Մեր ասած խոսքերի զորությունը. Առակաց 18.21

Ախ, այս բառերը, որ ունակ են խոցելու մինչև հոգու խորքը: Բայցևայնպես, կան նաև խոսքեր, որոնք կարող են մեր ցավը հանդարտեցնել:

Ուզում եմ մի դեպք պատմել. անցյալ շաբաթ ես գնացել էի իմ բժշկի գրասենյակ՝ գրանցման համար. «Ահա և ձեր ուղեգիրը՝ արյան անալիզի համար»,- ասաց այդտեղ աշխատող քարտուղարուհին: Չնայած նրա ասած խոսքերը պարզ ու սովորական էին, բայց նա այնպիսի սիրով ու հիացմունքով ասաց դրանք, որ ակամայից ես ժպտացի.

«Շնորհակալություն,- ասացի, հետո թեքվեցի դեպի նա և ավելացրեցի,- ձեզ հետ շատ հաճելի էր խոսել»:

Նրա արձագանքը ինձ զարմացրեց. «Դրանք վերջերս ինձ ասված ամենահաճելի խոսքերն էին»:

Իրականում իմ ասածը մի սովորական հաճոյախոսություն էր, բայց դա դիպչել էր նրա սրտին: Մի՞թե մեր խոսքերը այդքան զորություն ունեն:

Կարծում եմ՝ այո՛:

Մեր արտաբերած խոսքերը նման են ձկնորսական կարթի: Գցեք դրանք և անպայման ինչ-որ բան «կբռնեք»:

Եվ այդ ինչ-որ բանը կախված է ձեզնից: Հոգատարությամբ լի խոսքերը բերում են հաճելի արդյունքների: Եվ ընդհակառակը, կոպիտ խոսքերը խոցում են սիրտը:

Մարդիկ ոգեշնչման խիստ կարիք ունեն: Նրանք ուզում են իրենց նշանակալի, արժեքավոր և ընդունված զգալ: Մեր խոսքերը կարող են բավարարել այդ պահանջը: Եվ դա հեշտ է: Դրական և բարի խոսքերը միշտ հասանելի են: Եվ դրանք այն սիրո դրսևորումը կարող են լինել, որն Աստված պատվիրել է մեզ կիսվելու ուրիշների հետ… անգամ անծանոթների:  

Ես որոշեցի այս սկզբունքը կիրառել, երբ հեռախոսով խոսում էի վաճառողների հետ, ովքեր փորձում էին ինձ ինչ-որ ապրանք առաջարկել: Երբ ինձ զանգում էին, ես շատ մեծ զգուշությամբ էի ընտրում բառերս:

Մեկ անգամ ասացի. «Դուք նշեցիք, որ ձեր անունը Մերի է: Գիտեք, Մե՛րի, ձեր ձայնից երևում է, որ դուք լավ մարդ եք: Ցավում եմ, որ չեմ կարող գնել այն, ինչ դուք առաջարկում եք: Բայց ես կաղոթեմ Աստծուն, որ Նա բերի հաջողություն ձեր կյանքում, լա՞վ»:

Սովորաբար, ի պատասխան՝ լռություն էր հնչում, բայց այդ անգամ այն կողմում խոսող կնոջ ձայնը դողում էր, և քիչ անց ես լսեցի. «Շնորհակալ եմ: Ինձ այսօր պետք էր լսել դա»:

Իրականում մենք բոլորս զորություն ունենք: Այդ ձայները, որոնք դուրս են գալիս մեր շուրթերից և բառեր են կոչվում, նշանակություն ունեն: Դրանք կարող են փոխել վերաբերմունք, վերափոխել բացասականը դրականի և բերել ուրախություն այս տխրությամբ լի կյանքի մեջ:

Զարմանալի չէ, որ Աստված ասել է.

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը» (Առակաց 18.21):

Եվ երբ մենք հռչակում ենք կյանք այլ մարդկանց կյանքերի մեջ, այն վերադառնում է մեզ նույնպես՝ որպես դրական, հաճելի և ուրախ զգացմունքներ, որոնք մեր հոգին երջանիկ են դարձնում:

Վայելեք այդ զգացումը՝ մտածելով այն մասին, որ.

  • Խոսքերը անվճար են:
  • Դրանք շատ ջանքեր չեն պահանջում:
  • Դրանք միշտ հասանելի են:
  • Դրանք կարելի է սիրով ընտրել:
  • Դրանք կարող են կյանքը շուռ տալ:
  • Դրանք կարող են հանգստացնել բարկությունը:

Թող ձեր խոսքերը ինչ-որ մեկի գորշ կյանքում լինեն ինչպես նոր ծագող արև:

Եկեք աղոթենք.

«Հա՛յր, գոհանում եմ Քեզանից խոսքի զորության համար: Թույլ տուր ինձ օգտագործել այդ զորությունը՝ ինչ-որ բան փոխելու, բերելու լույս մարդկանց խավարի մեջ, օգնիր ինձ՝ ասելու բարձրացնող խոսքեր և չասելու այնպիսի խոսքեր, որոնք կարող են կործանում բերել: Հիսուսի անունով, ամեն»:

Ժանեթ Պերեզ Էքլս