրա մոտ միշտ ուրիշներն են մեղավոր: Եվ նույնիսկ երբ սխալն ինքն է, կարևոր չէ պատճառը. մենք վիրավորվում ենք, որ մեզ չեն հասկանում, որ մեզ հանդիմանում են, որ աչքերը չեն փակում մեր թերությունների վրա:

Վրեժը նրա մոտ «արդարությունն» է, իսկ զրպարտությունն ու սուտը՝ «ադեկվատ միջոցներ»: Այժմ աշխարհը բաժանվում է «իրենների» և «թշնամիների»: Ինչպես նաև նրանց, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել:

«Թշնամու» ընկերները դառնում են սեփական թշնամիներ, իսկ նրանց հակառակորդները՝ մեր լավագույն ընկերները:

Մարդկանց աջակցությունը ավելի կարևոր է քան Աստծունը, իսկ հասարակական կարծիքը կարևոր է ճշմարտությունից:

Վիրավորանքը «մաքրասեր չէ»: Եթե պետք է մի փոքր ձևափոխել փաստերը, որպեսզի հավատան, որ նա իրոք ճակատագրի զոհ է, ապա այն միշտ պատրաստ է այդ հնարավորությունից օգտվելու՝ իր կամ ուրիշի անվան տակ:

Վիրավորանքը կարող է ժպտալ, երբ լի է չարությամբ, կեղծ լացել՝ խղճահարություն առաջացնելու համար, մինչդեռ սիրտը խստացած է նրա մոտ: Նրա համար հաղթանակն է կարևոր, ընդ որում՝ ցանկացած գնով:

Վիրավորանքը պատրաստ է ստորության, և իրեն պետք չէ ոչինչ դրա դիմաց, նույնիսկ այն երեսուն արծաթը: Նա բավարարվում է ստացված արդյունքով: Եթե մեկը ասի իրեն, որ պետք չէ այդպես վարվել, նա կզարմանա: Չէ՞ որ ինքը մեղավոր չէ, որովհետև ստիպված է այդպես գործել: Վիրավորանքի մոտ մեղավոր է միայն նա, ումից ինքը վիրավորված է: Ահա թե ինչու է ինքը ցանկացած դեպքում ճիշտ:

Վիրավորանքը իր արմատները դեպի խորքն է գցում՝ ներքև: Սկզբում այն մեր զգացմունքներն է գրավում, հետո մտքերը, սիրտը, հետո խիղճը: Այն փոխում է մարդու բնավորությունը, նրա հայացքները, հարաբերությունները, նախընտրությունները, պատկերացումը ապագայի մասին, նույնիսկ հիշողությունը:

Եվ շուտով վիրավորանքն այնքան խորն է արմատ գցում, որ ոչինչ այլևս նշանակություն չի ունենում: Մնում են միայն անարդար ճակատագրի դիրքն ու վերաբերմունքը: Եվ շատ հազվադեպ են մարդիկ ունակ լինում տեսնելու, որ իրենք իրականում հենց այդ վիրավորանքի և սխալ որոշումների զոհն են:

Այո՛, վիրավորանքը՝ սարսափելի բան է: Այն շատ բաների է ունակ:

Նրանից զորավոր են միայն ապաշխարությունն ու ներումը, սրբությունը և սերը:

Իհարկե՛, այս ամենը հասկանալով, պետք է ուշադիր լինենք, որ մեր արարքներով ու խոսքերով չվիրավորենք մյուսներին և գցենք նմանատիպ փորձության մեջ:

Դենիս Պոդորոժնի