Խաղաղություն. մտերմության պարգևը. Ջոն Բիվեր

Ըստ Աստվածաշնչի՝ խաղաղությունը Հոգու ներկայության և համաձայնության նշանն է: Այն զարմանալի օրհնություն է, որը բազմաթիվ գործնական կիրառություններ ունի առօրյա կյանքում:

Արդյոք երբևէ ցանկացե՞լ եք որևէ քայլի դիմել, որը ճիշտ և տրամաբանական է թվացել, բայց ամեն անգամ, երբ մտածել եք այդ մասին, տհաճ կամ անհանգիստ զգացում եք ունեցել: Միգուցե հարցրել եք ինքներդ ձեզ. «Ո՞րն է պատճառը: Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում: Այս որոշումն այնքան ճիշտ է թվում»:

Եթե այդ ժամանակ հաղորդություն եք ունեցել Սուրբ Հոգու հետ, Նա այդ տհաճ զգացողության միջոցով ասել է ձեզ. «Մի՛ վարվիր այդպես»: Ես բազում անգամներ վերապրել եմ սա: Երբեմն Հոգու առաջնորդությանը հետևելու իմ որոշումն անիմաստ էր թվում, քանի դեռ տարիներ անց ամեն ինչ չէր պարզաբանվում: Ես սովորեցի վստահել Նրան նման դեպքերում:

Հիշեք՝ Նրա իմաստությունը չի սահմանափակվում ժամանակով կամ տարածությամբ, ինչը նշանակում է, որ առաջնորդելով ձեզ այսօր՝ Նա մշտապես մտածում է ձեր ապագայի մասին:

Այլ դեպքերում ես մեծ խաղաղություն եմ զգացել այնպիսի որոշման վերաբերյալ, որը կայացնելը մեծ ռիսկ էր թվում. նման պահերին իմ սրտում իշխում էր Քրիստոսի խաղաղությունը:

«Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.7):

Մենք Քրիստոս Հիսուսի մեջ ենք, նշանակում է՝ կարող ենք ունենալ խաղաղությունը, որն այնքան հազվագյուտ է մեր օրերում: Հիսուսը Խաղաղության Իշխանն է և խաղաղություն է խոստացել նրանց, ովքեր Իր մեջ են: Երբ հրավիրենք Սուրբ Հոգուն՝ մեզ հետ որոշումներ կայացնելու, Նա մշտապես վկայություն կտա Հիսուս Քրիստոսի խաղաղության միջոցով: