«Անխորտակելի կինը», ով եղել է կործանված երեք նավերի վրա

Այս կինը վերապրել է երեք նավաբեկություն, այդ թվում՝ մարդկության պատմության խոշորագույն նավաբեկություններից մեկը՝ «Տիտանիկի» նավաբեկությունը:

Գուցե այս կնոջ անունը չմնար պատմության հիշողության մեջ, եթե չլիներ նրա կարողությունը՝ դուրս գալու ամենասարսափելի աղետներից: Դժբախտությունները հետապնդում էին նրան մանկուց, բայց հրաշքով նրան հաջողվում է դուրս գալ անգամ ամենաբարդ իրավիճակներից:

Վայոլեթ Կոնստանս Ջեսոպին բաժին է ընկել աշխատելու երեք ամենահայտնի օվկիանոսային նավերի վրա՝ «Օլիմպիկի», «Տիտանիկի» և «Բրիտանիկի»: Այս երեք խոշորագույն նավերն էլ կործանվել են, սակայն Վայոլեթը կենդանի է մնացել:

Նրա կյանքի փորձությունները սկսվել են դեռ մանկուց, երբ նա հիվանդանում է թոքախտով, որով այդ տարիներին մեծ թվով մարդիկ էին հիվանդանում ու մահանում: Բայց աղջիկը ոչ միայն կենդանի է մնում, այլև լիովին ապաքինվում է սարսափելի հիվանդությունից: Դպրոցը նա չի կարողանում ավարտել, քանի որ հոր մահվան ու մոր հիվանդության պատճառով ստիպված է լինում աշխատանք փնտրել:

Ընտրում է նույն մասնագիտությունը, ինչ իր մայրը. աշխատանքի է ընդունվում «White Star Line» ընկերության նավերում՝ որպես ուղեկցորդուհի. այս նավերը անդրատլանտյան երթեր էին կատարում:

1910թ-ին 23-ամյա Վայոլեթը հայտնվում է «Oլիմպիկ» խոշոր շոգենավի վրա, որը առաջինն էր «White Star Line» ընկերության նման դասի նավերից:

Մեկ տարի անց հսկայական նավը անհաջող խուսավարում կատարելու արդյունքում բախվում է «Հոուկ» վերջրյա մարտական նավին: Սակայն ի ուրախություն բոլորի՝ բախման արդյունքում մարդկային զոհեր չեն լինում, բայց շոգենավին լուրջ վնասներ է հասցվում:

Վայոլեթը շարունակում է աշխատել «Oլիմպիկի» վրա, երբ այն վերանորոգում են, բայց շուտով կառուցում են նոր շոգենավ և վերջինիս առաջարկում տեղափոխվել այնտեղ աշխատելու: Այդպես Վայոլեթը մեկնում է առաջին և վերջին ուղևորության «Տիտանիկի» վրա: 1912թ-ի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը աշխարհի խոշորագույն նավերից մեկը բախվում է սառցաբեկորի:

Աղետի հետևանքների մասին շուտով իմանում է ողջ աշխարհը՝ նավի վրա գտնվող 2224 մարդկանցից հաջողվում է փրկել 711-ին: Նրանց թվում էր Վայոլեթը, որը փրկվում է 16-րդ նավակով:

Երբ աղջիկը Տիտանիկից իջնելով պատրաստվում է նավակն անցնել, մի տղամարդ խնդրում է նրան հոգ տանել իր երեխայի մասին: Երեխան ձեռքին երկու ժամ անց աղջիկը բարձրանում է «Կարպատիայի» կառամատույց:

Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Վայոլեթը աշխատում է որպես բուժքույր բրիտանական «Կարմիր խաչում»:

Այս գործը կատարելիս էլ նա միանում է «Բրիտանիկ» նավի հոսպիտալական անձնակազմին, որը վերջին մեծագույնն էր երեք օվկիանոսային շոգենավերից:

1916թ-ի նոյեմբերին նավը վնասվում է ականի պայթյունից: Տարհանման ժամանակ կործանվող նավի երկու դեռ աշխատող պտուտակները սկսում են քաշել երկու փրկարար նավակների, որոնցից մեկում էլ գտնվում էր Վայոլեթը, ով այս անգամ էլ հրաշքով փրկվում է:

Վայոլեթը ապրում է երկար կյանք և մահանում սրտի անբավարարվածությունից 83 տարեկանում:

42 տարի նա աշխատում է ուղևորատար նավերում, կատարում 2 շուրջերկրյա ճանապարհորդություն և վերապրում երեք նավաբեկություն:

Աղբյուր՝ gcshelp.org