Հռոմի Կոլիզեյը կլուսավորեն կարմիր լույսերով՝ ի հիշատակ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքների

Փետրվարի 24-ի երեկոյան Կոլիզեյի պատերը կլուսավորեն կարմիր լուսարձակներով: Ըստ ակցիայի կազմակերպիչների, ովքեր միջազգային բարեգործական «Օգնություն կարիքի մեջ գտնվող եկեղեցուն» կազմակերպությունից են, կարմիր լույսը կոչված է՝ խորհրդանշելու քրիստոնյաների արյունը, ովքեր տուժել են Մերձավոր Արևելքի երկրներում մահմեդական զինյալների ձեռքից. տեղեկացնում է Catholic News Agency-ն:

Նույն օրը նմանատիպ ակցիաներ կանցկացվեն Սիրիայում և Իրաքում. Հալեպում կլուսավորվի Սուրբ Եղիայի մարոնիական տաճարը, իսկ Մոսուլում՝ Սուրբ Պողոսի կաթոլիկ եկեղեցին, որտեղ 2017թ-ի դեկտեմբերի 24-ին անցկացվեց առաջին ժամերգությունը՝ ԴԱԻՇ-ի զինյալներից քաղաքի ազատագրումից հետո:

Նման ակցիաներն առաջին անգամ չէ, որ անցկացվում են: Նախորդ տարվա նոյեմբերին նման ակցիա անցկացվել է Մեծ Բրիտանիայում՝ Մերձավոր Արևելքի հետապնդվող քրիստոնյաներին աջակցություն ցուցաբերելու արշավի ընթացքում:

2017թ-ի հոկտեմբերի 12-ին «Օգնություն կարիքի մեջ եղող եկեղեցուն» կազմակերպությունը զեկույց է հրապարակել քրիստոնեության նկատմամբ մերօրյա հալածանքների մասին, որում տեղ գտած բազում վկայություններից կարելի է եզրակացնել. այսօր քրիստոնյաները «ամենաճնշված կրոնական համայնքն են աշխարհում», իսկ քրիստոնյաների հետապնդումները աշխարհի ամենախնդրահարույց տարածաշրջաններում հասել են «նոր գագաթնակետի»: