Հաղթանակի բանալի՝ Եղիսե մարգարեից

Եղիսեն արդեն մահվան շեմին էր, իսկ նրա հետ մահամերձ վիճակում էր նաև Իսրայելի ողջ թագավորությունը:

Չէ՞ որ նա ոչ միայն փոխանցում էր Աստծո Խոսքը, այլև Աստծուց ողորմություն խնդրում ժողովրդի համար: Ո՞վ էր հիմա լինելու բարեխոս և միջնորդ:

Այդ պատճառով Հովաս թագավորն ասում է նույն խոսքերը, որոնցով Եղիսեն արտասվում էր Եղիայի համար. «Հայր իմ, հայր իմ, Իսրայելի կառքը և նրա ձիավորները» (Դ Թագավորաց 13.14):

Այդ արցունքները հուզում են Եղիսեին: Նա ցանկանում է Իսրայելին ևս մեկ հնարավորություն տալ: Եվ այդ հնարավորությունը կախված էր թագավորի հնազանդությունից Աստծո կամքին:

Մարգարեն պատվիրում է նրան աղեղից նետեր արձակել, և թագավորը խոնարհաբար կատարում է պատվերը: Շնորհիվ նրա հնազանդության՝ այդ նետը պիտի դառնար սիրիացիներից (ասորիներից) «ազատվելու նետը»՝ նրանց վրա հաղթանակի դրոշմը:

Բայց ահա ևս մեկ պատվեր, պակաս հասկանալի. «Վերցրու նետերը և հարվածիր գետնին»: Թագավորը կրկին լսում է պատվերը, խփում է, բայց երրորդ անգամից կանգ է առնում:

Կար հնազանդություն, բայց ոչ մինչև վերջ: Կլինի հաղթանակ, բայց ոչ լիակատար:

Մամամերձ Եղիսեն, ով մի քանի րոպե առաջ ցավում էր թագավորի համար և արտասվում նրա հետ միասին, սաստիկ զայրանում է.

«Հինգ կամ վեց անգամ պետք էր զարկել, այն ժամանակ կզարկեիր ասորիներին, մինչև որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու» (Դ Թագավորաց 13.19):

Չի կարելի կանգ առնել կես ճանապարհին: Պետք էր հարվածել՝ մինչև մարգարեն չկանգնեցներ:

Մի՞թե մենք նման չենք Հովասին: Մենք հավատում ենք Աստծուն և հնազանդվում Նրա Խոսքին, բայց հաճախ ոչ մինչև վերջ: Մենք ճանապարհ ենք դուրս գալիս և շուտով կանգ առնում: Մենք ապաշխարում ենք և արդեն շուտով նորից մեղք գործում: Մենք քայլում ենք երերալով: Մենք խոստանում ենք՝ առանց կատարյալ վստահության: Մենք պայքարում ենք՝ առանց վճռականության: Մենք աշխատանք ենք թափում՝ առանց արդյունքի:

Եղիսեն բացում է մեզ մի պարզ ճշմարտություն. հաղթանակը կախված է Աստծո Խոսքի հանդեպ լիակատար հնազանդությունից:

Եթե այն ասում է «վազիր», ուրեմն վազիր՝ առանց հետ նայելու:

Եթե Նա ասում է «զարկիր», ուրեմն զարկիր՝ առանց կանգ առնելու:

Եթե Նա ինչ-որ բան ցույց է տալիս, պետք է կատարել առանց կասկածների ու քննարկումների՝ չշեղվելով Ֆեյսբուքի կամ բամբասանքների վրա, թույլ չտալով ամեն տեսակ շեղող գործեր:

Կանգ չառնելով՝ ամեն անգամ մենք հեռանում ենք անդունդից և մոտենում ենք հաղթանակին:

Միխայիլ Չերենկով